Մինչև ծովից ծով Հայաստան ունենալը, իրատեսական է գետից գետ Ղարաբաղը

arc-poxvarchapetԱրցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հպարտ է. 2012-ին Արցախից Հայաստան արտահանվել է 20 հազար տոննա ցորեն, իսկ այս տարի արտահանված եգիպտացորենի քանակի մասին տվյալ դեռ չկա, բայց շատ է:

«Չեք պատկերացնում` ինչ հպարտ եմ, ինչ հպարտություն է ապրում ցանկացած արցախցի, որ տեսնում է բարձված կամազները, որոնք գնում են դեպի Հայաստան», -հունիսի 25-ին Երևանից Ստեփանակերտ ժամանած փոքրաթիվ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԼՂՀ փոխվարչապետ, Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության Արցախի կառույցի անդամ Արթուր Աղաբեկյանը, փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը:

Այդ «կամազների» թիվը կրկնապատկելու համար, ինչպես ներկայացրեց Արթուր Աղաբեկյանը, ԼՂՀ իշխանությունները որոշել են մշակել Արաքսի ափի հողերը, որոնց ընդամենը 5-10 տոկոսն է օգտագործվում:

«Բա չգա՞ն էդ ժողովուրդը ցորեն ցանեն, բանջարաբոստանային մշակաբույսեր աճեցնեն, բա ամոթ չի՞ մեզ, որ ձմեռը պոմիդորը ներկրում ենք Թուրքիայից, եթե Արաքսի ափին ամենացածր ջերմաստիճանը լինում է 0-ն, բա չգա՞լ ու էստեղ վաղահաս կարտոֆիլ աճեցնել և չներկրել, բա չգա՞լ այստեղ այգի հիմնել, որ երևանցիների սիրած ցոգոլը Թուրքիայից չբերենք, բա չանե՞նք ժողովուրդ»,- նկատեց Աղաբեկյանը:

Այնուամենայնիվ, այդ ծրագիրն իրագործելու համար, սուղ բյուջեի պարագայում, ըստ Աղաբեկյանի, 27 կմ հոանքի գիծ է անցկացվել, շուտով խմելու ջրով ապահովելու համար ջրհորներ կտեղադրվեն, իսկ 45 ընտանիքի համար էլ կացարաններ են կառուցվել:

«Հիմա մտածում ենք` ինչպես անենք, որ հադրութեցիներից մեկին համոզենք, որ գնան այնտեղ ու խանութ հիմնեն, մի բենզալցակայան դնեն: Բոլոր հնարավորությունները ստեղծենք` տեսնենք, կգա՞ն, կարձագանքե՞ն մեր խիստ ցանկությանը», -ասաց դաշնակցական գործիչը:

Արդեն ծրագրին արձագանքող կազմակերպություն կա. Եղվարդում գործող «Բերրիություն» կազմակերպությունն է, որն իր տեխնիկական պարկը տեղափոխում է Արաքսի ափ: Աղաբեկյանը հիշատակեց նաև Աքարա գետը, որին ափամերձ հողերը ևս մշակելու կարիք կան: «Գորիսից դեպի ներքև մինչև Աքարա գետը մշակվում են տարածքները: Բայց չգա՞ն ներքև, չգա՞ն այդ տարածքները, որտեղ աշխարհի ամենաքաղցր նուռն է եղել, ամենահամեղ խաղողն է եղել, որտեղ սերմը գցում ես և տիրություն պետք չի անել, ինքը բերք է տալու: Չգա՞ն այդ տարածքում ապրանք ստեղծեն և մեր ժողովրդի ինքնաբավ լինելու ցանկությունը մասամբ իրականություն դարձվի», -նկատեց ԼՂՀ փոխվարչապետը:

Դաշնակցական գործչի համար մինչև «ծովից ծով Հայաստան» ծրագրի իրագործելը, իրատեսական է գետից գետ Ղարաբաղ ունենալը:

«Այսօր եկեք բավարարվենք դեռ գետից գետով` Արաքսից մինչև Թարթառ գետը: Սիրելիներս, մեկ միլիոն, երկու միլիոն բնակիչ կերակրելու հնարավորություն ունեցող տարածքում ապրում է ընդամենը 140 հազար մարդ: Պատկերացրեք, թե ինչ ճոխություն է մեզ համար: Անթույլատրելի: Հիմա նայեք` մենք Հադրութից մինչև Արաքս 70 կմ-ից ավել տարածք ենք անցնում և այդ ամբողջ ճանապարհին բերրի հողեր, աղբյուրներ և տարածք, տարածք, տարածք: Ի վերջո, տասնյակ կիլոմետր առաջնագիծ, մարտական հերթապահություն, մարտական առաջադրանքի կատարում մեր զինծառայողների կողմից, իսկ թիկունքում 150 կմ խորությամբ անմարդաբնակ տարածքներ», -մտահոգությունները ներկացարեց ԼՂՀ պաշտոնյան:

panorama.am
26/07/2013

Տպել Տպել