Ռուսաստանցի հասարակական գործիչների և լրագրողների ճանաչողական այցը Արցախ

GhulyanԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 26-ին ընդունել է ռուսաստանցի մի խումբ հասարակական գործիչների և լրագրողների, ովքեր Արցախ են ժամանել ճանաչողական այցով՝ Մոսկվայում գործող «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի ուղեկցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել այցի առթիվ։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին անհամեմատ հաճախակի են դարձել տարբեր երկրների անվանի քաղաքական, հասարակական գործիչների այցերը, ովքեր ցանկանում են մոտիկից ճանաչել Արցախը, անմիջականորեն տեղում ծանոթանալ ղարաբաղյան հիմնախնդրի, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության պատճառներին ու հետևանքներին, ականատես լինել նորանկախ հանրապետության պետականաշինության ընթացքին, պարզապես հանդիպել ու զրուցել արցախցի մարդկանց հետ։

«Այս առումով, մեզ համար հաճելի է արցախյան հողում տեսնել նաև մեր վաղեմի բարեկամի՝ ռուս ժողովրդի ներկայացուցիչներին»,- իր խոսքում նշել է ԼՂՀ ԱԺ նախագահը:

Խոսելով կարգավորման գործընթացի զարգացումների մասին` խորհրդարանի նախագահը այդ համատեքստում նշել է, որ ԼՂՀ ժողովուրդը և իշխանությունները մեծապես կարևորում ու արժանվույնս են գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ երկրների միջնորդական առաքելությունը։ Ռուսաստանից ժամանած հյուրերին հետաքրքրել են երկրի ընտրական համակարգը, քաղաքական դաշտը, խորհրդարանի կառուցվածքը, իշխանությունների սոցիալական քաղաքականությունը, բնակչության, մանավանդ, երիտասարդության զբաղվածության ապահովման դրվածքը և այլ ոլորտներ։ Պատասխանելով նրանց հարցերին` ԱԺ նախագահը տվել է համապատասխան պարզաբանումներ։

Հանդիպում ԼՂՀ ԱԳՆ-ում

yuraՕգոստոսի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած մի խումբ ռուսաստանյան լրագրողների և հասարարական գործիչների։

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունել է պատվիրակության անդամներին և ընդգծել նման այցելությունների կարևորությունը ռուսաստանյան հանրության մոտ ԼՂՀ-ի և նրանում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական գործընթացների վերաբերյալ ճշգրիտ և անաչառ պատկերացում ձևավորելու գործում ։

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը և պատասխանել է հակամարտության կարգավորման հեռանկարներին, տարածաշրջանային գործընթացներին և ԼՂՀ-Ռուսաստան հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցերին:

Նշենք, որ պատվիրակության այցը կազմակերպվել է Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի նախաձեռնությամբ: Պատվիրակությանն ընկերակցում էր Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Յուրա Նավոյանը:

nkr.am

Տպել Տպել