ՀՅԴ երիտասարդականի մասնակցութիւնը Գերմանիայի ընկերվար – ժողովրդավարական կուսակցութեան երիտասարդականի համագումարին

erit13Գերմանիայի Ընկերվար-ժողովրդավարական կուսակցութեան Երիտասարդական կազմակերպութեան (Jusos) հրաւէրով ՀՅԴ Երիտասարդականը մէկ ներկայացուցչով մասնակցեց յիշեալ կազմակերպութեան տարեկան համագումարին։

ՀՅԴ Երիտասարդականը ներկայացնում էր Կարապետ Շադոյեանը Աւստրիայից։ert1

Համագումարը տեղի ունեցաւ թուականիս դեկտեմբերի 6-8-ին, Նիւրնբերգում։ Համագումարին մասնակցում էին կազմակերպութեան մօտ 400 անդամներ և հիւրեր` Նիդերլանդներից, Բելգիայից, Շուեդիայից և այլուր։ Համագումարին մասնակցում էին նաև Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան (IUSY) և Եւրոպական ընկերվարական երիտասարդներ (YES) կազմակերպութիւնների պատասխանատուները։

Համագումարում ելոյթն է ունեցել ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը, որն անդրարձել է Հայաստանի ներկայիս իրավիճակին, նշելով, որ երկիրը գտնւում է շրջափակման մէջ, Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանութեան իրողութիւնը, Ադրբեջանում և Թուրքիայում սերունդ է դաստիարակւում հայատեացութեան յէնքի վրայ, Արցախում` ոչ պատերազմ, ոչ խաղաղութիւն իրավիճակ է, Ջաւախքում ոտնայարւում են հայ փոքրամասնութեան իրաւունքները և, այս ամբողջի հիմնական զոհը` երիտասարդներն են։

Կարապետ Շադոյեանը ընդգծել է, որ այս ամբողջի մէջ մեծապէս մեղք ունեն եւրոպացիները, որովհետև անտարբեր են տարածաշրջանի հարցերի նկատմամբ և թւում է, ցանկութիւն չունեն հարցերը արդար կերպով լուծելու։ Նա նշել է, որ ցանկացած քննադատութիւն Մաքսային միութեանը Հայաստանի անդամակցութեան որոշման նկատմամբ` անտեղի է, որովհետև այդպիսով հայերը մտածում են, որ գոնէ ապահով կը մնան, իսկ եւրոպացիները Հայաստանին օժանդակելու հարցում թերացել են։

Համագումարի աւարտին ընդունուել են բանաձևեր, որոնցից մէկում շեշտուել է, որ Թուրքիայի կողմից մարդու իրաւունքների յարգումը նախապայման պէտք է լինի Թուրքիայի Եւրոմիութեան անդամակցութեան։

Համագումարին մասնակցել է Եւրոխորհրդարանի նախագահ` Մարտին Շուլցը, որը դասախօսութիւն է կարդացել Եւրոմիութեան վիճակի և գալիք ընտրութիւնների մասին։ ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը հանդիպում է ունեցել Մարտին Շուլցի հետ, որին է յանձնել Արցախի և ՀՅԴ Երիտասարդականի մասին բրուշիւրներ։

Համագումարին մասնակցել և ելոյթ է ունեցել Գերմանիայի Ընկերվար-ժողովրդավարական կուսակցութեան (SPD) նախագահ` Զիգմար Գաբրիէլը։

ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը երկկողմանի հանդիպումներ է ունեցել ԸԵՄՄ-ի, ԵԸԵ-ի և այլ կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ։

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակ
09 դեկտեմբեր

Տպել Տպել