Հայ Յեղափոխական Դաշնակցութեան յայտարարութիւնը


Քննարկելով Հայաստանում ստեղծուած իրավիճակը՝ Հ.Յ.Դաշնակցութիւնը արձանագրում է.

-Հանրապետութիւնում ներկայումս ստեղծուած իշխանութեան ակնյայտ ճգնաժամը ՀՀ նախագահի եւ իշխող կուսակցութեան՝ տարիներ շարունակ իրականացրած քաղաքականութեան ամբողջական ձախողման արդիւնքն է,

-Ղարաբաղեան հիմնահարցը ներքաղաքական պայքարում օգտագործելու, հայկական երկու պետութիւնների եւ հայ ժողովրդի տարբեր հատուածների շահերը միմեանց հակադրելու փորձերը խարխլում են մեր պետականութեան հիմքերը: Նման գործելաոճը պետական ու ազգային խնդիրները խմբային-հատուածական նկրտումների ծառայեցնելու նպատակ է հետապնդում,-Սոցիալ-տնտեսական նախորդ տարիների անհեռատես քաղաքականութեան հետեւանքով կազմալուծուել է երկրի արդիւնաբերական համակարգը, աննախադէպ չափերի են հասել գործազրկութիւնը եւ արտագաղթը, տարէցտարի վատթարանում են ազգի մրցունակութիւնը պայմանաւորող մտաւոր, կրթական, առողջական եւ մշակութային հնարաւորութիւնները, շուկայական բարեփոխումների անուան տակ հաստատւում է իշխանական կառոյցներին սերտաճած մի քանի խմբաւորումների գերիշխանութիւնը,

-Պետութիւնից եւ իշխանութիւնից ժողովրդի օտարումը, նրա ազատ կամքի ոտնահարումը Ազգային Ժողովի, Հ.Հ. նախագահի ընտրութիւններում եւ Սահմանադրութեան հանրաքուէի ժամանակ, ընդդիմութեան նկատմամբ անօրինական ճնշումները Հայաստանի Հանրապետութիւնը շեղել են ժողովրդավարութեան եւ առաջդիմութեան ուղուց,

-Արցախեան ազատամարտի առաջին օրից Հ.Յ.Դաշնակցութիւնը շեշտել է հայ ժողովրդի հաւաքական կամքով հիմնախնդիրը լուծելու նախապայմանը: ՀՀ նախագահի որդեգրած դիրքորոշման հետեւանքով հիմնահարցի կարգաւորումը ներկայումս դժուարին փուլ է թեւակոխել, բայց վիճակը փակուղային չէ, եւ Հայաստան-ԼՂՀ- Սփիւռք համատեղ ջանքերով հնարաւոր է ազգային շահերցից բխող հանգուցալուծում ապահովել:

Ստեղծուած իրավիճակում Հ.Յ.Դաշնակցութիւնը գտնում է, որ հանրապետութեան հասարակական-քաղաքական բոլոր ուժերը պարտաւոր են վճռականութիւն հանդէս բերել եւ երկիրը վերադարձնել ժողովրդավարական զարգացման բնականոն հուն:

Ելնելով ստեղծուած քաղաքական կացութիւնից՝ Հ.Յ.Դաշնակցութիւնը յայտարարում է, որ հանրապետութեան նախագահը պարտաւոր է պատասխանատու ընտրութիւն կատարել եւ իր հրաժարականով աջակցել նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրութիւնների միջոցով երկրում օրէնքի, ժողովրդի իշխանութեան հաստատմանը:

Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ
Հ.Յ.Դ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ
29 Յունուարի 1998

Տպել Տպել