Ամերիկայի Հայ Դատը կոչ է արել Սպիտակ տանը դատապարտել Ալիևի հակահայ ճառը

ՔենԲարձրաձայնելով ամերիկահայ համայնքի զայրույթը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հակահայ ճառի նկատմամբ՝ ԱՄՆ-ի Հայ դատի գրասանյակի ղեկավար Քեն Խաչիկյանը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի նախագահին՝ պատերազմ վերսկսելու սպառնալիքների, էթնիկ հայերին Հայաստան տեղափոխելու և մարդասպան Ռամիլ Սաֆարովին կրկին գովաբանելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահին ուղղված իր սեպտեմբերի 19-ի նամակում Խաչիկյանը նշել է, որ ԱՄՆ-ի կոշտ դիրքորոշումը ի պատասխան Ալիևի սեպտեմբերի 17-ի ճառի կարող է օգնել «հետ պահել Բաքվին իր նկրտումներից՝ կրկին պատերազմ սկսելու Արցախի դեմ»։

«Հարգելի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա, կարևորում եմ ձեր դերը ԵԱՀԿ Մինսկի խմբում և կոչ անում դատապարտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակահայ ճառը։ Իր խոսքում Ադրբեջանի նախագահը սպառնում էր վերսկսել պատերազմը Լեռնային Ղարաբաղում և զտել Բաքվում ապրող էթնիկ հայերին՝ զգուշացնելով, որ Ադրբեջանը պատրաստ է կրկնել այդ չարագործությունները։ Նա նկրտումներ ունի Հայաստանին պատկանող բոլոր սուվերեն տարածքների ՝ ներառյալ Երևանի նկատմամբ, և գովաբանում է տխրառչակ մարդասպան Ռամիլ Սաֆարովին, ով կացնով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ։

Սաֆարովին առնչվող Իլհամ Ալիևի խոսքը, որ ասվեց հանրային գովասանքից հետո, ինչպես նաև ռազմական և ֆինանսական աջակցությունը, որ նա ստացավ Բաքվից այս ամիսների ընթացքում, լուրջ արգելք են բանակցային գարծընթացում։ Նրա խոսքը հակասում է նաև 2012 թվականի օգոստոսի 31-ին Սպիտակ տան արտահայտած դիրքորոշմանը, երբ ԱՄՆ-ն դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու Բաքվի որոշումը: Հաշվի առնելով այն, որ ԱՄՆ դիրքորոշումը կարող է կասեցնել Իլհամ Ալիևի մտադրությունները, Ձեզ կոչ ենք անում դատապարտել Ադրբեջանի նախագահի սուր ելույթը։

Եզրափակելով խոսքս և օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ մեր պատրաստակամությունն եմ հայտնում աշխատել ձեր վարչակազմի հետ։ Կցանկանայինք նաև կազմակերպել լայն քննարկում՝ հանդիպելով նաև Ձեզ հետ և քննարկելով Ձեր վարչակազմի քաղաքականությունը այս և այլ հարցերի շուրջ»,-գրված է նամակում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սեպտեմբերի 17-ին մասնակցելով այսպես կոչված «ցեղասպանության» թանգարանի բացմանը, դրվատել էր մարդասպան Ռամիլ Սաֆարովին որպես հերոս և խոստացել «վերականգնել» Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հաստատելով, որ մի օր ամեն ադրբեջանցի կարող է ապրել Երևանում, Զանգեզուրում և Հայաստանի այլ հատվածներում:

armenpress.am

Տպել Տպել