Վահան Հովհաննիսյան. Ներքին ամրությունը՝ անվտանգության կարեւոր գործոն


ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հարցազրույցը «Ալիք» օրաթերթին:

– Պարոն Հովհաննիսյան, հակիրճ ինչպե՞ս կբնութագրեք 93-րդ տարին թեւակոխած հայոց պահանջատիրության այսօրյա շրջափուլը:

– Ես կարծում եմ` ընդհանրապես, այս 93 տարիները պետք է բաժանել մի քանի փուլի. իհարկե, դա պատմաբանների գործն է: Հայաստանի ժողովուրդը եւ պետությունը, տվյալ ժամանակահատվածում անկախություն չունենալով, Ցեղասպանությունից վերապրողների մեծ մասը Ցեղասպանության ճանաչման հարցը հետապնդել չէր կարող ո’չ քաղաքական եւ հասարակական, եւ ո’չ էլ պետական մակարդակով: Սակայն կար Սփյուռքը եւ կար Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որոնք, փաստորեն, այդ տասնամյակների ընթացքում համահայկական ջանքերը փոխարինում էին իրենց ջանքերով:

Հենց այդ տարիներին ստեղծվեցին Դաշնակցության Հայ Դատի գրասենյակները, ստեղծվեցին տարբեր լոբբիստական կազմակերպություններ, հարցը դարձավ օրակարգային տարբեր միությունների համար, ոչ միայն` դաշնակցական: Բոլորս ակնկալում էինք, իհարկե, որ անկախացման հետ միասին` պետությունը կստանձնի ղեկավար եւ ուղղորդող դեր, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի ռեժիմի ժամանակ, ինչպես հիշում եք, Ցեղասպանության մեջ մեղադրվում էր ով ասես, բացի Թուրքիայից, թե` ինքը` հայությունը, թե` քաղաքական կազմակերպությունները` Դաշնակցությունը, թե` օտարերկյա տերությունները, բայց ոչ` Թուրքիան: Սա, իհարկե, հիասթափեցնող էր, բայց մեր ժողովրդի կամքը բացարձակապես չկոտրեց:

Եվ առանձնացնել է պետք վերջին 10 տարին, երբ մասնակի իշխանափոխությունից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, եւ նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը: Նա այս հարցում Հայաստանի պետական քաղաքականությունը փոխեց: Պետական քաղաքականությունը սատար կանգնեց հայ ժողովրդի պահանջին եւ ճիշտ ձեւակերպումով դարձավ համաժողովրդական պահանջ. չէ՞ որ կային եւ մինչեւ հիմա էլ կան քաղաքական ուժեր, որոնք համարում են, թե Ցեղասպանության հարցի հետապնդումը սփյուռքահայության գործն է, Հայաստանը եւ արեւելահայությունը այդ հարցի հետ գործ չունեն, ինչը ոչ միայն քաղաքական տգիտություն է, այլ նաեւ վտանգավոր եւ հանցավոր մոտեցում:

Ինչեւէ, վերջին 10 տարիներին դժվարություններով, սխալներով, անշուշտ` որոշակի զգուշավորությամբ, բայց պետությունը իր քաղաքական օրակարգում ներգրավեց Ցեղասպանության ճանաչման հարցը, եւ վերջին 10 տարիների փորձը ցույց տվեց, որ դա ոչ թե թուլացրեց Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում, ոչ թե նոր մարտահրավերներ կանգնեցրեց մեր առջեւ, այլ հակառակը` ամրապնդեց մեր դիրքերը եւ մարտահրավերների լուծման ճանապարհներ բացեց: Հայաստանը սկսեց սեփական ճակատագրում գործոն դառնալ. սա է անկախ, ինքնուրույն պետության ճիշտ վարվելակերպը:

Հիմա մենք ունենք նոր նախագահ. հուսով եմ, որ քաղաքականությունը ոչ միայն չի փոխվի, այլեւ է`լ ավելի հստակ կդառնա, է`լ ավելի նպատակաուղղված: Վերը նշված պատճառով է, որ վերջին տարիներին Ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվը մի քանի անգամ աճեց, եւ Եվրամիության, ՆԱՏՕ-ի անդամ երկրների թիվը դրանց մեջ կազմում է գերակշռող մաս, ինչը ինքնին շատ հետաքրքիր է. տեսեք, Թուրքիան ձգտում է դառնալ Եվրամիության անդամ, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, այդուամենայնիվ, իր իսկ դաշնակիցներն այդ հարցը դնում են Թուրքիայի առջեւ:

– Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը, հատկապես` ցեղասպանների իրավահաջորդ պետության կողմից, ՀՀ-ի եւ հայության ազգային-պետական անվտանգության երաշխիքն է համարվում: Ըստ Ձեզ` որո՞նք կարող են լինել անվտանգության մյուս ստորոգելիները հայության եւ Հայաստանի շուրջ առկա աշխարհաքաղաքական աննպաստ պայմանները դիմագրավելու համար:

– Աշխարհում վաղուց արդեն ձեւակերպված բանաձեւ կա` երկրի անվտանգության բանաձեւը: Դա նույնիսկ թվային արտահայտում ունի, եւ այդ բանաձեւում շատ կարեւոր տեղ է զբաղեցնում երկրի վարած քաղաքականությունը, նրա միջազգային հարաբերությունները, դաշնային, պայմանագրային հարաբերությունները անվտանգության ասպարեզում` տարբեր երկրների հետ, բայց ամենակարեւոր գործոնը երկրի ներքին ամրությունն է, այսինքն` որքանո՞վ է հասարակությունը պատրաստ պաշտպանելու սեփական երկիրը եւ ինքնուրույնությունը: Սա կարեւորագույն գործոն է:

Իհարկե, այստեղ կան նաեւ շատ ուրիշ գործոններ եւս` տնտեսություն, տրանսպորտային ցանցի զարգացածության մակարդակ, կապի միջոցներ եւ այլն: Հազարավոր գործակիցներ ունի այս բանաձեւը, բայց բանաձեւի որեւէ տարր չի աշխատի, եթե հիմնականը չկա, եթե հասարակությունը պատրաստ չէ բոլոր ուժերով, բոլոր ուժերի լարումով պաշտպանելու սեփական ինքնուրույնությունը եւ անկախությունը: Իհարկե, որեւէ հասարակության մեջ այդ գործակիցը տատանվում է, որովհետեւ ժողովրդի ապրելու մակարդակից է դա հաճախ կախված, քաղաքական իրադարձություններից: Ցավոք, վերջին ժամանակներում Հայաստանում պառակտողական գործունեությունը մի շարք քաղաքական ուժերի բերել է այն բանին, որ վստահությունը` սեփական ինքնուրույնության եւ անկախության նկատմամբ, վճռականությունը` այդ նվաճումները պաշտպանելու համար, որոշակի անկում են ապրում: Այստեղ կարեւոր մի հանգամանք կա. ընդհանրապես, զարգացած, նորմալ հասարակարգում, հասարակության մեջ քաղաքական ուժերը վիճում են ազգային նպատակին հասնելու ճանապարհների մասին, այսինքն` հասարակության որոշ շերտերը` ծայրահեղական լուսանցքային ուժերը չհաշված, հասարակության բոլոր առողջ ուժերը` սոցիալիստ կամ լիբերալ, տարբեր հոսանքներ, ի վերջո, որոշակի ներքին համաձայնություն ունեն երկրի զարգացման նպատակների մասին, որոնք պետք է արտահայտված լինեն երկրի անվտանգության, երկրի զարգացման հայեցակարգում:

