Նման միջոցառումներն ազգամիջեան եւ միջկրօնական լարւածութիւն սերմանելուց բացի, որպէս կանոն, վերածւում են տարբեր տրամաչափի պանթուրքիստ ակտիւիստների ժամադրավայրի, որտեղ գեներացւում են անջատողական նորանոր մտքեր եւ գաղափարներ: Այնպէս, որ …
Օգոստոսի 16-ին «armenian. irib.ir»-ին տեղեկացրել էր, որ նոյեմբերի 6-ին Թաւրիզի համալսարանի Իրանի պատմութեան ու մշակոյթի հաստատութեան նախաձեռնութեամբ, Իրանի մշակութային ու հետազօտական կենտրոնների համագործակցութեամբ եւ Ադրբեջանի Հանրապետութիւնում ազատութեան պաշտպան միութիւնների աջակցութեամբ կայանալու է Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերեալ միջազգային խորհրդաժողով:
Առաջին հայեացքից բնական եւ գովելի է, որ ինչ-որ համալսարան տարածաշրջանային որեւէ հիմնախնդրի կապակցութեամբ կազմակերպում է գիտաժողով եւ փորձում է դրա խաղաղ կարգաւորման համար ելքեր առաջադրել:
Սակայն, ինչպէս ասացինք, սա միայն առաջին հայեացքից, քանզի երբ ի յայտ է գալիս Բաքւի որոշակի շրջանակների մօտ այս միջոցառման պատճառած ոգեւորութիւնը, ակամայից հարց է առաջանում, թէ այդ ինչպէս եղաւ, որ մինչ հիմա Իրանի Իսլամական Հանրապետութեանը հայամէտ դիրքորոշման մէջ մեղադրող ադրբեջանական «բարեհամբաւ» մի շարք կազմակերպութիւններ միանգամից եւ միաբերան սկսեցին գովասանական եւ դրւատանքի խօսքեր շռայլել այս միջոցառման կազմակերպիչների հասցէին՝ այն համարելով «օգտակար քայլ»:
Բաքւի աքլորներից, այսպէս կոչւած «Ղարաբաղի ազատագրման կազմակերպութեան» նախագահ Աքէֆ Նաղին այս խորհրդաժողովի կազմակերպումը համարել է օգտակար քայլ, իսկ «Ադրբեջանի խաղաղութեան եւ հակամարտութիւնների կարգաւորման կենտրոն»-ի նախագահ Էլխան Մեհդիեւն ասել է. «Ղարաբաղի հարցի կապակցութեամբ Հայաստանին ճնշման դնելու համար՝ Իրանն օժտւած է բազմաթիւ հնարաւորութիւններով»:
Բաքու վերադառնալուց յետոյ ճիւաղ Ռամիլ Սաֆարովին ամէն տեղ ընկերակցող Աքէֆ Նաղիի գովասանական խօսքերը եւ ինչ-որ Էլխան Մեհդիեւի ակնկալիքներն արդէն վկայում են այն մասին, որ Բաքւի ակտիւիստներն ինչպիսի ախորժակով են պատրաստւում մասնակցել այս «խաղաղասիրական» միջոցառմանը:
Ի դէպ, Արեւելեան Ատրպատականի նահանգային տարբեր գերատեսչութիւնների ղեկավարներին, Թաւրիզի համալսարանի ռեկտորատին եւ այսպէս կոչւած «խորհրդաժողով»-ի կազմակերպիչներին յուշենք, որ տխրահռչակ «Ղարաբաղի ազատագրման կազմակերպութեան» պորտալարն ուղղակիօրէն կապւած է Թուրքիայի գորշ գայլերին: Այս կազմակերպութիւնը սերտ կապերի մէջ է եղել «Էրգենեքոն» ահաբեկչական ցանցի առանցքային դէմքերի հետ եւ մշտապէս աչքի է ընկել իր ընդգծւած հակահայ, ինչպէս նաեւ հակաիրանական դիրքորոշումներով: Կարծում ենք, որ այս կազմակերպութեան եւ Իրանի պանթուրանական շրջանակների սիրավէպի մասին խօսելն աւելորդ է: Իսկ «Ադրբեջանի խաղաղութեան եւ հակամարտութիւնների կարգաւորման կենտրոն»-ի պորտալարային կապերի բացայայտման հաճոյքը սիրով կը զիջենք Թաւրիզի համալսարանի «գիտաշխատողներ»-ին:
Այս գորշ խճանկարի բոլոր մասնիկներն ի մի բերելով, տրամաբանական հարց է առաջանում, թէ այս բոլորն ինչքանով է բխում Իրանի Իսլամական Հանրապետութեան ազգային անվտանգութեան եւ տարածաշրջանային անմիջական շահերից, մանաւանդ, եթէ հաշւի առնենք Իրանի որպէս Հայաստանի Հանրապետութեան եւ հայութեան լաւագոյն բարեկամի եւ ԼՂ-ի հակամարտութիւնում որպէս անշահախնդիր եւ անկողմնակալ միջնորդի բարի համբաւը: Անկասկած, նման երրորդական կարգի անորակ եւ անպտուղ նախաձեռնութիւնները միմիայն կոչւած են՝ ստւերելու Իրանի բարի համբաւը եւ խաթարելու հայ-իրանական բարիդրացիական յարաբերութիւնները:
Վերջում մի կարեւոր դիտարկում եւս: Նման միջոցառումներն ազգամիջեան եւ միջկրօնական լարւածութիւն սերմանելուց բացի, որպէս կանոն, վերածւում են տարբեր տրամաչափի պանթուրքիստ ակտիւիստների ժամադրավայրի, որտեղ գեներացւում են անջատողական նորանոր մտքեր եւ գաղափարներ: Այնպէս, որ ..
ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
alikonline.ir
18/08/2013







