Բերձորում նոր բնակավայր կհիմնադրվի

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հուլիսի 15-ին ընդունել է «Արցախ ռութս ինվեսթմենթ» (ԱՐԻ) կազմակերպության խորհրդի մի խումբ անդամների, հաղորդում են ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Արա Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արցախի զարգացմանն ուղղված` սփյուռքահայ բարերար-ներդրողների նախաձեռնած ծրագրի համար: Արցախի գյուղատնտեսության ոլորտում կատարվող ներդրումներին զուգահեռ ընկերության անդամների մոտ ծնվել է նաև ազատագրված տարածքների վերաբնակեցմանը օժանդակելու գաղափար:TH_Berdzor

ԼՂՀ կառավարության և «ԱՐԻ» ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր, որով Արցախի ազատագրված տարածքներից մեկում` Բերձորում, ընկերության ֆինանսավորմամբ կհիմնադրվի նոր բնակավայր: Վարչապետի գնահատմամբ` ծրագիրը ոչ միայն դրական է ազդելու Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա, այլև նոր բնակավայրը` ժամանակակից կոմունիկացիաներով, նախանշելու է Արցախի ապագա գյուղը:

Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է 150 բնակելի տնով կառուցվելիք բնակավայրի էսքիզային նախագիծը և շնարարական աշխատանքների ժամանակացույցը:0717berdzor2

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` «ԱՐԻ» ընկերության խորհրդի` Արցախ ժամանած պատվիրակության պատասխանատու Բենիամին Բջջաքչյանը նշել է, որ համաձայնագրով ամրապնդվում է տարիների համագործակցությունը և ամբողջանում ծրագիրը:Puzant_Kevorkian

Հանդիպմանը կառավարության ղեկավարը Վարչապետի հուշամեդալով պարգևատրել է «ԱՐԻ» ընկերության խորհրդի անդամ Բյուզանդ Գևորգյանին` ծննդյան 80-ամյակի և Արցախի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար:

http://ariroots.com/index.html

ՊԱՏՄԱԿԱՆ ԲԵՐՁՈՐԻ ԱՊԱԳԱՅԻ ՏԵՍԼԱԿԱՆՆ ԱՌԱՎԵԼ ՔԱՆ ՀՈՒՍԱԴՐՈՂ Է

Արի ընկերությունը փորձում է համախմբել Սփյուռքի ներդրողներինppp

ԼՂՀ կառավարության նիստերի փոքր դահլիճում հուլիսի 15-ին տեղի ունեցավ ԼՂՀ վարչապետի հանդիպումը Սփյուռքից Արցախ ժամանած ՙԱրի՚ ընկերության խորհրդի անդամների հետ։

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն անթաքույց ուրախությամբ հայտարարեց, որ ընկերության խորհրդի անդամների հետ հերթական հանդիպմանը կստորագրվի մի փաստաթուղթ, որը սկիզբ կդնի Արցախի հեռանկարային զարգացմանը։

Նա իրազեկեց, որ երեք տարի առաջ ՙԱրի՚ ընկերության հետ համատեղ սկսել են կյանքի կոչել ծրագիր, որից օգտվել են ավելի քան 600 ընտանիքներ։ Արդյունքները տեսանելի են։ Առկա նախագիծը պետք է քննարկվի և տարածում գտնի հանրապետության մյուս շրջաններում, ինչին նախատեսվում է մասնակից դարձնել Սփյուռքի մյուս գաղթօջախներին ևս։ Վարչապետի խոսքերով՝ սա վերջին տարիների ամենաարդյունավետ նախագծերից մեկն է։ Իրականում բիզնեսի զարգացման համար կան տարբեր մոդելներ՝ մեծ բիզնեսի, խոշոր ներդրումների վարկավորման և այլն, սակայն այս նախագծի առավելությունն այն է, որ կյանքի է կոչվում մի շրջանում, որտեղ առավելագույնս է զգացվում դրա անհրաժեշտությունը։ Այս գաղափարը պետք է իր հետագա զարգացումն ունենա։

