Գյուլենական շարժումն Ադրբեջանում. ներկա իրավիճակն ու միտումները

Լևոն-Հովսեփյան2013թ. հունվարի 21-ին Կազանում Ռուսաստանի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կողմից կազմակերպվել էր կլոր սեղան Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ երկրներում նուրջիզմի կամ գյուլենական շարժման տարածման ու ազդեցության վերաբերյալ: Գյուլենական շարժումը բավական ակտիվ է ինչպես Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու հանրապետություններում, այնպես էլ ՌԴ մի քանի սուբյեկտներում, հատկապես Թաթարստանում և Բաշկորտոստանում1: ՌԴ իրավապահ մարմինները բավական լուրջ հսկողության տակ են պահում այդ շարժման հաստատություններն ու կազմակերպությունները: Դեռևս 2002թ. ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտարարել էր, որ ՌԴ տարածքում դադարեցվել է թուրքական «նուրջու» կրոնական շարժման գործունեությունը: ԱԴԾ տնօրեն Ն.Պատրուշևը հայտարարել էր, որ այդ շարժման կողմից ստեղծված ֆոնդերն ու հաստատությունները զբաղվել են հետախուզական գործունեությամբ, իրականացրել պանիսլամական ու պանթյուրքական քարոզչություն: 2007թ. ապրիլին ՌԴ Գերագույն դատարանը արգելեց Ֆ.Գյուլենի ղեկավարությամբ գործող «Նուրջու» կրոնա-քաղաքական շարժման գործունեությունը ՌԴ տարածքում: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ ՌԴ-ում այն բավական լավ կազմակերպված ինստիտուցիոնալ ցանց է ունեցել, և դրանք գործել են «Սերհաթ», «Էֆլաք», «Թորոս», «Թոլերանս», «Ուֆուք» կոչված հիմնադրամների անվան տակ [1, էջ 29-30]:

2013թ. մարտի սկզբներին ՌԴ ԱԴԾ-ի կողմից Ս.Պետերբուրգում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվեցին ու ձերբակալվեցին «Նուրջու» կրոնական շարժման 10 անդամներ, որոնցից 4-ը՝ Ադրբեջանի քաղաքացիներ: Նրանցից առգրավվեց ՌԴ ողջ տարածքում արգելված կրոնական բովանդակությամբ գրականություն (թուրքերեն ու ռուսերեն լեզուներով): Ըստ ռուսական հատուկ ծառայությունների՝ «Նուրջու» կրոնական շարժման գործունեությունն առանձնանում է նրանով, որ սերտ կապերի մեջ է թուրքական հատուկ ծառայությունների հետ և գործում է հօգուտ թուրքական հետախուզության2:

Գյուլենական շարժումը հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է հատկապես ԱՊՀ տարածքի թյուրքալեզու երկրների վրա: Միայն Կենտրոնական Ասիայի երկրներում և Ադրբեջանում 1997-1998թթ. դրությամբ գյուլենական դպրոցների թիվը գերազանցում էր 8 տասնյակը [2, էջ 105-107]: Ժամանակի ընթացքում, սակայն, Կենտրոնական Ասիայում գործող դպրոցների թիվը զգալիորեն նվազեց: Նախ, Ուզբեկստանի իշխանությունները, անընդհատ վտանգ զգալով իսլամական հոսանքների ու շարժումների տարածումից, փակեցին գյուլենականների դպրոցները, իսկ Թուրքմենստանում դրանք վերջին տարիներին պետականացվեցին: Ադրբեջանում գյուլենականների հիմնած դպրոցները մինչև օրս շարունակում են գործել3:

