Հանցագործը չպետք է մեր երկրում իրեն հանգիստ զգա

Bagrat-Yesayan (2)Հարցազրույց հանրապետության նախագահին կից հակակոռուպցիոն ռազմավարության մոնիտորինգի հանձնաժողովի նախկին նախագահ Բագրատ Եսայանի հետ

-10 տարի առաջ հայտարարեցինք կոռուպցիայի դեմ համակարգված պայքարի մասին, ռազմավարություն էլ մշակվեց, մինչ օրս նույնպիսի փութաջանությամբ խոսում ենք այդ երեւույթի դեմ պայքարի մասին ու ամեն անգամ կանգնում հերթական փաստի առաջ. այս անգամ էլ Հայաստանն ընդգրկվեց ԵԽ ԽՎ անդամ հինգ ամենակոռումպացված երկրների ցուցակում։ Ինչո՞ւ չի հաջողվում արդյունավետորեն պայքարել մեզանում արմատավորված այդ վտանգավոր երեւույթի դեմ:

-Արդյունավետ պայքարի համար հարկ է, որ մի քանի ուղղություններով լինի նպատակաուղղված շարժում։ Նախ՝ քաղաքական կամք է պետք, երկրորդ՝ պետք է արվեն օրենսդրական, համակարգային փոփոխություններ: Երրորդ՝ պետք է գործի օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը: Եվ վերջապես, չորրորդ՝ հասարակության մասնակցությունը:

Ցավոք, այսօր բոլոր ուղղություններով մենք նահանջ ենք գրանցել: Եթե մի ժամանակ գործում էին նախագահի հրամանագրով ստեղծված ինստիտուցիոնալ մարմինները, ապա վերջին շրջանում դրանք ուղղակի դադարել են աշխատել: Ես չեմ հիշում, թե երբ է տեղի ունեցել հակակոռուպցիոն խորհրդի վերջին նիստը:

-Մեզանում այն մարմինները, որոնք կոչված են անհաշտ պայքար մղելուն, ըստ հարցումների հենց իրենք են ամենից կոռումպացվածը, խոսքս դատական համակարգի մասին է: Եթե պայքարողն ինքն է կաշառակեր, ուրեմն ինչպե՞ս կարող է պայքարել կաշառատուի դեմ:

-Շատ կարեւոր հարց եք բարձրացնում: Դրա դեմ պայքարելու հիմնական մեխանիզմը հասարակության մասնակցությունն է: Տարիներ առաջ հենց սա նկատի ունենալով էր, որ հակակոռուպցիոն պայքարի մոնիտորինգի հանձնաժողովում ընդգրկեցինք հասարակական կազմակերպությունների, խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների, իսկ այսօր այդ ձեւաչափը եւս չի աշխատում: Պասիվ է նաեւ հասարակությունը:

-Ինչը խիստ մտահոգիչ է: Հայաստանցիների 82 տոկոսը կոռուպցիան լուրջ հիմնախնդիր է համարում, ու չնայած դրան՝ բնակչության մեծամասնությունը ցանկություն չունի մասնակցել կոռուպցիայի դեմ պայքարին:

-Որովհետեւ կորել է հասարակության հավատը պետական, քաղաքական բոլոր ինստիտուտների նկատմամբ, չեն հավատում ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, չեն հավատում, որ որեւէ մեկը շահագրգռված է իրական արդյունավետ պայքար մղելու կոռուպցիայի դեմ:

-Հաճախ ենք մեր երկրում արմատացած կոռուպցիոն ռիսկերը պատճառաբանում ազգային մենթալիտետով, ասելով՝ ինչպե՞ս կարելի է պայքարել կաշառք վերցնողների դեմ, եթե չենք պայքարում կաշառք տվողների դեմ: Այսինքն՝ կա նաեւ ժողովրդի հոգեբանությա՞ն փոփոխության խնդիր:

-Այդ հոգեբանությունը կփոխվի, եթե պետությունը հավատ ներշնչի իր իսկ կոնկրետ քայլերով, բայց դեռ մի բան էլ ամեն ինչ անում են այդ հավատի կորստի ուղղությամբ: Մարդիկ տեսնում են, որ հրապարակված բազմաթիվ սկանդալային փաստերը մնում եմ անհետեւանք, ավելին՝ պետական պատասխանատու մարմինները մտածում են՝ ինչպե՞ս կոծկել: Հասարակությունն էլ ասում է՝ եթե սրանք են կոռուպցիայի դեմ պայքարողները, ուրեմն ես ի՞նչ գործ ունեմ այդ «պայքարում»:

-Առաջին անգամ երկրի առաջին դեմքերը բարձրաձայնում են, որ մինչ օրս կոռուպցիայի դեմ ծավալված պայքարը չի եղել արդյունավետ, ավելին՝ վարչապետի նախագահությամբ սպասվող հակակոռուպցիոն խորհրդի նիստում քննարկվելու է հենց անարդյունավետության հարցը: Գնահատելի չէ՞ այս անկեղծությունը:

-Իհարկե, բարձր եմ գնահատում այդ անկեղծությունը, բայց լուրջ մտահոգություն ունեմ. հասարակությունը կարող է սա ընկալելի որպես հերթական շոու: Երբ դանակը հասել է ոսկորին, երբ եվրոպական կառույցներն են արձանագրում, որ խայտառակ վիճակ է մեզանում, երբ քաղաքական մեծամասնությունը ծայրահեղ ընդդիմության դեր ստանձնած քննարկում է պետական համակարգի չարաշահումները, երբ դատախազությունն ստիպված է օֆշորում գրանցված ընկերության հարցով դիմել այլ պետության դատախազին, նո՞ր միայն բացվեցին իշխանության աչքերը։

-Պարոն Եսայան, դուք եղել եք հանրապետության նախկին նախագահին կից հակակոռուպցիոն ռազմավարության մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը, արդյոք այն ժամանակ Հայաստանը միջազգային կազմակերպությունների գնահատականներում չէ՞ր ներկայանում որպես կոռումպացված երկիր:

-Համարվում էր: Բայց այն ժամանակ գործում էին այդ նպատակով ստեղծված մարմինները, կոռուպցիայի դեմ պայքարը պահվում էր պետական մարմինների, հասարակության ուշադրության կենտրոնում: Իսկ այսօր այդ պայքարի մասին հիշվում է միայն նախագահի հանձնարարականից հետո:

-Ձեր ժամանակ եւս կար դժգոհություն` հանձնաժողովը կոռուպցիոն երեւույթներ չի հայտնաբերում:

-Այո, հասարակությունը սպասում էր սկանդալային բացահայտումների, բայց ումի՞ց: Մոնիտորինգի հանձնաժողովը չուներ նման գործառույթներ: Եթե ես փայտահատ չեմ, ու ինձ կացին չեն տվել ծառ կտրելու, եւ ինչ-որ մարդիկ սպասում են կտրված ծառին, բայց ես ինչպե՞ս կարող եմ այն կտրել:

-Ըստ հարցումների, արեւմտյան երկրներում հսկայական չափերի է հասնում քաղաքական կուսակցությունների կոռուպցիան: Մեզանում կա՞ այդ երեւույթը:

-Քաղաքական կուսակցությունների կոռուպցիան մի բան է, քաղաքական կոռուպցիան՝ այլ բան: Քաղաքական կոռուպցիան է մեզ մոտ հրատապը, որը դրսեւորվում է ընտրությունների ժամանակ: Երբ կուսակցությունները հանդես են գալիս կաշառատուների դերում, որպեսզի ստանան քաղաքական իշխանություն: Սա կոռուպցիայի ամենից վտանգավոր դրսեւորումն է:

Ինչ վերաբերում է կուսակցությունների կոռուպցիային, սա շատ ավելի նվազ վտանգ պարունակող երեւույթ է եւ մեզանում ոչ այնքան տարածված:

-Նախագահի խորհրդական եղած ժամանակ ասել եք, թե մեզանում քաղաքական կոռուպցիայի ամենավառ ձեւը գործադիր իշխանությունում տնտեսավարողների ակտիվ ներկայացվածությունն է:

-Իհարկե, դա շատ վտանգավոր երեւույթ է մեզանում, երբ մարդիկ փորձում են իրենց տնտեսական հզորությունը վերածել քաղաքական հզորության եւ դա օգտագործել սեփական տնտեսական շահերի համար: Ցավոք, երեւույթը ոչ միայն կա մեզանում, այլեւ ծաղկում է ու բարգավաճում:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
armworld.am

Տպել Տպել