Իսկ գաղափարը, ինչպես նշեց Ա. Հարությունյանը, մեկ տարի առաջ է քննարկման առարկա դարձել. այն կհանգեցնի Արցախի ընդհանուր պատկերի, ներառյալ սոցիալական վիճակի, փոփոխությանը։ Ներկայացված ծրագիրը հետապնդում է ժամանակակից չափանիշներին համապատասխան բնակավայրի ստեղծում։ Ծրագիրը մեկ ուրիշ իմաստ էլ ունի. շատ կարևոր է, թե ինչպիսին ենք պատկերացնում Արցախը 30-40 տարի հետո։ Վարչապետն ուշադրություն հրավիրեց այն իրողության վրա, որ Արցախի այսօրվա բնակավայրերը հիմնականում ձևավորվել են անցյալ դարի 50-60-ական թվականներին, ասել է թե՝ դրանք ստեղծվել են տվյալ ժամանակի պահանջներին համապատասխան։ Մինչդեռ այսօրվա պահանջները միանգամայն այլ են. նախևառաջ անհրաժեշտ է Արցախի բնակավայրերի հետագա զարգացման գործընթացում առաջնորդվել նոր գաղափարներով։ Ա. Հարությունյանի բնորոշմամբ՝ նախնական քայլերն արդեն արվում են, որոնք կունենան իրենց տրամաբանական շարունակությունը։ Հուսադրող է ՙԱրի՚ ընկերության խորհրդի անդամներիի հետ հետագա երկարատև համագործակցության տեսլականը։
8888
Արցախի Հանրապետության վարչապետը խորհրդանշական է համարում այն, որ նոր թաղամասի կառուցման աշխատանքները ծավալվելու են ազատագրված հայկական պատմական տարածքի կարևոր տեղերից մեկում՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու հարևանությամբ։ Բերձոր քաղաքի նոր թաղամասն իրենից ներկայացնելու է նոր բնակավայր։ Վարչապետն ընդգծեց երևույթի խորհրդանշական կողմը. քաղաքի իսկական տերերի ժառանգները կվերագտնեն իրենց օջախները Արցախը մայր հայրենիքին կապող՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի կողքին։

ՙԱրի՚ ընկերության գործադիր տնօրեն Բենիամին Բջջաքչյանը, շարունակելով վարչապետին, հավելեց, որ այսօր ընկերությունն ունի մոտ 150 բաժնետեր։ Երեք տարվա փորձառությունը հուշում է, որ ընդհանուր առմամբ գործընթացը բնական հունով է զարգանում։ Արցախի Հանրապետության հետ համատեղ աշխատանքի և ծրագրերի իրականացման առումով չկա ոչ մի խնդիր։ Եթե հիշյալ շրջաններում կարելի է կյանքի կոչել գյուղատնտեսության զարգացմանը նպաստող և բնակիչներին աշխատանքով ապահովելուն միտված ծրագրեր, ապա նույն ձևով պետք է քայլեր ձեռնարկվեն այդ շրջաններում ապրող մարդկանց բնակարանային պայմանները բարելավելու ուղղությամբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան։ Բ. Բջջաքչյանը շեշտեց, որ հուշագիրը ստորագրելով՝ իրենք ցույց են տալիս Սփյուռքի, մասնավորապես Լիբանանի լուրջ մտադրություններն Արցախի վերաբնակեցման գործընթացի նկատմամբ։ Նա գտնում է, որ նման մոտեցում պետք է լինի Սփյուռքի մյուս համայնքներում։

Նախագծի մանրամասները ներկայացրեց ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը։ Բերձորում կառուցվելիք բնակելի թաղամասի շուրջ կարծիքների փոխանակումը սկսվել է մեկ տարի առաջ։ ՙԱրի՚ ընկերությունը ստանձնեց վերաբնակեցվող շրջանում նոր բնակավայրի կառուցման ֆինանսավորումը։ Քննարկումները հանգեցրին այն մտքին, որ նորակառույց թաղամասը պետք է լինի Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու հարակից տարածքում։ Ընտրվեց ամենահարմար տեղը՝ Բերձորի մարզադաշտին կից տարածքը, Հագարի գետի աջ ափին։