Երբ բոլորի համար այս հայեցակարգն ընդունելի է, այսինքն` երկիրը, ժողովուրդը, ազգը ուր են գնում, իրենց առջեւ ինչ նպատակ են դնում, հետո սկսում են վեճերը` ինչ ճանապարհով դրան հասնելը ավելի ճիշտ կլինի: Ձախակողմյան ուժերը մի ճանապարհ են առաջարկում, աջակողմյանները` մի այլ, վերջապես, ժողովրդի որոշմամբ ու ընտրությամբ, բանավեճերի միջոցով գտնվում է ինչ-որ` բոլորին քիչ թե շատ բավարարող ձեւ, ճանապարհ:
Հայաստանի հասարակության մեջ, ցավոք, վեճը գնում է ոչ այնքան այդ ճանապարհների մասին, որքան բուն նպատակի: Մինչեւ հիմա կան ուժեր, որոնց թիկունքում Լեւոն Տեր-Պետրոսյանն է կանգնած, որոնք համարում են, թե Հայաստանի զարգացումը անհնարին է` առանց Արցախը զիջելու, որ Հայաստանի բարեկեցիկ կյանքը, առաջընթացը հնարավոր չէ առանց Ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարվելու եւ այլն:

Այսպիսի վտանգավոր հոսանքներ կան. մենք հիմա, օրինակ, տեսնում ենք նույնիսկ բոլորովին անընդունելի երեւույթներ, ինչպես վերջին նախագահական ընտրություններից հետո կայացած հանրահավաքների ժամանակ: Հանրահավաքների որոշ բանախոսներ, անգամ բանակը եւ ոստիկանությունը, այսինքն` ազգային անվտանգության հենարանները, կազմալուծելու փորձեր էին անում` բանակի ծառայողներին, զինծառայողներին կոչ անելով լքել իրենց դիրքերը, միանալ ժողովրդին, այսինքն` հանրահավաքի մասնակիցներին տվյալ դեպքում, որովհետեւ նրանք մեծամասնություն չէին: Եվ նրանց ելույթները ոչնչով չէին տարբերվում 1920 թվականի մայիսյան ապստամբության բոլշեւիկների կոչերից, որոնք կազմալուծեցին բանակը եւ Հայաստանը թիրախ ու հեշտ զոհ դարձրին թուրք-բոլշեւիկյան ագրեսիայի: Ինչո՞վ է, օրինակ, այն ժամանակվա բոլշեւիկյան հռետորներից տարբերվում, ասենք, նման ելույթը մեր օրերում, ոչնչով, եւ ես կարծում եմ, թե սա բոլորովին անընդունելի է, եւ մեր հասարակությունը պետք է սա գիտակցի:

Միեւնույն ժամանակ, իհարկե, պետք է ասել, որ փոխկապակցված աշխարհում, երբ ոչ մի ազգ եւ պետություն մեկուսացման մեջ չեն ապրում, դու չես կարող միայն ու միայն ներքին ամրության, ներքին զարգացման գործոնների վրա հենվել: Այդպիսի ճանապարհով գնացող պետություններ էլ ունենք. որպես օրինակներ` Հյուսիսային Կորեան` իր «չու-չխե» գաղափարներով, կամ Կուբան, որոնք ամբողջ աշխարհից մեկուսացման մեջ իրենց անվտանգությունը փորձում են ապահովել` միայն ու միայն սեփական ուժերի վրա հենվելով: Դա շատ կարեւոր է, բայց եթե դա չի համադրվում միջազգային հարաբերությունների եւ կապերի հետ, բերում է բավականին վտանգավոր հետեւանքների:

Ուստի Հայաստանի համար շատ կարեւոր են միջազգային կապերը. մեր անվտանգությունը պետք է ապահովված լինի մեր միջազգային հարաբերությունների մի ամբողջ ցանցով, եւ չեմ համարում, որ մենք պետք է ամբողջությամբ միակողմանի կողմնորոշում ունենանք:

Մենք խաղաղասեր երկիր ենք, որեւէ մեկի վրա հարձակվելու նպատակ, մտադրություն չունենք: Սեփական շահերը, սակայն, պետք է պաշտպանենք ամեն գնով, իսկ դա նշանակում է, որ մեր շահերը պետք է հասկանալի, ճանաչելի եւ ձեռնտու լինեն ոչ միայն մեզ համար, եւ այստեղ է, որ մենք պետք է կարողանանք, լինելով Ռուսաստանի դաշնակիցը, լինելով Ռուսաստանի կողմից կառուցված անվտանգության համակարգի մաս, միաժամանակ որեւէ ճնշման չենթարկվել եւ մեր կապերը չխզենք այլ անվտանգության համակարգերի հետ:

ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունը, կարծում եմ, պետք է զարգանա, առաջ գնա, մեր ուղղակի կապերը անվտանգության համակարգում այնպիսի, նույնիսկ իրար հակադրված ուժերի, կենտրոնների հետ, ինչպիսին են Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իրանը, պետք է զարգանան: Սա նշանակում է հմուտ, ճկուն դիվանագիտություն ունենալ եւ սեփական շահերի ամբողջ համալիրը դարձնել մատչելի, հասկանալի եւ ընդունելի ու ձեռնտու նաեւ ուրիշների համար: Ես կարծում եմ, թե սա պետք է լինի մեր գերխնդիրն այսօր:

– Հայ Դատի հաղթական ավարտը, ինչ խոսք, պայմանավորված է ներազգային ճակատի ամրակայմամբ: Ձեր կարծիքով` արդյոք ամո՞ւր կարելի է համարել այդ ճակատը, հատկապես հայաստանյան հետընտրական քաղաքական իրադարձությունների լույսի ներքո:

– Այստեղ ես կարող եմ հակիրճ պատասխանել: Իհարկե, որոշ իմաստով այս ճակատին մեր ազգային միասնությանը, այսպես ասենք` բավական ուժեղ հարված հասցվեց: Մենք որոշ դիրքեր կորցրինք մի կողմից միջազգային ատյաններում, մյուս կողմից` սեփական հասարակության մեջ. Հայաստան կամ Սփյուռք, միեւնույն է, առաջացան լարումներ, պառակտումներ, փոխադարձ անվստահության մթնոլորտ:

Մենք պետք է այս ամենը կարողանանք վերականգնել: Սակայն պետք է ասեմ, որ ինչ վերաբերում է Ցեղասպանության ճանաչման հարցին, Հայ Դատի հարցի հետապնդմանը` ընդհանրապես դրանում ներառելով Լեռնային Ղարաբաղի հարցը, կարծում եմ, թե մեր հանրության միասնականությունը, այնուամենայնիվ, խնդրո առարկա չէ:

– Պարոն Հովհաննիսյան, Ադրբեջանը վերջին ամիսների ընթացքում ՀՀ-ի դեմ որդեգրել է հոխորտանքի, սպառնալիքի ոճը` ռազմական բյուջեները մի քանի անգամ ավելացնելով: Որքանո՞վ են իրական այդ սպառնալիքները, թե՞ դրանք ներքին սպառման կոչեր պետք է համարել:

– Մենք սա կարող էինք ներքին սպառման կոչեր համարել մի քանի տարի առաջ, սակայն հիմա, երբ Ադրբեջանը ակտիվորեն փորձում է կազմալուծել Մինսկի խումբը, Մինսկի խմբի հանախագահների աշխատանքը խոչընդոտել եւ, փաստորեն, անընդհատ խանգարիչ հանգամանքներ է առաջ բերում, Մինսկի խմբի բանակցային պրոցեսի ընթացքում ընդհանրապես նորանոր խոչընդոտեր է ստեղծում, իհարկե, արդեն պետք է ավելի լուրջ վերաբերվենք այս սպառնալիքներին:
Սա նշանակում է, որ մենք պետք է, ինչպես միշտ եմ անհրաժեշտ համարել, ապրենք հին լատինական սկզբունքի համաձայն` ուզում ես խաղաղություն լինի` պատրաստվիր պատերազմի, այսինքն` մենք պետք է պատրաստ լինենք հակահարված տալ որեւէ պարագայում:

Ի դեպ, Ադրբեջանի գրողները, ադրբեջանցի-թուրք գրողները Հայաստանի ու Արցախի նկատմամբ ոչ միայն սահմանափակվեցին այս անգամ միջազգային ատյաններում բանաձեւերի առաջարկումով, այսինքն` հրապարակախոսական գրոհներով, ագրեսիվ հայտարարություններով, այլ ուղղակի հարձակվեցին հյուսիսային Արցախում` Մարտակերտում:

Իհարկե, մեր բանակն անմիջապես դաս տվեց ագրեսորին, հետ շպրտեց նրան, սակայն սա արդեն նշանակում է, որ Ադրբեջանում լուրջ են վերաբերվում սեփական ռազմական բյուջեին: Բայց այստեղ հայությանը միայն մի բան ունեմ ասելու` Սփյուռքում կամ Հայաստանում. իսկ այդ ե՞րբ Ադրբեջանի բյուջեն մերից մի քանի անգամ ավելի չէր: Նրանք միշտ մեզանից քանակով շատ են եղել, նրանք միշտ զենք ավելի շատ են ունեցել: Չմոռանանք, որ Սովետական Միությունը Հարավային Կովկասից հեռացավ, ռազմական բազաների իր ամբողջ զինամթերքի եւ զենքի գերակշռող մեծամասնությունը մնաց ադրբեջանցիներին, ոչ թե մեզ:

Եվ նրանց բյուջեն արդեն այն ժամանակներից մի քանի անգամ ավելի մեծ էր, բայց նրանք ջախջախիչ պարտություն կրեցին պատերազմում, որովհետեւ, ինչպես ամենասկզբում ասացի, անվտանգության բանաձեւում ամենակարեւորը ժողովրդի, հասարակության պատրաստակամությունն է` պաշտպանելու սեփական անկախությունը, նվաճումները եւ ինքնուրույն ապրելու իրավունքը: Մենք սրա վրա պետք է աշխատենք. բյուջեն էլ կարեւոր է. մենք պետք է մեր տնտեսությունը զարգացնենք, հետ չմնանք եւ այլն, բայց ինչ անենք` նավթ չունենք:

Ուրեմն` պետք է ասիմետրիկ պատասխան տանք, ուրիշ ասպարեզներում ուժեղ լինենք նրանցից` կազմակերպվածության բարձր տեխնոլոգիաների իմացությամբ, մեր տնտեսության զարգացման նոր հիմքեր որոնելու առումով: Կարծում եմ` այս նոր կառավարությունը ձեռնամուխ կլինի ավելի խորացնելու այդ աշխատանքը:

– ՀՀ-ի անդամակցումը ԱՊՀ-ին կամ ՀԱՊԿ-ին ինչքանո՞վ կարող է երաշխավորել ՀՀ անվտանգությունը ռազմական հարձակման դեպքում: Արդյոք այդ կազմակերպությունները պատշաճ պաշտպանություն կձեռնարկե՞ն անդամակից երկրի դեմ հարձակումը կանխելու համար:

– Պետք է ասել, որ ԱՊՀ-ն` որպես միջազգային կազմակերպություն` քաղաքական բովանդակությամբ, ես չեմ համարում ամբողջությամբ կայացած եւ ազդեցիկ: Ցավոք, դա անել չհաջողվեց, որովհետեւ ԱՊՀ անդամ ձեւականորեն մնացին պետություններ, որոնք մի կողմից ստեղծեցին իրենց սեփական կազմակերպությունը` ՎՈՒԱՄ-ը, մյուս կողմից` մնալով ԱՊՀ-ի մեջ, ամեն կերպ խոչընդոտեցին ԱՊՀ-ի զարգացումը եւ ազդեցիկ առաջընթացը: Եվ պետք է հիշել, որ ԱՊՀ-ն ռազմականացված կազմակերպություն չէ, այլ քաղաքական խորհրդատվական բնույթի, որի ազդեցիկությունը, իմ կարծիքով, բավական ցածր է:

Ինչ վերաբերում է մյուսին` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, ապա սա թեեւ անվտանգությունը ապահովելու համար մասնագիտացված հատուկ ստեղծված կազմակերպություն է, բայց չեմ համարում, թե ամբողջությամբ կայացած է, որովհետեւ այն դեռ շատ կարճ ժամանակահատված է գործում, դեռ պայմանագրի բազմաթիվ կետեր ճշտման կարիք ունեն փոխադարձ պարտավորությունների կատարման իմաստով, բացի դրանից, ի տարբերություն ԱՊՀ-ի, այս կազմակերպությունը գրեթե բոլորովին քաղաքական բովանդակությունից է զրկված: Այսինքն` նրա հիմնական ուղղվածությունը հակատեռորիստական միջոցառումներն են եւ այլն, եւ այլն, բայց ոչ ամբողջական անվտանգության պահպանություն, որովհետեւ այս կազմակերպության մեջ էլ մտնում են պետություններ, որոնք մնացածի նկատմամբ քաղաքական պարտավորություններ չեն կրում:

