Անցեալ շաբաթւայ ընթացքում, երկուշաբթի, նոյ. 11-ին եւ երեքշաբթի, նոյ. 12-ին Ստամբուլում գումարւեց Ընկերվար միջազգայնական (Սոցիալ ինտերնացիոնալ) կազմակերպութեան ժողովը, հիւրընկալութեամբ Թուրքիայի ընդդիմադիր՝ ժողովրդահանրապետական կուսակցութեան (CHP), որը անդամ է նաեւ այդ կազմակերպութեան: Ժողովին մասնակցում էին 168 ընկերվարական, ժողովրդավարական, աշխատաւորական կուսակցութիւններ, խմբակցութիւններ եւ անւանի դէմքեր աշխարհի շուրջ 200 երկրներից:
Երկօրեայ այդ ժողովը գլխաւորաբար անդրադարձաւ տարածաշրջանային հարցերին ու հակամարտութիւններին, աշխարհում խաղաղութեանն ու անվտանգութեանը սպառնացող հիմնախնդիրներին, տիրող տնտեսական անհաւասարութիւններին, աղքատութեան եւ անգործութեան խնդիրներին: Ժողովը յատկապէս ընդարձակ անդրադարձաւ Թուրքիայի կառավարութեան ցուցաբերած բիրտ ու ոչ-ժողովրդավար ընթացքին երկրի ներսում իր իսկ քաղաքացիների նկատմամբ, այդ շարքում յատկապէս «Գեզի» զբօսայգու դէպքին, որտեղ վարչապետ Էրդողանը քննադատելով խաղաղ ցուցարարներին՝ նրանց անւանել էր տերորիստներ, վարձկաններ եւ ոստիկանութեանը հրահանգել էր ամէն կարգի բռնութիւններ գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ: Ընկերվար միջազգայնականի ժողովում նաեւ քննադատւեց Թուրքիայի կառավարութեան միջամտութիւնը քաղաքացիների անձնական կեանքին կանանց իրաւունքների խախտման, լրագրողների բանտարկութեան եւ խօսքի ազատութեան չգոյութիւնը:
131120b01aԻսկ այս բոլորի կողքին այն ինչ հետաքրքիր է մեզ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պատւիրակութեան ներկայութիւնն էր այդ ժողովին՝ Թուրքիայում, որպէս պատմական նշանակութիւն ունեցող դէպք, 90 տարիների հեռաւորութիւնից…
* * *
ՀՅԴ-ն քննադատեց Թուրքիային
Ընկերվար միջազգայնականի ժողովին մասնակցելու նպատակով Ստամբուլ ժամանեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պատւիրակութիւնը, որպէս այս կազմակերպութեան անդամ գլխաւորութեամբ ՀՅԴ Բիւրոյի անդամ Մարիօ Նալբանդեանի (որը նաեւ Ընկ. միջ.-ի փոխնախագահներից է), եւ ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանի:
Օսմանական կայսրութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան սկզբնական շրջանի քաղաքական կեանքում մեծ դերակատար ուժ է եղել Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր հիմնադրման օրւանից ի վեր, 1890-ից մինչեւ 1915-ը եւ դեռ մի քանի տարի էլ աւելի: Ստամբուլը Դաշնակցութեան գրականութեան մէջ ծանօթ է որպէս Պոլիս:
Պոլիսը տասնամեակներ շարունակ եղել է Դաշնակցութեան եւ դաշնակցական մտաւորականութեան կենտրոններից մէկը, մեծ ներդրում ունենալով այդ երկրի քաղաքական մտքի զարգացման մէջ, Դաշնակցութիւնը Թուրքիայից հեռացաւ 1920-ականների սկզբներին եւ ահա 92 տարի անց Դաշնակցական մի պատւիրակութիւն այցելում է Թուրքիա՝ մասնակցելու Ընկերվար միջազգայնականի ժողովին, որի հիւրընկալն է Թուրքիայի ընդդիմադիր եւ ժողովրդավար Ընկերվարական գաղափարախօսութիւն ունեցող ժողովրդահանրապետական կուսակցութիւնը (ԺՀԿ):