Նախնական փուլում կիրականացվեն 50 բնակելի տների կառուցման աշխատանքները, թաղամասը կունենա տարրական դպրոց, որին կից կգործի նաև մանկապարտեզ։ Քաղաքաշինության նախարարի իրազեկմամբ՝ վերջին օրերի քննարկումներից հետո որոշակի փոփոխություններ են կատարվել նախագծում. Գորիս-Ստեփանակերտ մայրուղուց մուտք գործելով նոր թաղամաս՝ նախ հայտնվելու ենք կենտրոնական փողոցում, որի աջ և ձախ կողմերում էլ նախատեսվում է կառուցել բնակելի տներն՝ իրենց առանձին փողոցներով։ Փողոցները կունենան գիշերային լուսավորություն, կլինեն բարեկարգ, բոլոր ենթակառուցվածքների առկայությամբ։ Ապահովվելու է մշտական ջրամատակարարումը։ Յուրաքանչյուր բնակելի տուն կունենա իր տնամերձ հողամասը. այս գետահովտում բնակություն հաստատող մարդը հնարավորություն կունենա զբաղվել հողագործությամբ։ Նախատեսվում է հիմնականում երկու, երեք և չորսսենյականոց բնակելի տների կառուցում։ Երիտասարդ մասնագետները թաղամասում կարող են ունենալ իրենց բնակարանները, ինչը նրանց թույլ կտա ակտիվ ներգրավվել շրջանի զարգացման աշխատանքներում։

Նախարարը տեղեկացրեց, որ այս փուլում բոլոր տեխնիկական հարցերի լուծումը փոխհամաձայնեցված է, 45 օր հետո պատրաստ կլինի մրցութային փաթեթը, ինչին կհետևեն շինարարական աշխատանքները։

Նախքան հուշագրի ստորագրումը` վարչապետ Արա Հարությունյանը հայտնեց ևս մեկ հաճելի լուր. ՙԱրի՚ ընկերության խորհրդի անդամ Բյուզանդ Գևորգյանը 80 տարեկան է։ Կազմակերպությունում նա ամենատարեցն է։ Պարգևատրելով նրան ԼՂՀ վարչապետի հուշամեդալով՝ Արա Հարությունյանն ասաց, որ պարոն Գևորգյանը մեծ ավանդ ունի ընկերության ստեղծման գործում, ապա համոզմունք հայտնեց, որ աչքի առաջ ունենալով նրա ուժն ու եռանդը՝ հարյուրամյակն էլ կնշեն այստեղ՝ Արցախում։

Հուշագիրը ստորագրեցին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը և ՙԱրի՚ ընկերության գործադիր տնօրեն Բենիամին Բջջաքչյանը։
Հուշագրի ստորագրումից հետո ընկերության գործադիր տնօրենը լրագրողներին իրազեկեց, որ արդեն երեք տարի է, ինչ ներդրումային ծրագրեր են իրականացնում Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում՝ միտված գյուղատնտեսության զարգացմանը։ Երեք տարվա ընթացքում գյուղատնտեսության ոլորտում արվել է 2 միլիոն դոլարի ներդրում, որից օգտվել են ավելի քան 600 ընտանիքներ։

Շուրջ 5500 հեկտար ցորեն ու գարի է մշակվել, անասունների գլխաքանակն ավելացվել է 1800-ով։ Ծրագրի նպատակները հետևողականորեն կյանքի են կոչվում։ Նախատեսվում են նոր ներդրումներ։ Նրա խոսքերով՝ Բերձորի նոր թաղամասը կկառուցվի խորհրդանշական վայրում։ Շինարարության առաջին փուլը կսկսվի հոկտեմբերին։ Ըստ նախնական հաշվարկների՝ այն կավարտվի մեկ տարում։

Բ. Բջջաքչյանի տեղեկացմամբ՝ ՙԱրի՚ ընկերության մեջ ներգրավված են Սփյուռքի ներդրողները։ Ընկերությունն իր գործունեությունը սկսել է 16 հոգով, 2010 թվականին։ Այսօր հաշվվում են ավելի քան 150 ներդրողներ տարբեր երկրներից, հիմնականում` Լիբանանից։ Ներգրավված են ներդրողներ նաև ամերիկյան մայր ցամաքի, եվրոպական և արաբական երկրներից։ ՙՄեր նպատակը ոչ թե ներդրումների միջոցով շահույթ ակնկալելն է, թեև դա էլ չի բացառվում,- ասաց ընկերության գործադիր տնօրենը,- այլ շրջանների վերաբնակեցումը, մարդկանց համար աշխատանքի և բնակելի պայմանների ստեղծումը՚։

Հոբելյանի առիթով ԼՂՀ վարչապետի հուշամեդալին արժանացած բեյրութցի Բյուզանդ Գևորգյանը հուզված էր։ Նա իր գոհունակությունը հայտնեց օրվա իրողությունների կապակցությամբ։ Ասաց, որ ապրում է պարտքի գիտակցումով և գտնում, որ յուրաքանչյուրն իր կարողությունների չափով պետք է օգտակար լինի հայրենիքին ու ժողովրդին։

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ

artsakhtert.com

Տպել Տպել