Շարժման արտաքին ծավալումը խրախուսվել է Թուրքիայի Հանրապետության կողմից` նաև այն ժամանակ, երբ իշխանության ղեկին աշխարհիկ ուժերն են եղել: Եվ դա տեղավորվում էր Թուրքիայի արտաքին քաղաքական նպատակների մեջ: Տվյալ պարագայում գյուլենական շարժումը կարելի է դիտարկել բուն Թուրքիայի գաղափարական-մշակութային հեգեմոնիայի տեսանկյունից: Այն արտաքին քաղաքականության իրականացման կարևորագույն գործիքներից է համարվում, հատկապես թյուրքալեզու հանրույթների հետ հարաբերությունների հարցում: Շարժումն արտաքին քաղաքականության մեջ «փափուկ ուժի» (soft power) կիրառման կարևոր գործիքակազմից էր դիտարկվում:

Ադրբեջանի անկախացումից հետո գյուլենական շարժումը կամ, ինչպես ընդունված է՝ նուրջու ուսմունքն սկսեց ակտիվորեն ներթափանցել այդ երկիր և բավական արագ կարողացավ հիմնել իր բջիջները՝ տարբեր հաստատությունների անվան ներքո: Դա պայմանավորված էր նախ և առաջ երկրի նախկին նախագահ Հեյդար Ալիևի բարյացակամ վերաբերմունքով, քանի որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ղեկավար եղած ժամանակ գյուլենական շարժումը նրան բավական լուրջ օգնություն էր ցուցաբերում: Նորանկախ Ադրբեջանի իշխանությունների համար այդ շարժման գործունեությունը դիտարկվում էր որպես կարևոր գործոն Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման համար, հատկապես կրթական-մշակութային մոդելի համատեքստում [3]: Ներկայում էլ այդ շարժումն ամենաակտիվներից է Ադրբեջանում և շարունակական ազդեցության մեծացման միտումներ ունի: Գյուլենական շարժման գործունեությունն Ադրբեջանում, կարելի է ասել, քողարկված է և ուղղակի հակամարտության չի գնում շիական կրոնական համակարգի ու աշխարհիկ վարչակարգի հետ: Շարժման գործունեության հիմքում դրված է դանդաղ ու փափուկ գործունեության սկզբունքը, ինչն ավելի արդյունավետ է: Գյուլենական շարժման մեծ օրակարգը Ադրբեջանում պետական ու կրթական համակարգում տարածվելն է, ազդեցության ձեռքբերումը: Ներկայում Ադրբեջանում գործում են գյուլենական աղանդին պատկանող «Qafqaz» համալսարանը, ինչպես նաև 12 միջնակարգ դպրոցներ ու վարժարաններ Բաքվում, Սումգայիթում, Մինգեչաուրում, Ղուբայում, Նախիջևանում և այլ քաղաքներում, 11 բուհական նախապատրաստական դասընթացներ, որոնցում ուսանողների ընդհանուր թիվը կազմում է մոտ 5000 [4]: Գործում են «Xazar» ռադիո-հեռուստատեսությունը, «Samanyolu» հեռուստաալիքը, «Burc» ռադիոն, հրատարակվում են «Zaman» օրաթերթը, մի շարք թերթեր ու պարբերականներ: Ակտիվ են նաև հասարակական և գործարար ոլորտի ընկերություններն ու կազմակերպությունները: Ներկայում հստակ տվյալներ չկան Ադրբեջանում նուրջու հետևորդների թվաքանակի վերաբերյալ: Ադրբեջանական ԶԼՄ տեղեկությունների համաձայն՝ նրանց թվաքանակն անցնում է 40 հազարը: Ադրբեջանցի հետազոտող Ա.Յունուսովն իր աշխատության մեջ նշում է, որ դաշտային ուսումնասիրությունների համաձայն` նրանց թիվն Ադրբեջանում հազիվ թե գերազանցի 10 հազարը [5, с. 50]:

Ադրբեջանում գյուլենական շարժումը լայնորեն տարածվում է հատկապես քաղաքային բնակչության շրջանում` շնորհիվ իր լավ կազմակերպված կրթական, լրատվական ու գործարար կազմակերպությունների և դրանով իսկ իր հնարավորություններով տարբերվում է մյուս իսլամական ուղղություններից, որ փորձում են ազդեցություն ձեռք բերել այդ երկրում: Այն նաև, ի տարբերություն այլ իսլամական ուղղությունների, ուղղակիորեն կամ բացահայտ չի ներգրավվում Ադրբեջանում կրոնի տեղի ու դերի վերաբերյալ քաղաքական սուր քննարկումներին [3]: Գյուլենական շարժումը գրավիչ է հատկապես Ադրբեջանի երիտասարդության շրջանում` իր չափավոր իսլամական ու պանթյուրքական գաղափարներով` որպես այլընտրանք ու հակակշիռ Բաքվի աշխարհիկ ռեժիմին ու ծայրահեղ վահաբականությանը կամ էլ իրանական շիականությանը [3]:

Գյուլենական շարժումն Ադրբեջանում բավական ակտիվ է և լուծում է մի քանի խնդիր: Նախ, այդ շարժումն առավելապես աչքի է ընկնում, այսպես ասած, իսլամական ու թուրքական օրակարգով, այսինքն՝ նրա գործունեության մեջ շաղկապված են իսլամական ու թուրքական ազգայնականությունը կամ այլ կերպ՝ թուրք-իսլամական համադրությունը: Մյուս կողմից՝ Թուրքիան նաև խրախուսում է այդ շարժման ծավալումն Ադրբեջանում՝ որպես հակադրություն իսլամական մյուս ուղղություններին՝ վահաբականությանը, և որ ամենակարևորն է՝ այդ երկրի համար ավանդական համարվող շիականությանը, որը դիտարկվում է որպես իրանական ազդեցության լուրջ գործոն: Տվյալ պարագայում գյուլենական շարժումն ունի նաև հստակ քաղաքական շարժառիթներ:

Գյուլենականությունն Ադրբեջանում ունի մի կարևոր առանձնահատկություն. այն բավական զգուշավոր և հարաբերականորեն պասիվ է գործում զուտ կրոնական տեսանկյունից՝ խուսափելով բացահայտ առճակատման մեջ մտնել աշխարհիկ կարգերի ու շրջանակների հետ, քանի որ իշխանական վերնախավն իրեն նույնպես աշխարհիկ է համարում: Չնայած հենց ադրբեջանական մի շարք հրապարակումներ են եղել, որոնք փաստում են, որ դա միայն արտաքուստ է և այդ շարժման օրակարգն ավելի կրոնական է, քան թվում է առաջին հայացքից: Նույնիսկ որոշ ադրբեջանցի փորձագետներ նշում են, որ այդ շարժումն Ադրբեջանում ցանկանում է շիականությունը փոխարինել սուննիական ուղղությամբ, այն էլ՝ թուրքական: Չնայած ադրբեջանական իշխանությունների կողմից գյուլենականների դեմ գործադրվող ճնշումներին՝ Ադրբեջանում այն գնալով ավելի է ընդլայնում իր գործունեությունը կարևորագույն ոլորտներում: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ շարժման հետ ուղղակի կամ անուղղակի կապի մեջ են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, հայտնի լրագրողներ ու կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Ըստ որոշ տեղեկությունների՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռ.Մեհթիևի որդիները սովորում էին գյուլենական ուսումնական հաստատություններում: Ըստ Ադրբեջանական մշակույթի զարթոնքի և զարգացման հիմնադրամի տնօրեն Շամիլ Թաղիևի` գյուլենական շարժումը լայնորեն տարածվում է նաև Ռուսաստանի ադրբեջանցիների շրջանում: Մոսկվայում նուրջիզմի ակտիվ քարոզչությամբ է զբաղվում Ռուսաստանի ադրբեջանցիների համերաշխության կենտրոնի ղեկավար Նամիգ Շահփելենգովը, նուրջուների թիրախում են հիմնականում ռուսաստանյան հեղինակավոր բուհերում սովորող ադրբեջանցի ուսանողները: Նրանք իրենց հիմնական շեշտադրումները կատարում են ադրբեջանական այն շրջանակների վրա, որոնք պետական ու գործարար շրջանակներում հետագայում կարող են զբաղեցնել պատասխանատու պաշտոններ4:

Չնայած նախկինում գյուլենական շարժումն Ադրբեջանի իշխանությունների համար, որպես այդպիսին, սպառնալիք չի ներկայացրել երկրում իսլամական արժեհամակարգի տարածման ու աշխարհիկ կարգերի տեսանկյունից, ներկայում իրավիճակն այդ առումով որոշակիորեն փոխվում է: Հատկապես Իլհամ Ալիևի կառավարման տարիներին, երկրի քաղաքական կյանքում իսլամական գործոնի դերի մեծացմանը զուգահեռ, փոխվեց նաև իշխանությունների վերաբերմունքն այդ շարժման նկատմամբ, և սկսեցին հետապնդումներ ու ձերբակալություններ [4, с. 49]: Շարժման միջոցով ադրբեջանական հասարակության որոշ շրջանակներ ավելի են հակվում դեպի կրոնական պահպանողական արժեհամակարգը, և այս պարագայում ընդհանուր իսլամական արժեհամակարգի տարածման ու ազդեցության գործոնը կարող է պարարտ հող ստեղծել ավելի արմատական ուղղությունների գործունեության համար, ինչպիսին է, օրինակ, վահաբականությունը: Ադրբեջանի համար ընդհանրապես կրոնական օրակարգը ժամանակի հետ կարող է ավելի վտանգավոր դառնալ: Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է իսլամական մի քանի ուղղությունների միաժամանակյա տարածմանն ու հաստատմանն այդ երկրում: Արտաքին ուժերով պայմանավորված՝ իսլամական մի քանի ուղղություններ տարածում են գտնում Ադրբեջանում5: Մի կողմից՝ պետական շիական ուղղությունն է, որը հիմնական կրոնական ուսմունքն է, մյուս կողմից՝ հատկապես երկրի հյուսիսում ազդեցություն հավաքող սալաֆիականությունը և ծայրահեղական այլ ուղղություններ: Գյուլենական շարժումն իր հերթին տարածում է թուրքական հանաֆիական մազհաբի սուննիական ուղղությունը, որն ավելի չափավոր է և նպատակ ունի որոշակիորեն կանխել նաև ծայրահեղական ուղղությունների հետագա տարածումը: Նաև սրանով կարելի է բացատրել Ադրբեջանի իշխանությունների որոշակի հանդուրժողականությունն այդ շարժման հանդեպ, չնայած արդեն ցուցաբերում են զգուշավորություն և նաև ցուցադրական գործողություններ, ինչպես, օրինակ, վերջին մի քանի տարիներին իրականացված ձերբակալությունները: Ըստ ամերիկյան հեղինակավոր վերլուծական «Stratfor» կազմակերպության` հենց այդ երեք հիմնական իսլամական ուղղություններն ու շարժումն են, որ կարող են սպառնալիք ներկայացնել Ադրբեջանի համար6: Այդ երկրի կրոնական արդեն խորացող խայտաբղետությունը ժամանակի հետ կարող է դառնալ վտանգավոր և անկառավարելի: Դրանց հնարավոր առճակատումն, իր հերթին, կարող է վերածվել զինված պայքարի ու ահաբեկչության: Գյուլենական շարժման վերաբերյալ բավական կոշտ և բացասական վերաբերմունք են դրսևորում հատկապես վահաբականները: Նույնը կարելի է ասել նաև ադրբեջանական շիա հոգևորականության մասին: Այս առումով Ադրբեջանի ապագան բավական մշուշոտ է:

Ադրբեջանի իշխանությունների համար իսլամական գործոնը բավական վտանգավոր է, և նրանք ամեն ինչ անում են երկրում իսլամական ուղղությունների ազդեցությունը նվազեցնելու համար։ Չնայած, դրան հակառակ, հասարակական շերտերում կրոնի դերն աստիճանաբար մեծանում է, և դա մեծ հաշվով անկասելի է: Իսկ իշխանությունների գործողությունները տալիս են հակառակ արդյունքը: Այդ շարժումն Ադրբեջանում քաղաքական լուրջ գործոնի վերածվելու հնարավորություն ունի, և դա էլ անհանգստացնում է ալիևյան կլանին: Հավանական է, որ մյուս խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արդեն այդ շարժումն ավելի շատ քաղաքական կշիռ ձեռք կբերի, և այդ միտումը հետզհետե կխորանա7: Սա կարելի է բացատրել նաև Թուրքիայի ներկայիս իշխանական համակարգի ազդեցությամբ: Գյուլենական շարժման քաղաքական ռազմավարությունն ավելի պարզ է դառնում Գյուլենի 1999թ. հայտարարությունից, որտեղ ներկայացրեց Թուրքիայում իսլամականության իր տեսլականը` նշելով, որ շարժման անդամները պետք է աննկատ ներթափանցեն պետական համակարգ, ճյուղավորումներ տան, մինչև որ հասունանա իշխանության լծակները ձեռք բերելու հարմար պահը։ Ըստ Գյուլենի` վաղաժամ քայլեր անելը կարող է կործանարար լինել այնպես, ինչպես դա եղավ Ալժիրում, Սիրիայում և Եգիպտոսում [6]: Տվյալ պարագայում, Ադրբեջանում ևս գյուլենական շարժումը չի կարող լինել զուտ կրթամշակութային շարժում, այլ ուղղակի քաղաքական օրակարգը կախված է ժամանակի ու ռեսուրսների համատեղումից` Ադրբեջանում հասունացնելով դրա բազային հիմքերը:

Պետք է հաշվի առնել Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ա.Փաշազադեի բացասական վերաբերմունքը գյուլենականների նկատմամբ [7], և չի բացառվում, որ վերջին տարիներին ադրբեջանական իշխանությունների իրականացրած ձերբակալությունները, ինչպես նաև Բաքվում թուրքական մզկիթների փակումը հրահրված էին հենց նրա կողմից: Այս համատեքստում, չնայած նախկին տարիներին, Ալիևի վարչակազմը կարող է գնալ կտրուկ գործողությունների գյուլենական շարժման ազդցությունը կասցենելու ուղղությամբ, և դրա նախանշաններն առկա են: Մի կողմից՝ Ալիևի վարչակարգը ցանկանում է հաշվեհարդար տեսնել նաև գյուլենականների հետ, սակայն հասկանալով, որ դա ուղղակի կվտանգի Թուրքիայի հետ հարաբերությունները, դեռևս էական գործողություններ չի ձեռնարկում: Մյուս կողմից էլ՝ գյուլենական ուսմունքի ու ազդեցության տարածումը ժամանակի հետ դառնում է ավելի վտանգավոր նույն այդ վարչակարգի համար: Ամերիկյան Ջորջ Մեսոն համալսարանի պրոֆեսոր Պ.Մանդևիլը, օրինակ, նշելով, որ իսլամական ուղղությունները լուրջ վտանգ են ներկայացնում Ադրբեջանում, դրանց շարքին էր դասել նաև գլուլենական ուղղությունը՝ փաստելով, որ ադրբեջանական վերնախավը լրջորեն մտահոգված է դրանից8:

