ՀՀ–ում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար հարկավոր է հակակոռուպցիոն մարմին

«2001թ-ից սկսած Հայ Յեղափոխական Դաշնակցությունը երկրում կոռուպցիայի դեմ տարվող պայքարը համարում է անբավարար և գտնում, որ դրա հիմնական պատճառը համակարգային փոփոխությունների կամք դրսևորելու բացակայությունն է: Եվ որպես այդ կամքի արտահայտում առաջարկում ենք կոնկրետ գործողություններ»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

Ըստ այդմ, առաջին գործողությունը հակակոռուպցիոն առանձին օրենքի ընդունումն է, որն աշխարհի շատ երկրներում, ըստ պատգամավորի, ընդունված մոտեցում է. «Չնայած նրան, որ կան միջազգային մի շարք կոնվենցիաներ, որոնք միացել է նաև Հայաստանը, այնուամենայնիվ, առանձին օրենքի անհրաժեշտություն կա»,- նշեց նա:

Երկրորդ անհրաժեշտ քայլն այս ուղղությամբ, ըստ ՀՅԴ-ի, անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումն է, որը պետք է հիմնված լինի մի շարք չափանիշների վրա: Մասնավորապես, մարմնում պետք է բալանսավորված քաղաքական ներկայացվածություն լինի, այն չպետք է լինի բացարձակապես իշխանական կամ ընդդիմադիր, բայց նաև ընդդիմադիր քաղաքական ներկայացվածությունը պետք է ակտիվ դերակատարություն ունենա դրանում և ինքնուրույն որոշումներ ընդունելու երաշխավորություն պետք է ունենա:

Ասվածի ապացույց Ա.Մինասյանը օրինակ բերեց ԱԺ վերջին արտահերթ նստաշրջանը և Էթիկայի հանձնաժողովի շուրջ ձևավորված բուռն քննարկումները. «Սա ցույց տվեց, որ եթե ընդդիմությունը, այնուամենայնիվ, որոշակի գերակշռություն ու ազդեցություն է ունենում, ապա համակարգը, հանձնաժողովը սկսում է ավելի արդյունավետ աշխատել: Համանման մի մարմին ենք առաջարկում, որը պետք է, նախ, բավարար վարձատրություն ունենա, այն չպետք է լինի հերթական պետական մարմինը, որը շատ ցածր աշխատավարձերի պայմաններում պետք է փորձի պայքարել կոռուպցիայի դեմ: Բացի այս, մարմնին պետք է տրվեն լայն երաշխիքներ ու լիազորություններ»,- ներկայացրեց ՀՅԴ-ական գործիչը:

Նա նշեց, որ միայն այս դեպքում հնարավոր կլինի իսկապես համակարգային պայքար մղել կոռուպցիայի դեմ և հասնել տեսանելի փոփոխությունների, այլ ոչ թե անթիվ-անհամար ռազմավարություններ մշակել ու դոփել տեղում. «Պետք է տալ, պահանջել, իսկ չկատարելու դեպքում ամբողջական ծավալով պատասխանատվության ենթարկել»,-հավելեց Արծվիկ Մինասյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե որ ոլորտն է մեզանում ավելի կոռումպացված, պատգամավորն ասաց, թե այն տեսակետն ունի, որ ոլորտների բաժանումները արհեստական են. «Եթե մենք խոսում ենք համակարգային կոռուպցիայի մասին, ինչն ընդունում է նաև կառավարությունը, նշանակում է, որ փոփոխությունները պետք է պահանջել համակարգային. այնպես չի, որ մի ոլորտում կա կոռուպցիայի ընկալման բարձր համաթիվ, իսկ մյուսում ցածր է ընկալումը նշանակում է, որ այս ոլորտն ավելի կոռումպացված է: Այդ փորձը վատ փորձ է, որն Հայաստանն ունեցել է»,- նշեց նա ու ավելացրեց, որ պետք է ինքներս մեր սխալներից դասեր քաղենք և չթիրախավորենք, որովհետև եթե համակարգայինի մասին է խոսքը, ապա դա անհնար է:

Տպել Տպել