Այցելություն Սիմոն Զավարյանի շիրիմին

z12Սիմոն Զավարյանի մահվան 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 26-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կազմակերպել էր այցելություն մեծ հայորդու շիրիմին, որ գտնվում է Լոռու մարզի նրա հայրենի գեղատեսիլ Այգեհատ գյուղում: Արարողությանը մասնակցում էին ՀՅԴ հայաստանյան կառույցի բազմաթիվ ընկերներ, ՀՅԴ Երիտասարդական, Պատանեկան և Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունների անդամներ, հրավիրյալներ և գրեթե ողջ Այգեհատ գյուղը:

Շիրիմը խնկարկեց և հոգեհանգստի պաշտոն մատուցեց Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը՝ Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու Սուրբ Տիրամայր երգչախմբի զուգերգությամբ:

Պաշտոնի ավարտին, դիմելով ուխտավորներին, տեր Վրթանես քահանա Բաղալյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և նշեց, որ սրբավայր-ուխտատեղիի վերածված շիրիմի շուրջ մեծ թվով երիտասարդների ներկայությունը մեկ անգամ ևս փաստում է, որ այն հայրենասիրական ոգին, որի կրողն է եղել Սիմոն Զավարյանը, պիտի անբաժան ուղեկիցը դառնա մեր երիտասարդների ու առաջնորդի նրանց իրականացնելու հայության ապագայի հետ կապված Լոռու այդ մեծ զավակի տեսիլքն ու ցանկությունները:z8

Այնուհետև ելույթ ունեցան ՀՅԴ Բյուրոյի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Լևոն Մկրտչյանը, «Սիմոն Զավարյան» ՀԿ նախագահ Գագիկ Շահվերդյանը, պատմական գիտությունների դոկտոր, ՎԷՄ գիտական հանդեսի գլխավոր խմբագիր Գևորգ Խուդինյանը, Այգեհատ գյուղի դպրոցի տնօրեն Պարույր Շահվերդյանը: Նրանք անդրադարձան ժամանակի ամենաճանաչված և ամենահեղինակավոր գործիչներից մեկի կյանքին ու գործունեությանը, նրա հայացքներին, նրա մարդկային կերպարին ու անսակարկելի հեղինակությանը, որ պատկառանք է ներշնչել թե հազար ու մի փորձություններ տեսած, պայքարի բովով անցած կուսակիցներին և թե ամենատարբեր հայացքներ ունեցող այլ նշանավոր դեմքերի: Լևոն Մկրտչյանն իր հերթին նկատեց նաև, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ 2015 թվականին, լրանում է մեծ հայորդու ծննդյան 150-ամյակը, որ հերթական առիթն է հանդիսանալու, որպեսզի ևս մեկ անգամ կարևորվի նրա անուրանալի ներդրումը մեր պայքարում, պայքար, որ պետք է ապահովի մեր երթը մեր ամբողջական հայրենիքի տարածքով:

Այցելության ավարտին ՀՅԴ Իրաքի կազմակերպության ղեկավար Պարույր Հակոբյանի կնքահայրությամբ տեղի ունեցան երիտասարդական խոստման և կուսակցական երդման արարողություններ: Դրանից հետո մի խումբ երտասարդներ համալրեցին ՀՅԴ Երիտասարդական միության և ՀՅԴ շարքերը:

http://akhaltskha.net/news/axalcxayowm_evs_haght_39_anak_e_39_tarel_georgi_margvelashvilin/2013-10-28-2150

Տպել Տպել