Ինչո՞վ են վրացիներն առավել հայերից՝ իշխանափոխություն իրականացնելու հարցում

ԱրծվիկԻնչն է պատճառը, որ նույն Հարավային Կովկասում գտնվող մի պետությունում ընդդիմությանը հաջողվում է երկու-երեք անգամ ընտրությունների միջոցով (Վարդերի հեղափոխություն, նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունները) իշխանափոխություն իրականացնել, իսկ մյուսում՝ ոչ: Սոցիալական ցանցերում նույնիսկ կարծիքներ են հնչում, որ հայաստանյան քաղաքական ընդդիմությունը պետք է որ բարի նախանձով նայի Վրաստանին:

Արծվիկ Մինասյանի տեսակետը.

Ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը, եթե հասարակությունը ձայնը վաճառում է 5000 դրամով. Արծվիկ Մինասյան

Tert.am-ի հետ զրույցում, ի պատասխան հարցի, թե ինչո՞վ են առավել վրացիները հայերից, կամ ինչու՞ նրանց հաջողվում է երկրում իշխանափոխություն անել, հայերին՝ ոչ, ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց. «Որովհետև մենք հայ ենք: Հենց դրա համար»:

Հիշեցնենք, որ «Հայ Յեղափոխական Դաշնակցության» Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ-ում կուսակցության խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վերջերս հայտարարել էր, թե մեր ընդդիմությունն այդպես էլ չհասկացավ, որ ընտրությունների միջոցով հնարավոր չէ հասնել իշխանափոխության:

Արծվիկ Մինասյանն այս կապակցությամբ հանդես եկավ հակընդդեմ հարցադրմամբ՝ «ո՞րն է իշխանափոխության նպատակը, ի՞նչ նպատակ պետք է ձևակերպվի» և ինքն էլ պատասխանեց՝ «ավելի հզոր ու արդար Հայաստան ունենալը»:

«Բերե՛ք մի հատ տեսնենք, թե այդ հզոր ու արդար Հայաստան ունենալու համար ինչ փոփոխություններ են պետք: Մենակ ա՞նձն է մեղավոր: Եթե անձը մեղավոր լինի, ուրեմն մեր երեք նախագահներն էլ մեղավոր են, պառլամենտականներն էլ են մեղավոր, կառավարությունը էլ հետը: Բայց «մեխը» դրանում չէ, եթե հասարակությունն ընդվզում է, հետո ընտրությունների ժամանակ գնում է՝ իր ձայնը տալիս 5000 դրամով, ի՞նչ հեղափոխության մասին է խոսքը, ի՞նչ հեղաշրջման»,-ասաց նա:

Ըստ Դաշնակցական պատգամավորի՝ մինչև չունենանք ավելի կազմակերպված հասարակություն, ոչ իշխանափոխության, ոչ համակարգային փոփոխությունների համար լուրջ նախադրյալներ չեն կարող լինել: Սակայն սրա համար, ամեն դեպքում, հիմնական մեղավորը Արծվիկ Մինասյանը համարում է քաղաքական ուժերին:

«Իսկ ինչ վերաբերում է Վրաստանին, ապա գիտեք, միշտ էլ կարելի է արտաքին միջամտությամբ ներսում հեղաշրջումներ կազմակերպել, բայց արդյո՞ք դա քո երկրին պետք է: Գոնե առաջին դեպքում, առաջին հեղափոխության ժամանակ ի՞նչ արեց Վրաստանը՝ կորցրեց իր տարածքները, որոնք անկախացան, հետո էլ մտան Ռուսաստանի կազմի մեջ: Մենք ուղիղ հակառակ խնդիր ունենք այսօր և եթե արտաքին միջամտությամբ մենք մեր երկրում ինչ-որ բան պետք է փոխենք, հարց է առաջանում ՝այդ երկրի նպատակը արդյո՞ք ԼՂ անվտանգության ապահովումն է, թե՞ ոչ: Եթե այդպես լիներ, այսօր Ղարաբաղը պետք է ճանաչված երկիր լիներ առնվազն էդ երկրի կողմից»:

Որպես ամփոփում, Արծվիկ Մինասյանը նշեց, որ կշնորհավորեր Վրաստանի ժողովրդին, եթե համոզված լիներ, որ այդ արմատական փոփոխությունների հետևանքով Վրաստանն ավելի շատ շահեց, քան կորցրեց, բայց «ինքը մի քիչ այլ կարծիքի է»:

tert.am

Տպել Տպել