Ընկերնե՞ր, թե եղբայրներ

EU-RF
Հիշո՞ւմ եք խորհրդային ժամանակների հին անեկդոտը. մի երևանցի (թբիլիսցի, վարշավացի, պրահացի, ռիգացի, նայած թե որտեղ են պատմում) տղա մոտենում է հորը և հարցնում.

– Հայրիկ, պատմության ուսուցիչն ասում է, որ ռուսները մեր եղբայրներն են: Իսկ ռուսաց լեզվի ուսուցիչն ասում է, որ նրանք մեր ընկերներն են: Հիմա նրանք մեր ի՞նչն են՝ եղբայրնե՞րը, թե ընկերները:

Հայրը մի պահ մտածում է և պատասխանում.

– Նրանք մեր եղբայրներն են, տղաս, եղբայրները, քանի որ ընկերներին կարող ենք ինքներս ընտրել:

Դուք ձեզ երբևէ հարցրե՞լ եք, թե Ռուսաստանում ինչու են այդքան խանդով վերաբերվում մեր փոքր և պաշարներով ոչ հարուստ երկրի քաղաքական այն ուղեգծին, որը մեր որոշ պաշտոնյաներ վերամբարձորեն կոչել են «Հայաստանի եվրոպական ընտրություն»: Փորձե՞նք միասին հասկանալ:

Կովկասյան լեռնաշղթայից դեպի հյուսիս և անգամ դեպի հարավ առայսօր գոյություն ունի պաշտոնյաների մի տեսակ, երբեմն բավականին բարձաստիճան, ովքեր իրենց պրոլետարական պարզությամբ համոզված են, որ եվրոպական ինտեգրացիայի գործընթացը Հայաստանին անխուսափելիորեն կտանի դեպի հակառուսաստանյան նախագծեր կամ բլոկներ, օրինակ՝ ՆԱՏՕ, և Արարատ սրբազան լեռան ստորոտից հրթիռներ կնշանառվեն դեպի Ռուսաստան:

Իհարկե, դա հիմարություն և միամտութուն է. նախ՝ Ռուսաստանին վաղուց նշան են բռնել Արարատ սրբազան լեռան ստորոտից, որը նա (Ռուսաստանը) այդքան անշնորհք ձևով ու անհեռատեսորեն հանձնել է Մուստաֆա Քեմալին: Եվ թուրքերի զավթած Արևմտյան Հայաստանից Մոսկվա հրթիռներն ավելի ուշ չեն հասնի, քան մեր հանրապետության տարածքից: Նույնիսկ Վրաստանի տարածքը, ինչպես տեսնում եք, ՆԱՏՕ-ին պետք չեկավ, մինչդեռ հիշեք, թե ինչպե՜ս էին վրացիներին այնտեղ կանչում… Երկրորդ՝ Հայաստանը պարզ, աներկդիմի և բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ Ռուսաստանի հետ դադարեցնել իր դաշնակցային հարաբերությունները, հեռանալ անվտանգության ռուսական ուղեծրից և երկարաժամկետ հեռանկարում նման նպատակ չի ունենալու: Այս դեպքում նման դիրքորոշման պատճառներն անգամ կարևոր չեն, և ես մտադիր չեմ դրանք վերլուծել, բայց այդ ուղեգծի ամրությունը ոչ մեկի կասկածը չի առաջացնում՝ ոչ մեր երկրի ներսում, ոչ էլ նրա սահմաններից դուրս, այդ թվում՝ Ռուսաստանում, քանի որ հենց այդ ուղեգիծն է այս պահին առավելագույնս համապատասխանում այն խնդիրների լուծմանը, որոնք ապահովում են երկրի ազգային անվտանգության ռազմական բաղկացուցիչը:

Հայաստանից Ռուսաստանի դժգոհության ևս մեկ պատճառ տնտեսագետներն են բուռն քննարկում: Խոսքն այն վնասի մասին է, որը Հարավային Կովկասում ռուսական տնտեսական շահերին իբրև կարող է հասցնել Հայաստանի ու Եվրամիության միջև խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը:

Դա ևս հիմարություն և միամտություն է:

Չէ՞ որ այն ամենը, ինչ Ռուսաստանն ունի Հայաստանում՝ արտադրություն, ծառայություններ, ենթակառույցներ, նույնպես դառնում է այդ պայմանագրի մի մասը և ազատ մուտք ստանում դեպի եվրոպական շուկաներ: Ավելին՝ ռուսական բիզնեսը կարող է առանց ներդրումային մեծ ծախսերի Հայաստանը հեշտությամբ հեղեղել համատեղ ձեռնարկություններով՝ պարզապես աշխուժացնելով արդեն գոյություն ունեցողները, որոնց ապրանքները նույնպես կստանան բոլոր այն առավելությունները, որոնք նախատեսված են խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրով: Ընդ որում ակնհայտ է, որ այդ դեպքում հայ- ռուսական հարաբերությունները միանգամայն այլ մակարդակ կստանան: Ռազմավարական գլոբալ գործընկերությունը, ինչը հասարակությունն ընկալում է որպես ծանր ժառանգություն, որը վաղուց վերածվել է ընդամենը կերուխումային զրույցների և կենացների թեմայի, կդառնա իրական համագործակցություն` միջին ու փոքր բիզնեսի, որոշակի մարդկանց և սոցիալական խմբերի մակարդակով:

