Որպեսզի մարդիկ չարտագաղթեն

Գեղարքունիքի մարզը Հայաստանի ամենաբարդ, ամենամեծ և բազմաթիվ խնդիրներ ունեցող մարզերից մեկն է, և իրենք աշխատել են բավականին բարդ ժամանակահատվածում` տարբեր ոլորտներում հաջողություններ արձանագրելով. նոյեմբերի 17-ին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասել է Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Ճիշտ չէ` իմ աշխատանքի գնահատականը ես տամ, իմ աշխատանքի գնահատականը պետք է տա Գեղարքունիքի մարզի ազգաբնակչությունը: Բայց աշխատանքից դուրս գալուց հետո ստացած ափսոսանքի բազմաթիվ նամակները վկայում են, որ իմ կատարած աշխատանքը գնահատված է»,- նշել է նա:

Դիտարկմանը, թե պաշտոնավարելու ժամանակահատվածում եղել է բավականին հրապարակային, նրա հետ շփումը հեշտ է եղել, Սաղաթելյանն արձագանքել է, որ հենց առաջին օրվանից որդեգրել են բաց աշխատանք: «Իմ գործունեության ընթացքում եղել եմ 50-ից ավելի համայնքներում` տեղում ծանոթանալով խնդիրներին, այլ ոչ թե խնդիրներին ծանոթացել զեկույցների միջոցով: Այդ ամբողջ աշխատանքը նաև լուսաբանվել է: Այդ ընթացքում ինձ հետ հանդիպելու, հարցեր քննարկելու որևէ դժվարություն չի եղել»,-ասել է նախկին մարզպետը:

Անդրադառնալով սեպտեմբերի 1-ին սահմանամերձ գյուղում միակ առաջին դասարանցու հետ հայտնի լուսանկարին` Սաղաթելյանը պատմել է լուսանկարի պատմությունը: «Սեպտեմբերի 1-ին որոշեցի գնալ ոչ թե 500-800 աշակերտ ունեցող մեծ դպրոց, որտեղ բոլորը կհավաքվեն, կծափահարեն, կողջունեն, այլ` ծայրամասային դպրոցներից մեկը, ողջունել առաջին դասարանի միակ աշակերտին և դրանով իմ վերաբերմունքն ու կեցվածքը ցուցաբերել դատարկվող գյուղերի նկատմամբ»,- ասել է նա:

Իսկ թե ի՞նչ է պետք անել, որ այդ գյուղերը չդատարկվեն, Սաղաթելյանը պատասխանել է. «Քանի որ դպրոցներից խոսեցինք, Գեղարքունիքի մարզում մենք ունենք երկու տասնյակից ավելի դպրոցներ, որտեղ ուսուցիչների թիվը գերազանցում է աշակերտներինը: Ունենք նաև արտագաղթող համայնքներ: Այստեղ պետք են պետության անմիջական ուշադրությունը և աջակցությունը, հատկապես` սահմանամերձ և սահմանապահ գյուղերին, համայնքներին, որպեսզի մարդիկ չարտագաղթեն»:

Իշխան Սաղաթելյանը ողջունում է վարչապետի հայտարարությունը և ակնկալում, որ, իրոք, արդար, ազատ, թափանցիկ ընտրություն տեղի կունենա: «Բայց այս պահին կոնկրետ Գեղարքունիքի մարզում ես ունեմ որոշ մտահոգություններ»,- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասել է նա:

Ըստ Սաղաթելյանի` ռեյտինգային որոշ թեկնածուներ փորձում են օգտագործել իշխանական իրենց ռեսուրսները, լծակները: «Սա համարենք իբրև զգուշացում այդ թեկնածուներին, և եթե այս տեմպը շարունակվի, առաջիկայում ես կոնկրետ անուններով և փաստերով հանդես կգամ, կանեմ համապատասխան եզրակացություններ և, ըստ դրա, քայլեր: Այս ընտրությունը, իրոք, պետք է լինի ազատ, արդար, թափանցիկ` առանց ընտրակաշառքի և մարդկանց վրա որևէ պարտադրման, ճնշման: Մարդիկ պետք է ազատ գնան, քվեարկեն` ում օգտին ցանկանում են»,- ասել է նա` դեռևս զերծ մնալով անուններ հրապարակայնացնելուց:

Հարցին, թե նախորդ տարի դաշնակցականներն ինչո՞ւ չէին պահանջում ազատ, թափանցիկ ընտրություններ, Սաաթելյանը պատասխանել է. «Մենք միշտ ենք ազատ, թափանցիկ ընտրություն պահանջել, որովհետև նախկինում այն մեթոդները, որոնք կիրառվել են, կիրառվել են նաև մեր դեմ: Պետք է հասկանան մի պարզ բան` մենք Հանրապետական կուսակցության հետ երբեք ընտրություններին չենք մասնակցել դաշինքով ու բոլոր ընտրություններին եղել ենք մրցակից: Նայեք 2017 թվականի ընտրությունները, տեսեք իմ ելույթները` որքան եմ քննադատել տվյալ ժամանակի իշխանությանը հենց այդ լծակները, բիրտ մեթոդները, կաշառքը օգտագործելու համար: Մենք դա միշտ ենք պահանջել, տարբեր նախաձեռնություններով հանդես եկել նաև Ընտրական օրենսգրքի հետ կապված, որովհետև մենք մրցակիցներից մեկն ենք եղել: Բայց այդ մեթոդները օգտագործվել են հենց մեր դեմ»:

Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է Բելառուսի ԱԳ նախարարության մամուլի խոսնակի կոշտ հայտարարությանը` ի պատասխան Նիկոլ Փաշինյանին:

«Ուզում եմ հստակ ասել, որ, լինի Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը կամ որևէ գերտերության ղեկավար` ՌԴ-ի նախագահը, ԱՄՆ-ի նախագահը, կապ չունի` ով, մեր երկրի, մեր երկրի ղեկավարի հետ այդ տոնով խոսելու իրավունք չունի»,- ասել է Սաղաթելյանը:

Նրա խոսքով` այդպես խոսելով` նրանք խոսում են մեր պետության հետ, մեր ժողովրդի հետ: «Հետևաբար` որևէ մեկին չպետք է թույլ տանք` իր քիթը խոթի մեր ներքին գործերի մեջ: Այդ հարցում մենք պետք է լինենք միասնական` մեր երկրի կողքին կանգնած: Նաև չեմ ընդունում այն քաղաքական գործիչներին և անհատներին, որոնք ուզում են իրավիճակից օգտվել և դիվիդենդներ հավաքել: Մենք կարող ենք երկրի ներսում ունենալ հակասություններ, վիճել, մրցակցել, կռվել, բայց դա մեր երկրի ներքին հարցերն են: Արտաքին աշխարհում մենք պետք է հանդես գանք միասնաբար»,- նշել է Սաղաթելյանը:

Տպել Տպել