Այս դէպքը ունի պատմական նշանակութիւն, որին անդրադարձաւ ՀՅԴ-ի ներկայացուցիչ Մարիօ Նալբանդեանը այս ժողովում ունեցած իր խօսքի ընթացքում: Վերոյիշեալ հարցից բացի՝ պրն. Նալբանդեանը անդրադարձաւ այն հարցին, որ ժամանակը հասել է, որպէսզի Թուրքիան վերանայի իր պատմութիւնը եւ ընդունի իր պատասխանատւութիւնը 20-րդ դարի Առաջին ցեղասպանութեան ծրագրման եւ իրագործման համար:
(Սրանից դեռ մի քանի տարի առաջ, եթէ Թուրքիայում խօսւէր Հայոց Ցեղասպանութեան մասին՝ մեծ պատիժներ էր սահմանւած դրա համար, իսկ այժմ Դաշնակցութիւնը ներկայացնող անհատը, Թուրքիայում արտայայտւում է այդ մասին, սա պէտք է համարել փոփոխութիւն…):
Պրն. Նալբանդեանը անդրադառնալով տարածաշրջանային տագնապների մասին՝ քննադատեց Թուրքիայի վարած քաղաքականութիւնը Սիրիայի նկատմամբ, շեշտելով, որ Սիրիայի հարցը պէտք է լուծւի քաղաքական երկխօսութեամբ եւ անխախտ մնայ Սիրիայի հողային ամբողջականութիւնը, սակայն Թուրքիայի վարած քաղաքականութիւնը այս ողջ ընթացքում եղել է Սիրիայի վարչակարգին ապակայունացնելը:
Պրն. Նալբանդեանը նաեւ քննադատել է Թուրքիայի կողմից միակողմանի կերպով Հայաստան-Թուրքիա սահմանի փակումը, որը արդէն շուրջ 20 տարիների իրողութիւն ունի (այն չի համապատասխանում միջազգային օրէնքների չափանիշերին)…
* * *
Ի՞նչ է Ընկերվար միջազգայնականը
Ընկերվար միջազգայնական կազմակերպութեան արմատները վերադառնում է 18-րդ տարի Ընկերվարական եւ աշխատաւորական շարժումների ծագման օրերին, սկզբնական շրջանում այդ շարժումները համախմբումներ ունէին այլ անուններով սկսած 1951 թւականից աշխարհի Ընկերվարական եւ աշխատաւորական շարժումները միանալով հիմնեցին Ընկերվար միջազգայնական կազմակերպութիւն (1951, Ֆրանկֆուրտ, Գերմանիա): Այն օրւանից ի վեր օրըստօրէ ընդլայնւել է կազմակերպութիւնը թէ՛ իր անդամների, եւ թէ՛ իր կատարած աշխատանքների առումներով ներկայումս Ընկերվար միջազգայնականի անդամ են 154 քաղաքական կուսակցութիւններ եւ կազմակերպութիւններ 140 երկրներից, այս թւային պատկերից 54 երկրում իշխանութեան գլուխ են Ընկերվար (Սոցիալիստ) կուսակցութիւնները (www.socialinternational.org/about):
Ընկերվար միջազգայնականը իր գործունէութեամբ նպաստում է աշխարհում խաղաղութեան տարածմանը տագնապազերծմանը՝ երկխօսութիւնների ու դիւանագիտական քայլերի միջոցով աշխարհում տնտեսական անբարենպաստ պայմանների ու անհաւասարութիւնների վերացմանը յանուն մարդ-անհատի բարօրութեան եւ այդ նպատակները իրագործելու համար համագործակցում է միջազգային կազմակերպութիւնների հետ, համագործակցում է իրեն անդամակցող եւ իշխանութիւն ունեցող կուսակցութիւնների հետ ու նաեւ աշխատում է անկախ:
Դաշնակցութիւնը անդամակցեց այս կազմակերպութեանը 1996-ին նախ որպէս դիտորդ անդամ, ապա 1999-ին դարձաւ խորհրդատու անդամ, իսկ 2003-ից որպէս լիիրաւ անդամ արդէն անդամակցեց (այս է անդամակցութեան կարգը):
Նոյն գործառոյթներով նաեւ այդ կազմակերպութեանն է անդամակցել Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցութիւնը (ԺՀԿ-ն) 1995-ից:
ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ







