ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի «Ազատության» մրցանակը կշնորհվի ամերիկահայ անվանի գրող Քրիս Բոհջալյանին

hdԱՄՆ Արևելյան շրջանի Հայ դատի հանձնախմբի 7-րդ ամենամյա ճաշկերույթ-մրցանակաբաշխությունն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 12-ին Ֆիլադելֆիայում:

Ինչպես հաղրոդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Armenian Weekly անգլալեզու շաբաթաթերթը, ճաշկերույթին ավանդաբար հաջորդող մրցանակբաշխության արարողության ժամանակ ԱՄՆ Հայ դատի հեղինակավոր «Ազատության» մրցանակ կշնորհվի քննադատների կողմից բարձր գնահատականի արժանացած ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանին` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած իր մեծ ներդրման համար:

Իսկ հայ ակտիվիստներից Զոհրաբ Թազյանը կարժանանա «Վահան Քարդաշյան» մրցանակին, որով պարգևատրում են Հայ դատի գաղափարախոսության հանրահռչակման և տարածման գործում աչքի ընկած ակտիվիստներին:

Բանկետի համանախագահներն են Փենսիլվանիայի Հայ դատի հանձնախմբի անդամներ Ջեյմս Կզիրյանը և Լորիգ Պարոնյանը: «Սա հրաշալի միջոցառում է, որն իրապես ներկայացնում է ԱՄՆ Արևելյան շրջանի Հայ դատի հանձնախմբի ծավալած գործունեությունը և ցուցադրած օժանդակությունը: Հոկտեմբերի 12-ին մենք աննախադեպ թվով այցելուներ ենք ակնկալում»,- նշել է Կզիրյանը: Հոկտեմբերի 11-ին` բանկետի բացման արարողությանը, կկայանա Արևելյան շրջանի Հայ դատի հանձնախմբի կազմակերպած թերևս ամենամեծ դրամահավաքը:

2007 թվականից ի վեր ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի «Ազատության» մրցանակով են պարգևատրվել ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, Պուլիտցերյան մրցանակակիր Սամանթա Փաուերը, ԱՄՆ սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Էդուարդ Քենեդին, ԱՄՆ նախկին սենատորներ Ռոբերտ Դոուլը և Էլիզաբեթ Դոուլը, բարոնուհի Քերոլայն Քոքսը:

armenpress.am

Տպել Տպել