Իհարկե, ես ամենևին մտադիր չեմ Ռուսաստանին բացատրել, թե որոնք են նրա ազգային և տնտեսական շահերը. ցավոք արդեն երեք հարյուր տարի է՝ հայկական քաղաքական միտքը հենց դրանով է զբաղված:

Ես պարզապես ուզում եմ հասկանալ, թե ինչու են նրանք «ոչ» ասում այս ակնհայտ շահերին, որոնցում բացակայում են անգամ քողարկված ռիսկերը:

Գուցե ռուսների պատմական դառը փո՞րձն է պատճառը: Քանի-քանի ռուս զինվոր է զոհվել Պլևնայի մերձակայքում՝ հանուն սլավոն եղբայրների ազատության, իսկ թուրքական յաթաղանից ազատագրված «եղբայրական» Բուլղարիան երկու համաշխարհային պատերազմներում կռվել է Ռուսաստանի դեմ՝ նրա թշնամիների կողմից: Ռումինիան նույնպես ավելի լավ չի վարվել:
Հնարավոր է, որ ռուսական իշխող վերնախավն զգուշանում է և չի ընդունում Հայաստանի ինքնուրույնության որևէ նշան, քանի որ Արևելյան հարևանության, ապա՝ գործընկերության ամբողջ եվրոպական քաղաքականությունը միանգամայն անհեռատեսորեն հիմնվում էր հակառուսական ընդգծված կողմնորոշումով պետություններին (Վրաստանը՝ Սահակաշվիլու, Ուկրաինան՝ Յուշչենկոյի օրոք) ԵՄ ուղեծրում առաջնահերթ ներգրավելու վրա: Երբ ակնհայտ դարձավ, որ այդ երկրների կեղծ արևմտականացումը թատերականացված բնույթ ունի՝ ներքաղաքական գործընթացները և արևմտյան աջակցության հարցում կրած հիասթափությունն այդ երկրների վերնախավերին ստիպեցին շտկումներ մտցնել արտաքին քաղաքական ուղեգծում, ինչից հետո Հայաստանը, որն այս բոլոր տարիներին ոչ մի կերպ չէր հավակնում Արևելյան գործընկերության քաղաքականության մեջ էական դերակատարման և անշտապ, առանց աղմուկի և բարձրագոչ հայտարարությունների կետ առ կետ իրականացնում էր Ասոցացման պայմանագրի պահանջները, հանկարծ հայտնվեց եվրաինտեգրման գործընթացի ավանգարդում: Հասկանալի է, որ ռուսական անվստահության իներցիան անմիջապես տարածվեց նաև մեր երկրի վրա՝ ստվերելով առկա փոխհարաբերությունների միանգամայն այլ բնույթը: Ռուսաստանում կարծես այլևս ունակ չեն հասկանալու, որ ռուսական շահերին սպառնում է ոչ թե իր հարևանների եվրոպական ինտեգրումն ինքնին, այլ այն, թե ինչպես են նրանք (հարևանները) պատրաստվում դա օգտագործել: Ոմանց համար Եվրոպայի հետ ասոցացված հարաբերությունները Ռուսաստանի քիթը տրորելու և իրենց մանր պատվախնդրությունը բավարարելու միջոց են: Մյուսների համար դա միջոց է դառնալ ավելի ուժեղ՝ միաժամանակ մնալով Ռուսաստանի ընկերն ու դաշնակիցը: Հայաստանը ընտրել է երկրորդ ճանապարհը:

Բայց Ռուսաստանում ոմանց ընկերներ, այն էլ՝ ուժեղ և ինքնուրույն, կարծես թե պետք չեն: Այնտեղ նախընտրում են ստրուկներին, ովքեր սեփական շահեր չունեն և ում կարելի է առքուվաճառքի առարկա դարձնել:

Ռուսաստանյան քաղաքական որոշ գործիչների հարձակողական-սպառնալի կամ էլ լկտի-վերամբարձ տոնը («հայերդ առանց մեզ ի՞նչ եք անելու» ոճով՗ դժվար թե Հայաստանի քաղաքական ուղեգծի կշռադատված վերլուծության կամ էլ ռուսական երկարաժամկետ շահերի տեսանկյունից դրա լուրջ գնահատման արդյունքը լինի:

