Ուրուգվայում Հայոց ցեղասպանության թանգարան կկառուցվի

tangaranՈւրուգվայում Հայոց ցեղասպանության թանգարան կառուցելու որոշում է կայացվել:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայ դատի Հարավային Ամերիկայի գրասենյակի պատասխանատու Հակոբ Տաբակյանը:

«Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար արդեն կա Ուրուգվայի կառավարության հավանությունը: Հուսանք ցեղասպանության հարյուրամյակին կհասցնենք թանգարանի կառուցումը»,-ասաց նա: Տաբակյանի խոսքերով` այժմ ծրագիր է մշակվում` աշխատանքները համակարգելու համար, մասնավորապես, թանգարանի տեղի, թանգարանը նյութերով համալրելու հետ կապված: «Աշխատանքներ են տարվումն այն ուղղությամբ, թե որտեղ պետք է կառուցվի թանգարանը, ինչ ձևով: Մեր գաղութը հարյուր տարվա կամ ավելի պատմություն ունեցող գաղութ է, պետք է գտնենք ելքեր, թե ինչպես այն համալրել: Կարևոր է, որ ծրագիրը կյանքի կոչվի»,-ասաց Հայ դատի Հարավային Ամերիկայի գրասենյակի պատասխանատուն:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կատարվող քայլերին` նա նշեց, որ Հարավային Ամերիկայի տարբեր երկրներում հանձնախմբեր են կազմվել, որ ամեն մեկը իր աշխատանքը կկատարի: Կան ծրագրեր, որոնք պետք է հաստատվեն մինչև հարյուրամյակը: Տարբեր բաժինների ծրագրերն են: Բայց մեր հիմնական աշխատանքը տանում ենք կրթական ուղղությամբ: Մի շարք խոշոր քաղաքների իշխանությունների կողմից քայլեր են կատարվում կրթական ծրագրերում ցեղասպանության վերաբերյալ գիտելիքների հաղորդումը ներառելու ուղղությամբ: Մենք ևս աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասաց Հակոբ Տաբակյանը: Նա նաև հույս հայտնեց, որ Հայաստանը կընդլայնի իր համագործակցությունը Հարավային Ամերիկայի երկրների հետ ու նրանց կդիտարկի որպես իր գործընկերները:

Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը ճանաչած եւ դատապարտած առաջին պետությունն է: Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի «Հայ նահատակների հիշատակի օրվա մասին» բանաձեւն ընդունվել է 1965թ. ապրիլի 20-ին:

armenpress.am

Տպել Տպել