Ռուսաստանն Ադրբեջանին վաճառել է այնպիսի զինտեխնիկա, որը նախատեսված է խաղաղ բնակչություն ոչնչացնելու համար

Artur AghabekyanAravot.am-ը ԼՀՂ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանից, որը Արցախյան պատերազմի մասնակիցներից է եւ զբաղեցրել է նաեւ ՀՀ ՊՆ փոխնախարարի պաշտոնը, հետաքրքրվեց, թե Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելով արդյոք չի՞ խախտվել երկու երկրների միջեւ ռազմական ուժերի հավասարակշռությունը:

Պարոն Աղաբեկյանն այնքան անհանգստացած չէր անհավասարակշռությունը խախտվելով, որքան նրան մտահոգում էր, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է այնպիսի զինտեխնիկա, որը նախատեսված է խաղաղ բնակչություն ոչնչացնելու համար:

«Իրականում ռազմական գործողությունները սկսում են այն ժամանակ, երբ ուժերի անհավասարակշռություն է տեղի ունենում: Ադրբեջանի կողմից յուրաքանչյուր անգամ զենքի ձեռքբերումը մեր կողմից հետեւում էր պաշտպանության պլանավորման վերանայմամբ, իսկ վերանայումը ոչ միայն ստորաբաժանումների, զորամիավորումների վերադասավորումներն են, այլ նաեւ` զենքի ձեռքբերումը: Եվ Հայաստանի Հանրապետությունն ամեն ինչ արել է, որպեսզի պաշտպանություն-հարձակում ռազմական գործողության թատերաբեմում անհավասարակշռություն տեղի չունենա: Ադրբեջանի կողմից վերջին ձեռքբերված ռազմատեխնիկան` տանկեր, հակաօդային պաշտպանության զանգվածային ոչնչացման զինատեսակներ, այս պահին ես խոսում եմ որպես զինվորական կամ ռազմաքաղաքական գործիչ, պիտի անկեղծ խոստովանեմ, որ շատ կտրուկ, մեծ ազդեցություն չեն կարող ունենալ մեր ուժերի անհավասարակշռության վրա, դա նշանակում է, որ մենք վերանայման խնդիր ունենք պաշտպանության պլանավորման` կլինի դա զորամիավորումների, զորատեսակների առումով, կլինի`նոր սպառազինությունների առումով, բայց ամենակարեւորն այն է, թե ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը այդ զանգվածային ոչնչացման զենքերը ձեռք բերելով»,-մեզ հետ զրույցում ասաց պարոն Աղաբեկյանը:

Ըստ նրա. «Այդ զենքերի մի քանի տեսակներ արագ հաջողություններ ունենալու համար է նախատեսված, ռուսերեն ասած` «пугач» հանդիսացող զենքեր են: Ադրբեջանն այլեւս ձեռք է բերում զինատեսակներ, որոնք նախատեսված են խաղաղ բնակչության ոչնչացման համար, իսկ խաղաղ բնակչության նկատմամբ կիրառված ցանկացած զինատեսակ բերում է նաեւ խուճապի: Իսկ առաջին գծում մարտնչող մեր զինվորները, զինված ուժերի ստորաբաժանումները, գիտեն, որ թիկունքում նրանց ծնողներն են, հարազատները: Այստեղ է, որ մեր մենք մտածելու խնդիրներ ունենք, մեր քաղաքական գործիչները, մեր բարեկամ պետությունները, մեր բարեկամ երկրների քաղաքական գործիչները պետք է բարձրաձայնեն, որ Ռուսաստանը վաճառել է Ադրբեջանին այնպիսի զինտեխնիկա, որը նախատեսված է խաղաղ բնակչություն ոչնչացնելու համար: Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում էլ գտնվելու են քաղաքական գործիչներ, որոնք իրական գնահատական են տալու այդ գործարքին: Այս առումով համարում եմ մեր կյանքում ցավալի իրադարձություն, որ մեր ռազմավարական հարեւանը խաղաղ բնակչությանը ոչնչացնելու զենք է վաճառում մեր հակառակորդին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
aravot.am

Տպել Տպել