Որոշ մասնագետներ, սակայն, նշում են, որ գյուլենական շարժման կրոնական բաղադրիչի տարածման հնարավորությունները սահմանափակ են, և դա պայմանավորված է Ադրբեջանի հասարակության բազմատարրությամբ` աշխարհիկ շերտեր, շիականության հետևորդներ, ոչ թյուրքական փոքրամասնություններ և այլն [3]: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ զուտ կրոնական գաղափարախոսության տեսանկյունից շարժումը որոշակիորեն պասիվ է Ադրբեջանում, նշանակում է, որ նրա ռազմավարությունը քաղաքական նպատակների վրա է կառուցված: Դա կարող է լինել քաղաքաբնակների շրջանում նրա կրթական-քարոզչական հաստատությունների միջոցով ինտելեկտուալ սերուցք աճեցնելն ու քաղաքական-պետական համակարգում նրանց ներդրման միջոցով Ադրբեջանի կառավարող էլիտայի վրա լուրջ ազդեցության հասնելը: Մնացյալ դեպքերում, ըստ Ադրբեջանում գյուլենական շարժման գործունեության դիտարկման, անիմաստ ու անպտուղ են դառնում հսկայական ներդրումներն այդ երկրում գյուլենականների կողմից: Ուստի, Ադրբեջանում գյուլենական շարժման օրակարգը, կարելի է ասել, ավելի շատ քաղաքական է, քան կրոնական: Իսկ քաղաքական մակարդակում վերոնշյալ նպատակների իրագործման պարագայում կրոնական օրակարգն ավելի բացահայտ ու անկաշկանդ կարող է ի հայտ գալ:

Լևոն Հովսեփյան

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության

նստիտուտի գիտաշխատող

1 Саид Нурси и нурсизм в России и Татарстане: идеология, распространение, конфликтный потенциал, http://www.riss.ru/?activityId=152.

2 Взяли с прочитанным, http://www.rg.ru/2013/03/05/extreme.html.

3 Саид Нурси и Фетхуллах Гюлен в Центральной Азии: влияние на религию и образование после распада СССР,http://www.fergananews.com/articles/7598.

4 Саид Нурси и нурсизм в России и Татарстане: идеология, распространение, конфликтный потенциал, http://www.riss.ru/?activityId=152.

5 Arzu Geybullayeva, Is Azerbaijan becoming a hub of radical Islam?, http://www.esiweb.org/pdf/esi_turkey_tpq_id_110.pdf.

6 Islamism in Azerbaijan, http://www.euractiv.com/europes-east/islamism-azerbaijan-analysis-512554.

7 Səbinə Əliyeva, Azərbaycanda nurçuların “2015″ hədəfi bilindi, http://www.milliyyet.az/index.php?do=read_news&id=912.

8 Власти Азербайджана опасаются религиозных течений, http://www.radioazadlyg.org/content/article/2178213.html.

Աղբյուրներ և գրականություն

1. Լ.Հովսեփյան, Ռուսաստանի Դաշնությունում թուրքական հատուկ ծառայությունների գործունեության ու ակտիվության շուրջ, Դրօշակ, Նոյեմբեր N. 11, 2010:

2. Ա.Շաքարյան, Արարատից այն կողմ. ապակոդավորելով Թուրքիան, Եր., 2011:

3. F.Aliyev, The Gulen Movement in Azerbaijan, http://www.currenttrends.org/research/detail/the-gulen-movement-in-azerbaijan; Э.Мамедов, Азербайджан: оценивая отношение Баку к движению Гюлена, http://russian.eurasianet.org/node/59185.

4. Birol Topuz, The Gulen inspired Turkish schools in Baku, Azerbaijan, and mystery of their successes,http://www.internationalconference.com.my/proceeding/icm2011_proceeding/084_316_ICM2011_PG1182_1191_TURKISH_SCHOOLS.pdf.

5. А.Юнусов, Исламская палитра Азербайджана, Институт мира и демократии, Баку 2012.

6. Ա.Փաշայան, Արդարություն և զարգացում կուսակցության իսլամական հենարանը, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=513.

7. А.Пашаян, Исламские процессы в Азербайджане, http://www.noravank.am/rus/articles/detail.php?ELEMENT_ID=1986.

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 5, 2013

akunq.net

Տպել Տպել