Ըստ այդմ ես մի կասկած ունեմ` գուցե Ռուաաստանի քաղաքական շրջանակներին զայրացնում են այն արտահայտությոունները, որոնցով ուղեկցում է եվրոպական ինտեգրացիայի ամբողջ գործընթացը: Ուշադրություն դարձրեք, որ եվրոպական ինտեգրացիայի զանազան փուլերի համատեքստում Հայաստանում ոչ ոք երբևէ չի հիշատակել Ռուսաստանի հետ ռազմական դաշինքի ու համագործակցության թուլացման անհրաժեշտությունը: Հակառակը՝ «կոմպլեմենտար քաղաքականության» ժամանակներից ի վեր Ռուսաստանի առաջնայնությունը մեր երկրի արտաքին քաղաքականության մեջ ընդգծել են գրեթե բոլոր քաղաքական պատասխանատու ուժերը: Եվրամիության հետ ազատ առևտրի հարցը, չնայած իր կարևորությանը, նույնպես առաջնահերթ չէ մեր հասարակության քաղաքական և նույնիսկ տնտեսական օրակարգում:

Նույնը վերաբերում է հայկական օրենսդրությունը եվրոպականին համապատասխանեցնելու հարցերին:

Այսինքն անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում բանակցային գործընթացում, եվրաինտեգրմանն առնչվող հասարակական քննարկումների հիմնական թեման դուրս չի գալիս «եվրոպական արժեքների»՝ Հայաստանին մշակութագաղափարական հարազատ միջավայր վերադարձնելու ճանապարհների, ընդհանուր պատմական արմատների և նման այլ բաների մեկնաբանությունների շրջանակներից:

Մի՞թե հենց սա է զայրացնում Ռուսաստանին: Մի՞թե այսօրվա Ռուսաստանն իրեն եվրոպական երկիր չի զգում, չի ընկալում: Մի՞թե ռուսական մշակույթն ամբողջովին ու լիովին համաեվրոպական քրիստոնեական արժեքների վրա չէ խարսխված: Մենք՝ հայերս, այդ երկիրն ընկալում ենք հենց որպես այդպիսին: Ռուսաստանի հետ մեր դարավոր մտերմությունը մենք ընկալում ենք հենց որպես արժեքավոր երևույթ, որն ուղղղակի կախում չունի շոշափելի շահերից: Այդ իդեալիզմի, ինչպեսև մեր գոյության համար մենք միշտ ստիպված ենք եղել բարձր գին վճարել: Մեզ, ի տարբերություն բուլղարացիների, ռուս եղբայրները թուրքական յաթաղանից չեն փրկել, իսկ մեր տարածքները նվիրել են ուրիշներին՝ հանուն վայրկենական շահերի (որոնք ի դեպ այդպես էլ չեն ստացել):

Վերջին տարիների Ռուսաստանի ամենևին էլ ոչ դաշնակցային վարքագծի երկար ցանկը ես հիմա չեմ պատրաստվում թվարկել, այն մեր մամուլում անընդհատ արծարծվում է: Բայց ես չեմ կարողանում հասկանալ և ընդունել, երբ մեզ դնում են փակուղային՝ «կամ, կամ» ընտրության առաջ: Հանուն արդարության նշեմ, որ առաջինը բացահայտորեն նման ոճով մեզ հետ սկսեցին խոսել ոչ թե ռուսաստանցի, այլ եվրոպական գործընկերները: Բայց ով էլ մեզ նման փակուղու մեջ դնի՝ եվրոպացիները, թե ռուսները, մեզ համար անընդունելի է: Ես հասկանում եմ, որ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը ԵՄ հետ գործընկերության հետ համատեղելու մեր ձգտումը կարող է ինչ-որ մեկին Real Politik-ից հեռու ռոմանտիկական տեսաբանում, քաղաքական իլյուզիա թվալ: Բայց մեր երկրում և մեր երկրի շուրջ տիրող բարդագույն իրավիճակը ոչ սովորական լուծումներ է պահանջում: Նայեք շուրջը: Հին մոդելները Մերձավոր Արևելքում չեն գործում: Սառը պատերազմի ժամանակների նավթալինահոտ, դեղնած բաղադրատոմսերը, որոնք պահպանվել են, տանում են դեպի ճահճացում: Մենք սեփական երկրում ու աշխարհում փնտրում ենք արժանավայել գոյատևման ու զարգացման մե՛ր մոդելը: Առայժմ դժվարությամբ է ստացվում: Հարևանների հարցում բախտներս չի բերել: Իշխանությունների հարցում նույնպես: Բայց մենք կգտնենք այդ մոդելը, մի՛ կասկածեք՝ ով էլ որ փորձի մեզ վախեցնել և շանտաժի ենթարկել:

Վ. ՄԱՐԻՆՈՍՅԱՆ
sobesednik.am

Տպել Տպել