Կալիֆորնիայի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան և Արցախ

KaliforniaԱՄՆ Կալիֆորնիա նահանգի բարձրաստիճան պատվիրակությունը սեպտեմբերի 15-ից 24-ը կայցելի Հայաստան և Արցախ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, պատվիրակության կազմում են Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի խոսնակ Ջոն Պերեսը, խորհրդարանի անդամներ Քաչո Աչաջյանը, Չերիլ Բրաունը, Ադրին Նազարյանը, Սքոթ ՈՒիլքը, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ Փոլ Կրեկորյանը և Բոբ Բլյումենֆիլդը:

«Կալիֆորնիայի խորհրդարանի անդամների բարձրաստիճան պատվիրակության այցը Հայաստան և Արցախ շատ կարևոր իրադարձություն է, որը հնարավորություն կստեղծի ամրապնդել Հայաստանի և Կալիֆորնիա նահանգի միջև առկա հարաբերությունները»,- այցի առնչությամբ հայտարարել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը:

Այցի ընթացքում ծրագրված են հանդիպումներ Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամները կլինեն նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պատմական մի շարք վայրերում, կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

armenpress.am

Տպել Տպել