Օրենքի նախագիծը հանրային լուրջ քննարկումների փուլ պետք է անցնի

ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել նոր ու աղմկալից մի գաղափար, ըստ որի՝ 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է սեփական եկամուտները պարտադիր հայտարարագրեն: Հայտարարագրման արդյունքում կորոշվի՝ քաղաքացին ունի՞ հարկման ենթակա եկամուտ, թե՞ ոչ: Ըստ այդմ` նախատեսվում է, որ տարեկան 23 տոկոս հարկ պետք է վճարեն պետությանը, օրինակ, խոպանից փող ստացողները:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ սա կարևոր նախաձեռնություն է, բայց այսօր դրա ժամանակը չէ, այսինքն` չպետք է միայն խնդիր դրվի, որ այդ եկամուտները պետք է հարկվեն: Մինասյանի խոսքով` այսօր պետք է խնդիր դրվի, որ հստակ իմանանք` ինչ եկամուտների մասին է խոսքը.«Առաջնային փուլում դրանք պետք է հարկազատում ունենան, որպեսզի դրանց մուտքը նորմալ լինի: Դա սոցիալական քաղաքականության տեսակետից էլ է կարևոր, որպեսզի իմանաս` ով ինչ եկամուտ ունի, որ դրան համապատասխան նպաստիդ կամ այլ աջակցման քաղաքականությունը տանես: Գաղափարը վատը չէ, բայց այս իրավիճակում ժամանակավրեպ է դեռ»:

Մինասյանի հավաստմամբ` նախ պետք է հանրային քննարկումներ լինեն, նպատակադրումները պարզ լինեն, հստակ չափորոշիչներ սահմանվեն:

Մեր հարցին, թե արդյո՞ք այս կերպ արդար հարկման խնդի՞րն է լուծվում Մինասյանը պատասխանեց, որ մեծ հաշվով այո.«Դու պետք է խթանես, որ այլ երկրներում աշխատած եկամուտները հոսեն Հայաստան, այսինքն` հարկման առանձնահատկություններ պետք է սահմանվեն, որպեսզի շահագրգռվի այդ մարդը: Պետք է Հայաստան ուղարկվելիք գումարը լինի ոչ միայն ծախսերի համար, այլ ներդրումային գումար դառնա, որը պետք է նաև եկամուտներ խոստանա սեփականատիրոջը»:

Մինասյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ այս պահին օրենքի նախագիծը հանրային լուրջ քննարկումների փուլ պետք է անցնի` բոլոր հնարավոր ռիսկերը կանխարգելելու համար:

Տպել Տպել