Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2017 թվականի երրորդ համարը

ԱԶԴ

Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2017 թվականի երրորդ համարը՝ մոտ 300 էջ ծավալով։

Հաշվի առնելով մեր տարածաշրջանում արձանագրված վերջին զարգացումները, իր Խմբագրականի եւ վերջերս Մոսկվայում լույս տեսած Աբդուլլահ Օջալանի երկերի 5 հատորյակի քննական վերլուծությանը նվիրված «Քրդերը և համաշխարհային պատմությունը» ընդարձակ գրախոսության միջոցով, հանդեսն իրականացրել է քրդական հիմնահարցի եւ հայ-քրդական հարաբերությունների պատմության ու ներկա կացության ինքնուրույն ուսումնասիրությունը։

2017 թվականը հարուստ է կարեւոր հոբելյաններով, ուստի «Վէմ» ի հերթական համարում տեղ են գտել ուշագրավ հրապարակումներ՝ մեծ ծովանկարիչ Հովհ. Այվազովսկու ծննդյան 200-ամյակի եւ 1937 թվականի քաղաքական բռնաճնշումների 80-ամյա տարելիցի հետ կապված։ Մասնավորապես՝ հիմնվելով պետանվտանգության մարմինների կողմից վերջերս կարճված գործերի քննության վրա՝ Արարատ Մ. Հակոբյանն իր «1937 թվականը Հայաստանում» ծավալուն ուսումնասիրությամբ բազմաթիվ գիտական ճշգրտումներ է կատարել այդ զարհուրելի իրադարձությունների պատճառների, զոհերի թվաքանակի եւ իրական մեղավորների մասին։

Մեծ հետաքրքրությամբ են ընթերցվում Աղասի Պ. Ազիզեանի կողմից Հայաստանի Ազգային արխիվում հայտնաբերված փաստաթղթերը՝ Ջեմալ փաշայի սպանության մինչ օրս անհայտ հանգամանքների վերաբերյալ։ Դեռեւս 1920-1930-ականներին խորհրդային չեկիստների կողմից իրականացված հարցաքննությունների նյութերով բացահայտվում ու վերջնականապես ապացուցվում է այն իրողությունը որ այդ գործողությունը կազմակերպվել էր ՀՅԴ Վրաստանի ԿԿ-ի կողմից։

Մինչ օրս հայ հետազոտողները բավարար ուշադրություն չեն դարձրել Ժնեւում գտնվող Ազգերի լիգայի արխիվում պահվող նյութերին։ Այստեղ հայտնաբերված մեծաքանակ փաստաթղթերի ու լուսանկարների հիման վրա Էդիտա Գ. Գզոյանը բացահայտել է 1920-ականներին Հալեպում Կարեն Յեպպեի ու նրա համախոհների ջանքերով իրականացված հայանպաստ աշխատանքների նոր ծալքերը եւ կատարել հետաքրքրական հաշվարկներ ու վերլուծություններ։

«Վէմ»-ի 2017 թվականի երրորդ համարում տեղ են գտել նաև այլ հետաքրքրական հրապարակումներ։ Ներկայացնում ենք նրա Բովանդակությունն ու Խմբագրականը։

Տպել Տպել