- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2017 թվականի երրորդ համարը

ԱԶԴ

[1]

Լույս է տեսել «Վէմ» հանդեսի [2] 2017 թվականի երրորդ համարը՝ մոտ 300 էջ ծավալով։

Հաշվի առնելով մեր տարածաշրջանում արձանագրված վերջին զարգացումները, իր Խմբագրականի եւ վերջերս Մոսկվայում լույս տեսած Աբդուլլահ Օջալանի երկերի 5 հատորյակի քննական վերլուծությանը նվիրված «Քրդերը և համաշխարհային պատմությունը» [3] ընդարձակ գրախոսության միջոցով, հանդեսն իրականացրել է քրդական հիմնահարցի եւ հայ-քրդական հարաբերությունների պատմության ու ներկա կացության ինքնուրույն ուսումնասիրությունը։

2017 թվականը հարուստ է կարեւոր հոբելյաններով, ուստի «Վէմ» ի հերթական համարում տեղ են գտել ուշագրավ հրապարակումներ՝ մեծ ծովանկարիչ Հովհ. Այվազովսկու ծննդյան 200-ամյակի [4] եւ 1937 թվականի քաղաքական բռնաճնշումների 80-ամյա տարելիցի հետ կապված։ Մասնավորապես՝ հիմնվելով պետանվտանգության մարմինների կողմից վերջերս կարճված գործերի քննության վրա՝ Արարատ Մ. Հակոբյանն իր «1937 թվականը Հայաստանում» [5] ծավալուն ուսումնասիրությամբ բազմաթիվ գիտական ճշգրտումներ է կատարել այդ զարհուրելի իրադարձությունների պատճառների, զոհերի թվաքանակի եւ իրական մեղավորների մասին։

Մեծ հետաքրքրությամբ են ընթերցվում Աղասի Պ. Ազիզեանի կողմից Հայաստանի Ազգային արխիվում հայտնաբերված փաստաթղթերը՝ Ջեմալ փաշայի սպանության [6] մինչ օրս անհայտ հանգամանքների վերաբերյալ։ Դեռեւս 1920-1930-ականներին խորհրդային չեկիստների կողմից իրականացված հարցաքննությունների նյութերով բացահայտվում ու վերջնականապես ապացուցվում է այն իրողությունը որ այդ գործողությունը կազմակերպվել էր ՀՅԴ Վրաստանի ԿԿ-ի կողմից։

Մինչ օրս հայ հետազոտողները բավարար ուշադրություն չեն դարձրել Ժնեւում գտնվող Ազգերի լիգայի արխիվում պահվող նյութերին։ Այստեղ հայտնաբերված մեծաքանակ փաստաթղթերի ու լուսանկարների հիման վրա Էդիտա Գ. Գզոյանը բացահայտել է 1920-ականներին Հալեպում Կարեն Յեպպեի [7] ու նրա համախոհների ջանքերով իրականացված հայանպաստ աշխատանքների նոր ծալքերը եւ կատարել հետաքրքրական հաշվարկներ ու վերլուծություններ։

«Վէմ»-ի 2017 թվականի երրորդ համարում տեղ են գտել նաև այլ հետաքրքրական հրապարակումներ։ Ներկայացնում ենք նրա Բովանդակությունն [8] ու Խմբագրականը [9]։