Հայաստանը միակը չէ, որ չի նշվել օգնություն ստացողների ցանկում

KIRO-MANOYAN2Ինչպես արդեն տեղեկացրել էինք` հուլիսի 24-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի` միջազգային սուբյեկտներին հատկացվող գումարների մասին որոշման մեջ ՀՀ անկախության 21 տարիների ընթացքում առաջին անգամ չի նշվել Հայաստանին հատկացվող կոնկրետ գումարի մասին:

Այս հարցի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի հետ` փորձելով պարզել, թե ինչն է պատճառը, և կարելի է այս որոշումը դիտարկել որպես ընդդեմ Հայաստանի կայացված որոշում:

Նախ Կ.Մանոյանը նշեց, որ ԱՄՆ` միջազգային սուբյեկտներին հատկացվող ընդհանուր գումարն է 20%-ով կրճատվել և ընդգծեց.

«Շատ ուղղակի հասցեագրումներ են հանվել, այսինքն ոչ միայն Հայաստանին հատկացվող կոնկրետ գումարի մասին որշում չկա, այլև չկա նաև Վրաստանին, չկան նաև տարբեր պետություններին: Հատկանշական է, որ Հարավային Կովկասում գտնվող պետություններից կա միայն Լեռնային Ղարաբաղը: Անշուշտ, շատ ավելի լավ կլիներ, եթե Հայաստանը նշվեր ու նշվեր նաև հստակ գումարը, սակայն չհիշատակելը դեռևս չի նշանակում, որ չի լինելու ոչ մի օժանդակություն: Սա պարզապես նշանակում է, որ դա արդեն թողնվում է գործադիր իշխանության հայեցողությանը: Սա պարզապես նշանակում է, որ Օրենսդիրը չի ասում Գործադիրին, որ գոնե այսքան գումար պիտի հատկացնել:Սա է տարբերությունը, բայց կատարվածը դեռ ոչինչ չի նշանակում»:

Galatv.am-ի հետ զրույցում Կիրո Մանոյանը նաև նշեց, որ Հայ դատի ամերիկյան գրասենյակը ակտիվ աշխատում է և հետագայում էլ կշարունակի աշխատել, որպեսզի ԱՄՆ Գործադիր մարմինը գումար հատկացնի Հայաստանին:

«Բայց այստեղ ևս Հայաստանի իշխանություններն իրենց անելիքն ունեն, քանի որ շատ ծրագրեր իշխանությունների հետ է, քանի որ այնպես չէ, որ բոլոր օգնությունները հենց հասարակությանն ու հասարակական կազմակերպությունների են տրվում: Հայաստանի իշխանությունները ևս պետք է կոնկրետ ծրագրեր ներկայացնեն, որպեսզի Միացյալ Նահանգների գործադիր իշխանություններն էլ համոզվեն, որ դրա կարիքը կա, և աջակցեն»:

galatv.am

Տպել Տպել