Հ.Յ.Դ. Հայաստանի կազմակերպության 8-րդ Գերագույն ժողովի բանաձեւեր


ՋԱՎԱԽՔ
Գերագույն Ժողովը, հանգամանորեն քննելով Ջավախքի հարցը, հաստատում է.
– Վրաստանի իշխանությունների ազգային խտրական քաղաքականության հետեւանքով Ջավախքի հայությունը հայտնվել է ծանր ընկերային, տնտեսական վիճակում, որի հետեւանքով մեծացել են արտագաղթի տեմպերը։
– Չունենալով Վրաստանի կազմում ինքնավարություն՝ Ջավախքի հայությունը զրկված է սոցիալ□տնտեսական եւ կրթամշակութային կյանքի տնօրինումից։

– Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը Ջավախքի հարցում պատշաճ մակարդակի վրա չէ հասարակական, տնտեսական, ազգային կյանքի ոչ մի ասպարեզում։

Հաշվի առնելով Ջավախքում ստեղծված ծանր կացությունը եւ անսալով ջավախահայության պահանջներին՝ ՀՀ Կառավարության ուշադրությունը պարբերաբար հրավիրել նշված խնդիրների լուծմանը՝ թե՛ ՀՀ հնարավորություններով, թե՛ Վրաստանի իշխանությունների հետ համատեղ ծրագրերի շրջանակներում, որը կարող է հայ-վրացական համագործակցության եւ վստահության հավելյալ գործոն հանդիսանալ։
Ելնելով վերոգրյալից՝ ժողովը որոշեց ՀՀ Կառավարության առջեւ խնդիր դնել՝ ստեղծելու Ջավախքի հարցերով զբաղվող կառույց, որը կմշակի եւ կիրականացնի վերականգնման եւ զարգացման ծրագիր։

ԱՐՑԱԽ
Հաշվի առնելով Արցախի հիմնախնդիրների շուրջ առաջիկա հնարավոր զարգացումները՝ ՀՅԴ Հայաստանի կազմակերպության Գերագույն ժողովը եւս մեկ անգամ հաստատում է կուսակցության դիրքորոշումները ԼՂՀ հարցում՝ առաջնորդվելով 29-րդ Ընդհանուր ժողովի որոշումներով՝ Հ.Յ.Դաշնակցությունը անընդունելի է համարում ԼՂՀ անվտանգության երաշխիքներից որեւէ զիջում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը պետք է նպաստի մայր Հայրենիքի հետ վերամիավորմանը։
Ադրբեջանական իշխանությունների այսօրվա մերժողական քաղաքականության պայմաններում, Ղարաբաղյան բանակցություններին պետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իսկ Հայաստանը պետք է հանդես գա իբրեւ Արցախի անվտանգության ու անկախության երաշխավոր։
Հ.Յ.Դաշնակցությունը շարունակելու է հետեւողական աշխատանք տանել Արցախի տնտեսության զարգացման, ընկերային եւ ժողովրդագրական վիճակի բարելավման, երկրում ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման ուղղությամբ։

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ
Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները համապատասխանեցնել զարգացումների արդի մակարդակին։
Այդ նպատակով պետության առջեւ հարց դնել՝ ստեղծելու հատուկ կառույց՝ ոլորտի տնօրինումը արտաքին գործերի նախարարությունից փոխանցելով այս կառույցին։
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ, ԱՂԱՆԴՆԵՐ
Մտահոգություն հայտնելով Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռների միջեւ տարաձայնությունների եւ հակասությունների խորացման վերաբերյալ, հաստատելով, որ այս խնդիրները միայն ներքին եկեղեցական չեն, այլ ունեն համազգային նշանակություն՝ հետամուտ լինել ներեկեղեցական տարաձայնությունների աստիճանական վերացմանը եւ համաձայնության ու համերաշխության հաստատմանը։
Պայքար մղել աղանդավորության դեմ, որը սպառնում է ոչ միայն եկեղեցու, այլեւ ողջ ազգի հոգեւոր միասնությանն ու անվտանգությանը։
Պետականորեն վերահսկել աղանդների գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը։
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ
Ժողովը մտահոգություն է հայտնում տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հնարավոր նոր զարգացումների կապակցությամբ եւ հանձնարարում նորընտիր Գերագույն մարմնին՝ հատուկ ուշադրություն դարձնել փոխհարաբերությունների հետեւյալ ուղղություններին.

– Հայաստան-ՆԱՏՕ,
– Հայաստան-Եվրամիություն,
– Ռուսաստան-Իրան
– Թուրքիա-Եվրամիություն հնարավոր զարգացումներ,

– Ցեղասպանության միջազգային ճանաչում։

Հանգամանորեն քննելով Իրաքի կայունացման բազմազգ ուժերին եւ փոխըմբռնման հուշագրին ՀՀ ՊՆ միանալու առաջարկությանը հավանություն տալու Կառավարության որոշումը՝ ժողովն արձանագրում է.

ա. ՀՀ-ն Իրաքի հիմնախնդրում պետք է խստորեն առաջնորդվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ միջազգային այլ կազմակերպությունների որոշումներով, որոնց մաս է կազմում։

բ. Այս հիմնահարցը առնչվում է հայ ժողովրդի եւ հատկապես Միջին Արեւելքի հայահոծ գաղութների անվտանգությանը, ուստի ՀՀ իշխանությունները պետք է առաջնորդվեն Հայաստանը եւ հայկական գաղթօջախները միջազգային ահաբեկչության հարվածների թիրախ չդարձնելու ռազմավարությամբ։

Տպել Տպել