- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Հայաստանում շուրջ 600 սիրիահայեր «Օգնիր եղբորդ» հիմնադրամում գրանցվել են Դավթաշենում բնակարան ստանալու համար

HelpYourBrother [1]Հայաստանում բնակվող շուրջ 600 սիրիահայեր արդեն գրանցվել են «Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամի կողմից կառուցվելիք շենքում բնակարան ստանալու համար:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Վահան Վարդանյանը:

«Այդքան մարդ արդեն գրանցվել է, երբ «Օգնիր եղբորդ»-ը միայն քաղաքացիական նախաձեռնություն էր, իսկ որպես հիմնադրամ գրանցումները սկսվելու են երկուշաբթի օրվանից, որից հետո ավելի հստակ կլինի գրանցվածների թիվը»,- ասաց Վարդանյանը:Վահան [2]

Նա նաև նշեց, որ դեռ հստակ չէ, թե ինչ սկզբունքով են բնակարանները հատկացվելու: Այդ սկզբունքը որոշելու են հիմնադրամի հոգաբարձուները:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված սիրիահայ երեսունհինգ ընտանիքներին՝ Վարդանյանը շեշտեց, որ հունիսին պատրաստվում են դարձյալ այցելել Արցախ սնունդ և դեղորայք տանելու համար:

«Այնտեղ հաստատված ընտանիքները հիանալի վիճակում են: Մենք երեք անգամ գումար ենք փոխանցել, և վերանորոգվել են նրանց բնակարանները: Բացի բնակարանից նաև հողատարածքներ ունեն»,- ասաց Վարդանյանը: Նա վերահաստատեց, որ «Օգնիր եղբորդ» հիմնադրամը շարունակելու է աջակցել Հայաստանում և Արցախում հաստատված սիրիահայերին:

«Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամը Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում սիրիահայերի համար բնակելի շենք կկառուցի:

Հիմնադրամի ղեկավարությունը սիրիահայերի դիմումների համաձայն դիմել է կառավարությանը և ձեռք բերել նախնական պայմանավորվածություն` բազմաբնակարան շենքի կառուցման համար, որը կառավարության կողմից կճանաչվի բարեգործական ծրագիր: Միևնույն ժամանակ Երևանի քաղաքապետի հետ նախնական պայմանավորվածության համաձայն քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել բնակելի շենքի համար տրամադրել հողատարածք` Երևանի Դավթաշեն վարչական շրջանում: Աշխատանքները սկսված են և բոլոր բնակարան ցանկացող սիրիահայերը առաջիկա օրերին կարող են այցելել «Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամի գրասենյակ` գրանցվելու և հետագա աշխատանքների մասին տեղեկանալու համար:

armenpress.am