ՀՅԴ Երիտասարդականի մասնակցութիւնը Միջազգային Ֆալկոն Շարժում կազմակերպութեան 26-րդ Համաշխարհային համագումարին

երիտՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը տեղեկացնում է, որ թուականիս յունիսի 6-9-ին, Մեծն Բրիտանիային Մանչեստեր քաղաքում տեղի ունեցաւ Միջազգային Ֆալկոն Շարժում-Դաստիարակչական Ընկերվարական Միջազգայնական կազմակերպութեան 26-րդ Համաշխարհային համագումարը։

Միջազգային Ֆալկոն Շարժմանն անդամակցում են աւելի քան 60 կազմակերպութիւններ Հարաւային Ամերիկայի, Եւրոպայի, Ասիայի և Աֆրիկայի ցամաքամասերից։ Կազմակերպութիւնը միջազգային կրթադաստիարակչական շարժում է, որն աշխատում է հզօարցնել երեխաներին և երիտասարդներին, որպէսզի աւելի գործուն դերակատարութիւն ունենան հասարակութան մէջ և պայքարեն իրենց իրաւունքների համար։ Սկզբունքներն են հաւասարութիւնը, խաղաղութիւնը, համերաշխութիւնը, ընկերվարութիւնը, ժողովրդավարութիւնն ու համագործակցութիւնը։

ՀՅԴ Երիտասարդականն անդամակցում է ՄՖՇ կազմակերպութեանը։ 26-րդ Համաշխարհային համագումարին ՀՅԴ Երիտասարդականը ներկայացրին Գէորգ Յակոբճեանն ու Յակոբ Գրիգորեանը (Մեծն Բրիտանիա)։

Եռօրեայ նիստերի ընթացքում տեղի ունեցան կանոնագրի վերամշակում, յառաջիկայ երեք տարիների աշխատանքային ուղեգծի ու անելիքների ճշտում, կազմակերպական հարցերի քննարկում և նախագահի, ընդհանուր քարտուղարի և տարածքային ներկայացուցիչների ընտրութիւններ։ erid2Յառաջիկայ երեք տարիների աշխատանքային ծրագրի հիմքը կազմեցին «համագործակցութիւն և միջազգայնացում», «հաւասարութիւն և ներգրաւուածութիւն», «խաղաղութիւն և առճակատում», «հաղորդակցութիւն և սեփականութիւն» հարցերը։

ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչները ժողովականներին ներկայացրին ՀՅԴ Երիտասարդականի կառոյցը, նպատակները, աշխատանքները, ինչպէս նաև ծանօթացրին Հայաստանի, Արցախի և Սփիւռքի ներկայիս իրավիճակի հետ։

Առաւելաբար ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչները աշխատանքային ծրագրերի քննարկումների ժամանակ վեր առին միջազգային կազմակերպութիւնների ունենալիք դերակատարութիւնն ու ներգործութեան անհրաժեշտութիւնը` Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման և հատուցման և Արցախի հիմնախնդրի արդար լուծման գործում։

ՀՅԴ Բիւրոյի
Երիտասարդական գրասենեակ
13.Յունիս.2013 թ.
Երևան

Տպել Տպել