Հայաստանի թողարկած եվրաբոնդերի տեղաբաշխումից առաջացած գումարի ծախսի հարցը պետք է լուրջ քննարկման թեմա դառնա Ազգային ժողովում:
Այս կարծիքին է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը, ով պատրաստվում է առաջիկայում հարցը բարձրացնել խորհրդարանում:
Lragir.am-ի հետ զրույցում Արծվիկ Մինասյանը նշեց, որ չի բացառվում՝ առաջիկայում իրենք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գան՝ պահանջելով, որպեսզի կառավարությունն արտաքին պարտքի ներգրավման, մարման և այլ հարցերում հաշվի նստի Ազգային ժողովի հետ:
Կառավարությունը երեկվա նիստում որոշեց, որ եվրաբոնդերի տեղաբաշխումից կառավարության հաշվեհամարին փոխանցված 700 մլն դոլարից առաջիկա օրերին միանգամից 500 մլն-ն կհատկացվի ռուսական վարկի մարմանը:
«Սա արդեն ավանդույթ է դառնում, կառավարությունը կարծում է, որ կարող է ինքնուրույն, առանց Ազգային ժողովի հետ հաշվի նստելու, այնպիսի քաղաքականություն իրականացնել, որ հետո մեր երկրին ու խորհրդարանին փաստի առաջ կանգնեցի: Նման կարգի հսկայածավալ միջոցների ներգրավման հարցը պետք է անպայման խորհրդարանում քննարկվի, պարտատոմսերից գոյացած գումարների ծախսի հարցը լուրջ քննարկման առարկա պետք է լինի:
Կառավարությունն ինքնուրույն ինչ-որ բաներ է արել՝ մի կողմից առանց խորհրդարանի կարծիքը հաշվի առնելու ներգրավել է արտաքին պարտք, հիմա էլ առանց մեր կարծիքը հաշվի առնելու տեղաբաշխում է այն»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Կառավարությունը 2009 թվականին ՌԴ-ից ստացած 500 մլն դոլար վարկը վաղաժամկետ մարելու որոշումը բացատրում է նրանով, որ այն արդեն ձեռնտու չէ:
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պարզաբանեց, որ ռուսական վարկը Հայաստանին տրամադրվել է լիբոր+3 տոկոսով, իսկ լիբորը լողացող տոկասադրույք է, հետևաբար կառավարությունը նախատվություն է տալիս պարտատոմսերից գոյացած միջոցներին, որոնք կայուն տոկոսադրույքով են:
Տնտեսագետ Արծվիկ Մինասյանին ֆինանսների նախարարի այս բացատրությունը զարմացրել է: Նա նշում է, որ լիբորի պատմական տոկոսները դեռևս 1 տոկոսից ավելի չեն եղել: Սա նշանակում է, որ Հայաստանը 4 տոկոսից ավելի ռուսական վարկի տոկոսադրույք չէր վճարելու:
«Առավելագունը մենք կարող ենք խոսել 5 տոկոսի մասին: Հինգ տոկոսը, եթե համադրում ենք եվրապարտատոմսերի տոկոսադրույքի հետ, որը 7 տոկոսից ավելի է, ապա տեսնում ենք, որ էականորեն ավելի ձեռնտու է: Երկրորդ, ռուսական վարկը 15 տարով էր, եվրաբոնդերը՝ 7 տարով: Այսինքն՝ 15 տարվա հնարավորությունը մենք փոխարինում ենք 7 տարվա հնարավորության հետ: Երրորդ, ռուսական վարկը, երբ վերցրեցինք, հրաժարվեցինք ռուսական Ներարտբանկի պարտավորություններից, որոնք կատարվում էին Հայաստանի մասնավոր և պետական ձեռնարկությունների նկատմամբ: Ըստ կառավարության պատասխանի՝ մենք ստիպված հրաժարվեցինք մեզ հասանելիք այդ գումարներից, որովհետև ռուսական վարկը լավ պայմաններով էր տրվում մեզ: Էդ ի՞նչ եղավ 4 տարվա մեջ, որ լավ պայմաններով վարկը հանկարծ վատացավ»,- նշեց նա:
Իրականում ռուսական վարկի շուտափույթ մարման հիմնական պատճառն, ըստ Արծվիկ Մինասյանի, այն է, որ այն արդյունավետ չի ծախսվել, որոշակի մարդիկ դրա շնորհիվ հարստություն են դիզել, հիմա էլ փորձում են հետքերը մաքրել: Ըստ նրա՝ այս քայլով կառավարությունը փորձում է պատասխանատվությունից ազատել որոշ մարդկանց:
«Պատասխանատվություն չկրելու համար հիմա փորձում են վերաթարմացնել արտաքին պարտքի պորտֆելը, որպեսզի հետքերը վերացնեն: Ռուսական վարկի անարդյունավետության մասին անգամ խոսք կա Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ: Հիմա պատկերացրեք, երբ վերցնում է կառավարությունն ու ասում՝ հարգարժան ժողովուրդ, հարգելի պատգամավորներ, մոռացեք, էդ վարկն այլևս չկա, հիմա մենք խոսում ենք եվրապարտատոմսերով ձեռք բերված վարկի մասին: Եթե վարկը չկա, չկա նաև հետևանքը: Բայց եթե իրենք մտածում են, որ կարող են դրանով վերացնել հետքերը, դա միամիտ քայլ է»,- ընդգծեց նա:
Պատգամավորի խոսքով՝ որևէ տրամաբանություն չկա կառավարության այս քայլում՝ վերցնել ավելի թանկ տոկոսներով վարկ՝ ավելի էժան տոկոսներովը մարելու համար: Հայաստանի կառավարության այս պահվածքն, ըստ նրա, անհասկանալի է հատկապես Մաքսային միությանն անդամակցելու հայտարարության համատեքստում:
«Այսինքն, մենք ի՞նչ ենք անում՝ մենք արտաքին աշխարհից մեր կախվածությունը մեծացնում ենք ոչ ռուսական կողմից, քանի որ պարտատոմսերը հիմնականում ամերիկյան ու բրիտանական ներդրողներն են ձեռք բերել, բայց մյուս կողմից հայտարարում ենք, որ Մաքսային միություն ենք գնում: Որևէ տրամաբանություն չկա սրանում»,- նշեց նա:
Նա նաև հարցադրում է անում կառավարությանը՝ եթե այդ վարկն ուղղորդված է տնտեսության մեջ, այդքան արդյունավետ է, ինչպես ֆինանսների նախարարն է ասում, ապա ինչո՞ւ են հիմա մարում, ինչո՞ւ պարտատոմսերի գումարն էլ չեն ներարկում տնտեսության մեջ, որ արդյունավետությունն ավելի բարձրանա:
lragir.am
04/10/2013