Ասենք, օրինակ, Ղազախստանը, որ այս կազմակերպության անդամ է, միջազգային տարբեր-տարբեր ֆորումներում քվեարկում է Հայաստանի դեմ` հօգուտ Ադրբեջանի, այսինքն` Ադրբեջանը այս կազմակերպության անդամ չէ, բայց Ղազախստանի օգնության եւ հովանավորության բոլոր ձեւերից կարողանում է օգտվել: Մենք Ղազախստանի հետ նույն կազմակերպության մեջ ենք, բայց չենք կարողանում օգտվել. նա մեր դեմ է քվեարկում:

Քաղաքական բաղադրիչ, քաղաքական բովանդակություն այս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պետությունների մեջ դեռեւս չկա. սա պետք է զարգացվի: Այսինքն` ասածս այն է, որ, իհարկե, կարեւոր է այս կազմակերպություններին մեր անդամակցությունը, բայց շատ կարեւոր է ուրիշ կազմակերպությունների հետ նորմալ զարգացող հարաբերություններ ունենալ եւ, մյուս կողմից` փորձել այդ անհրաժեշտ բովանդակությունը ներմուծել նաեւ այն կազմակերպությունների մեջ, որոնցում մենք կանք հենց մեր պահանջներով: Բայց երրորդ կողմը, իհարկե, այն է, որ մենք ցանկացած պարագայում պետք է իմանանք, որ մեր հիմնական պաշտպանը մեր սեփական բանակը պետք է լինի եւ մեր ժողովրդի կամավոր պատրաստակամությունը` պաշտպանելու սեփական հայրենիքը:

Մենք ուրիշ խնդիր էլ ունենք, որը զուտ առարկայական է. մենք այս երկու կազմակերպությունների հետ ցամաքային սահման չունենք: Այսինքն` օրինակ, ՀԱՊԿ-ը ունի երեք ուղղություն. կենտրոնը Ռուսաստանն է, արեւմտյան ուղղություն` Ռուսաստան-Բելառուս, հարավարեւելյան ուղղություն` Ռուսաստան-միջինասիական պետություններ, եւ հարավային ուղղություն` Ռուսաստան-Հայաստան: Այս ուղղություններից միայն մերում է, որ ցամաքային կապի բացակայություն կա. մենք Ռուսաստանի հետ ցամաքային կապ չունենք: Ուստի, իհարկե, շատ հույսեր կապելով եւ կարեւորելով մեր մասնակցությունը այս կազմակերպություններին` այնուամենայնիվ, համարում եմ, որ մեր անվտանգությունն ապահովելու համար միայն սրանով բավարարվելը ճիշտ չէ:

– Եվ վերջում` ակնհայտ է, որ Հայաստանի, այսպես ասած` արմատական ընդդիմությունը նպատակադրել է շարունակել նոր ձեւավորվող իշխանությունների դեմ բողոք-ակցիաները: Ըստ Ձեզ` ինչո՞վ կամ ո՞ր հանգամանքներով են պայմանավորված այդ ընդդիմության հետեւողականությունն ու հատկապես երկխոսությունից կտրականապես հրաժարումը:

– Քարոզչական այն արշավը, որ տարան Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա կողմնակիցները, սոցիալական, տնտեսական, քաղաքական բովանդակությունից բացարձակապես զուրկ էր: Ո’չ կառուցողական ծրագրեր էին առաջարկում, ո’չ կոնկրետ խնդիրների լուծումներ: Նրանք կառուցում էին իրենց քարոզարշավը միայն ու միայն զգացականության եւ ատելության վրա:

Հիմա, փաստորեն, երբ նախագահ է ընտրվել, կառավարություն է ձեւավորվել, Հայաստանը կանգնած է խնդիրների լուծման առջեւ. խնդիրներ, որոնք կային առաջ կամ առաջացան վերջին ամիսներին: Այս խնդիրների լուծման մեջ կառավարության որեւէ դրական եւ ազդեցիկ քայլ պակասեցնելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների բանակը: Սա, իհարկե, մտահոգություն է առաջացնում նրա եւ նրա կողմնակիցների շրջանում, ուստիեւ նրանք փորձելու են սեւացնել եւ, փաստորեն, վարկաբեկել ու նենգափոխել որեւէ նախաձեռնություն: Սա մեզ համար ակնհայտ է, սակայն կարծում եմ, թե մենք չպետք է դրանից վհատվենք, այլ հակառակը` պետք է նպատակաուղղված կերպով ժողովրդին ցույց տանք, որ այն հարցերը, որ մտահոգում են մեր հասարակությանը, մտահոգում են նաեւ կառավարությանը, նաեւ կառավարությանը հենարան հանդիսացող քաղաքական ուժերին:

Մի քանի դրական բարեփոխումներից հետո, եթե դրանք սկսվեն կամ երբ դրանք սկսվեն, ես վստահ եմ, որ նույնիսկ պրոլեւոնական քաղաքական ուժերի մի շարք ներկայացուցիչներ անհրաժեշտ կհամարեն բանակցությունների մեջ մտնել, որովհետեւ նրանք կտեսնեն, որ սկսվում է մի գործընթաց, որում շատ կարեւոր է, որ հնչի իրենց խոսքը, որպեսզի այդ գործընթացը նրանց համար ինչ-որ չափով առնվազն ձեռնտու լինի: Վերջապես, Հայաստանի նույնիսկ ամենածայրահեղ ընդդիմության համար պետք է դաս լինեն, չէ՞, նախորդ ընդդիմության սխալները: Երբ նրանք բոյկոտում էին խորհրդարանը, արդյունքում խորհրդարանի ընտրությունների ժամանակ բոլորը պարտվեցին:

Հիմա նույնը կարող է սպասել այս ծայրահեղական ընդդիմությանը, եթե այն ծայրահեղականությունից չհրաժարվի: Ծայրահեղականությունն է, որ խնդիրներ է ստեղծում. ընդդիմադիր լինելը ոչ միայն նորմալ է, այլեւ նույնիսկ ողջունելի է. եթե նրանք այդքան ծայրահեղական չլինեին, որեւէ խնդիր չէր լինի, բայց հենց որ դու խնդիրներ լուծելու ժամանակ որդեգրում ես ամեն գնով նպատակին հասնելու աշխատելաոճ, հայտնվում ես ծուղակում, որտեղ այդ □ամեն գինը□ վճարում է հասարակությունը` թուլացնելով նաեւ քո պետությունը:

– Կցանկանա՞ք վերջում որեւէ բան ավելացնել:

– Ես, ցավոք, շատ վաղուց Իրանում չէի եղել. հիացած եմ այս դժվար պայմաններում, իսկապէս դժվար պայմաններում իրանահայության տոկունությամբ, լավատեսությամբ եւ վճռականությամբ:

Իրանահայությունը մեր ժողովրդի այն հատվածն է, որ երբեք չի դադարել Հայաստանի քաղաքացի զգալուց եւ Հայաստանի քաղաքացու պետական մտածելակերպի լավագույն դասեր է տվել: Պատահական չէ, որ աշխարհով մեկ սփռված տարբեր քաղաքական հոսանքների, միությունների մեջ իրանահայերի ակտիվությունը միշտ էլ ակնառու է: Ու նաեւ հիմա էլ` Հայաստանում:

Ես նաեւ կարող եմ ցանկանալ` միայն այս տոկունությամբ շարունակել` մինչեւ բոլորս միավորված հայրենիքում հավաքվելու, բովանդակվելու հնարավորություն կունենանք, եւ վստահ լինենք, որ այդօրը հեռու չէ:

ԹԵՀՐԱՆ, ԱԼԻՔ օրաթերթ

Տպել Տպել