- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Կենտրոնական կոմտէի հայտարարութիւնը

[1]
Հայաստանի Հանրապետութեան սահմանամերձ շրջաններում, Գետաշէն-Շահումեանում, Արցախում կատարուած վերջին իրադարձութիւնները վկայութիւնն են կենտրոնական իշխանութիւնների եւ Ադրբեջանի համաձայնեցուած հակահայկական քաղաքականութեան, որը իրագործուեց իր բնօրրանից հայ բնակչութեան բռնի տեղահանութիւններով, ինքնիշխան հանրապետութեան սահմանների հանդէպ ագրեսիայով, բազմաթիւ զոհերով, անմարդկային գործողութիւններով։ Այս ամէնի միջազգային իրաւունքի նորմերով ցեղասպանութիւն է հայ ժողովրդի նկատմամբ եւ ոճիր մարդկութեան դէմ։
Այսօր վտանգուած եւ վերջնական տեղահանութեան սպառնալիքի տակ է Արցախը եւ այս տագնապի, բազմապատիկ թշնամական ուժերի դիմաց հայ ժողովուրդն ու Հայաստանի Հանրապետութիւնը չափազանց դժուար լուծելի խնդիրների առաջ են կանգնած։

1988 թ. սկսուած ազգային ազատագրական շարժման նուաճումներ արձանագրող որոշումներն ու առաջաքայլերն այսօր սառեցւում են, օտար ու թշնամի քաղաքական ուժերը սաստկացնում են Արցախի եւ հայութեան հանդէպ գործադրուող ճնշումները, Հայաստանի Հանրապետութեան ներկայ իշխանութիւնների որդեգրած քաղաքականութիւնը սպասուած արդիւնքները չեն տալիս։

Այս իրավիճակում ելքի ուղիներ փնտրելը, Հայաստանի Հանրապետութեան քաղաքականութեան վերանայումն ու ճշգրտումը, հայ ժողովրդի բոլոր կարելիութիւնների համախմբմանն ուղղուած քայլերը հրամայական անհրաժեշտութիւն են։ Այլեւս յապաղել չի կարելի. Հ.Յ.Դ. Հայաստանի Կենտրոնական Կոմիտէն Հանրապետութեան Խորհրդարանին առաջարկում է հայ իրականութեան մէջ գործող բոլոր ուժերի մասնակցութեամբ այնպիսի մի քաղաքականութիւն մշակել, որը կը կասեցնի Արցախի շարունակուող տագնապը եւ այդ հիմնահարցի լուծման ելք կը գտնի։

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷ

19 Մայիսի 1991, Ք. Երեւան