ԱՄՆ պետքարտուղարությունը Սիրիայում բոլոր կողմերին կոչ է անում պաշտպանել քաղաքացիական անձանց:
ԱՄՆ պետքարտուղարությունը, ի պատասխան Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի եւ հայ-ամերիկյան քաղաքացիական ու կրոնական առաջնորդների լայն շրջանակների անհանգստությանը, ընդգծել է ընթացիկ դիվանագիտական նախաձեռնությունների արդիականությունը, որի նպատակը Սիրիայում բոլոր կողմերին իրենց միջազգային պարտավորությունները հիշեցնելն է՝ պաշտպանել քաղաքացիական բնակչությանը եւ ապահովել մարդասիրական կազմակերպությունների կողմից բոլոր կարիքավորների օգնությունը:
Այս մասին հաղորդում է Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը:
ԱՄՆ պետքարտուղարության ուղղված նամակը երկրի կառավարությունում Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ խորհրդակցության շարունակությունն էր: Խորհրդակցությանը մասնակցել են հայ-ամերիկյան քաղաքացիական, կրոնական եւ բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Նամակում նշվում է, որ ԱՄՆ-ը կարեւորություն է տալիս Հալեպում պարբերաբար բժշկական եւ մարդասիրական օգնություն հատկացնելուն, ինչպես նաեւ միջոցներ է հատկացնում սիրիացի փախստականներին ընդունող երկրներին, այդ թվում Հայաստանին ու Լիբանանին:







