Բարզանի-Էրդողան անկիւնադարձային հանդիպում

բարզաԱնցեալ շաբաթ օրը՝ նոյեմբերի 16-ին, պատմական եւ անկիւնադարձային մի դէպք տեղի ունեցաւ Թուրքիայում, որը հետեւանքներ է ունենալու տարածաշրջանում հարցերի ապագայ զարգացումների վրայ:

Քուրդստանի Ինքնավար Մարզի (ՔԻՄ) նախագահ Մասուդ Բարզանին այցելեց Թուրքիա, հանդիպեց Թուրքիայի վարչապետ Էրդողանի եւ արտաքին գործերի նախարար Ահմեդ Դաւութօղլուի հետ:

Բարզանիի ճամբորդութիւնը Թուրքիա եւ Դիարբեքր քաղաք իրականացւեց ցամաքով (շուրջ 500 կիլոմետր), հանդիպումը տեղի ունեցաւ Դիարբեքրում, մեծամասնութեամբ քրդերով բնակեցւած մի քաղաք, որի քաղաքապետը քուրդ է եւ քրդական «Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն» կուսակցութեան (ԽԺԿ) անդամ:

ԽԺԿ-ն համարւում է PKK-ի ոչ-զինեալ եւ քաղաքական թեւը: Դիարբեքրը թուրքական քաղաք լինելով հանդերձ՝ ԽԺԿ-ի եւ քրդերի հսկողութեան տակ է գտնւում (նրա քուրդ քաղաքապետը մեծ համակրանք ունի նաեւ հայերի հանդէպ):

Էրդողանը շատ-շատ ջերմ ընդունեց Բարզանիին: Հանդիպումները տեղի ունեցան ժողովրդական ցնծութեան մթնոլորտում:

Բարզանի-Էրդողան շուրջ մէկուկէս ժամ տեւած հանդիպմանը ներկայ էր նաեւ արտգործնախարար Դաւութօղլուն (նշելի է, որ հանդիպումից մի քանի օր յետոյ՝ Դաւութօղլուն ճամբորդեց Միացեալ Նահանգներ եւ յետոյ պէտք է այցելէր Իրան):

131127b01aԲարզանիի եւ Թուրքիայի իշխանութիւնների միջեւ տեղի ունեցած հանդիպման ընթացքում ի՞նչ հարցերի մասին խօսւեց եւ ի՞նչ համաձայնութիւնների հասան կողմերը:

* Բարզանին դատապարտեց Սիրիայում քրդերի գործողութիւնները՝ ինքնիշխան շրջան հռչակելու համար, քննադատեց Սիրիայի «Քրդական ժողովրդավար միութիւն» կուսակցութեանը՝ այդ ուղղութեամբ կատարած աշխատանքների համար. նշելի է, որ Սիրիայում քրդական այս կուսակցութիւնը հովանաւորւում ու համագործակցում է Օջալանի եւ Թուրքիայի PKK կուսակցութեան հետ, ՓՔՔ (Փարթիա Քարգարէ Քուրդստան):

Բարզանին նախքան Թուրքիա կատարելիք իր ճամբորդութիւնը՝ արդէն անգամներ քննադատել էր Սիրիայի քրդական դէմքերին եւ կուսակցութեանը:

Բարզանին այն մտավախութիւնն ունի, որ որպէս հեղինակաւոր դէմք Քրդական աշխարհում՝ Սիրիայում քրդական շրջան հաստատւելով, իր հակակշռութիւնը կորցնի քրդական այդ հատւածի վրայ եւ չկարողանայ ազդեցութիւն ունենալ «Սիրիայի Քրդական Ժողովրդավար միութիւն» կուսակցութեան վրայ:

* Բանակցութիւնների ընթացքում կողմերը համաձայնւեցին, որ Քուրդստանի Ինքնավար մարզից օրական 300.000 տակառ նաւթ փոխադրւի դէպի Թուրքիա եւ այնտեղից էլ դէպի Եւրոպա եւ համաշխարհային շուկաներ (Իւրաքանչիւր նաւթի տակառի տարողութիւնն է 159 լիտր): Այս հարցը արդէն վաղուց է, որ դժգոհութեան առիթ է ստեղծել Իրաքի կենտրոնական իշխանութեան մօտ: Իրաքի նախագահ Նուրի Ալ Մալեքին այդ ուղղութեամբ քննադատել է Թուրքիայի կառավարութեանը, թէ այս համաձայնութիւնը Քուրդստանի հետ նշանակում է շրջանցել Իրաքի կառավարութեանը՝ Թուրքիայի կողմից:

* Երկկողմանի միւս համաձայնութիւնը եղաւ այն, որ Քուրդստանի Ինքնավար Մարզի (ՔԻՄ) եւ Թուրքիայի միջեւ եղած սահմանային կայանների թիւը բարձրանալու է եւ դառնալու է երեքը, որով ե՛ւ առեւտրական կապերը ե՛ւ ապրանքափոխանակումների գործընթացը թէ՛ կը դիւրանայ, եւ թէ՛ կաւելանայ դրանց ծաւալը:

* Հանդիպման ընթացքում, Բարզանին խոստացաւ, որ ամէն կերպ աջակցելու է ՓՔՔ (Թուրքիայի քուրդեր) եւ Թուրքիայի իշխանութեան միջեւ ստեղծւած խաղաղութեան գործընթացին (Թուրքիայի իշխանաւորները Քրդական հարցը լուծելու համար՝ քուրդերին խոստացել էին, որ բարեփոխումներ իրականացնեն երկրի Սահմանադրութեան մէջ եւ յարգեն ու ճանաչեն քրդերի ազգային-մշակութային իրաւունքները, ի դիմաց էլ ՓՔՔ-ի մարտիկները խոստացան, որ վար դնեն զէնքերը եւ թողնեն Թուրքիայի տարածքը: Այս խաղաղութեան ընթացքն ընդհատւեց քրդերի զինեալների կողմից, քանի որ Թուրքիայի կառավարութիւնը չկատարեց իր խոստումները՝ բարեփոխումների կապակցութեամբ):

Թուրքիան միշտ էլ այն կարծիքին է եղել, որ իր երկրի քուրդերի հարցը լուծելու համար՝ պէտք է օգտւել Բարզանիից՝ որպէս ազդեցիկ լծակ եւ հեղինակաւոր դէմք քրդերի մէջ՝ ահա այս պահին իրականանում է դա:

Ի՞նչ է նշանակում այս հանդիպումը եւ ի՞նչ հետեւանքներ կունենայ տարածաշրջանում:

Քրդերը եւ թուրքերը պատմութեան ընթացքում մէկ անգամ էլ ունեցել են նման համաձայնութիւն՝ Օսմանական կայսրութեան ժամանակ Սելիմ Առաջին սուլթանի եւ ժամանակի քուրդ մեծամեծների հետ. այդ համաձայնութիւնը այն ժամանակ կատարւեց շիա մուսուլմանների դէմ միասնական սուննիական ճակատ ստեղծելու եւ շիաներին թուլացնելու նպատակով. արդեօք Բարզանի-Էրդողան հանդիպումը եւս նման նպատա՞կ է հետապնդում: Արդեօք այս հանդիպումը եւ համաձայնութիւնը միացում է Սիրիայի Քրդական ժողովրդավար կուսակցութեան դէմ, արդեօք միացում է Բաղդադի եւ տարածաշրջանի հարեւան երկրների դէմ՝ շիաների ազդեցութիւնը տարածաշրջանում թուլացնելու համար: Արդեօք այս հանդիպումը, թուլացնելո՞ւ է Օջալանի եւ ՓՔՔ-ի հզօրութիւնը:
Արդեօք սա Թուրքիայի իշխանութեան քաղաքականութի՞ւնն է, որ նշանակում է «պառակտում ստեղծիր, որ իշխես», որի յետեւում թաքնւած է Ամերիկան, արդեօք Բարզանի-Էրդողան միացումով հեշտանալո՞ւ է Քրդական հարցի լուծումը: Այս հարցերի պատասխանը ստանալու ենք ապագայում:

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

Տպել Տպել