Կառավարությունն Ազգային ժողովի մեծամասնության հետ ժողովրդին պարտադրում է գնալ «ղումարբազության», իսկ տված երաշխիքը կեղծ է

ԱրծվիկՀանրության շրջանում և Ազգային ժողովում վերջերս լուրջ ուշադրության է արժանացել ու մեծ կրքեր բորբոքել կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որը շուտով մտնելու է ուժի մեջ:

Հիշյալ համակարգի առնչությամբ է մեր հարցազրույցը ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, տնտեսական գիտությունների թեկնածու Արծվիկ Մինասյանի հետ:

– Կենսաթոշակային ներկայիս համակարգն իրո՞ք ունի բարեփոխումների կարիք:

– Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հարցը նոր չէ, որ ասպարեզ է եկել, 10 տարուց ավելի է, որ այս հարցը կա: Մենք ընդունում ենք, որ, այո, գործող` սերունդների համերաշխության սկզբունքի վրա հիմնված ներկայիս բաշխողական համակարգը կարիք ունի բարեփոխումների: Ինչո՞ւ… Որովհետև երեք հիմնական խնդիր այս համակարգը չի կարողանում արդյունավետորեն լուծել: Առաջինը` այն, որ եղած աշխատողների և կենսաթոշակառուների միջև հարաբերակցությունը մեկը մեկին է, մինչդեռ միջազգային փորձը ցույց է տալիս, որ առնվազն երեք աշխատող պետք է լինի մեկ թոշակառուի համար, որպեսզի հնարավոր լինի համակարգը ֆինանսական կայունության դաշտ տեղափոխել:

Երկրորդ հարցն այն է, որ թոշակառուի փոխհատուցման գործակիցը, երբ նա գնում է թոշակի, ընդամենը 22-23 տոկոս է` միջին աշխատավարձի նկատմամբ: Մինչդեռ միջազգային փորձը, նաև միջազգային պարտավորությունն ասում են, որ 45 տոկոսից պակաս չպետք է լինի: Եվ, վերջապես, երրորդ կարևոր հանգամանքն աշխատողի վճարած սոցիալական վճարների և ստացվող թոշակների միջև հարաբերակցության բացակայությունն է: Այլ կերպ ասած, անձը, որը կատարել է շատ սոցիալական վճարում, և անձը, որը քիչ է կատարել, ամբողջությամբ բաշխողական համակարգի պայմաններում ստանում են նույն չափով, մինչդեռ արդարության սկզբունքն այստեղ խաթարվում է:

Այս երեք հիմնախնդիրներից ելնելով, իսկապես կարիք կա կենսաթոշակային համակարգը բարեփոխել: Բավական երկար ժամանակ քննարկվում էին խնդրի լուծման հնարավոր տարբերակները: Մեր մոտեցումը բաշխողական համակարգը պահպանելով հանդերձ, անցում կատարելն է պայմանական կուտակային համակարգին:

– իսկ ո՞րն է այդ համակարգի էությունը:

– Այս դեպքում, նախ, խրախուսվում է կամավոր կենսաթոշակային համակարգը, այսինքն` անձանց, հատկապես այն մարդկանց, ովքեր բարձր եկամուտներ ունեն, առաջարկվում է մի սխեմա, որ նրանց ձեռնտու լինի կամավոր ձևով կուտակումներ իրականացնել, որպեսզի կարողանան աշխատելու ժամանակաընթացքում խնայել, այդ խնայողությունն էլ օգտագործվի ազգային տնտեսության զարգացման համար:

– Նույնիսկ ավելի ձեռնտու, քան գումարը բանկում ավանդադրելն ու տոկոսներ ստանա՞լը…

– Միանշանակ: Պայմանական կուտակային համակարգի երկրորդ բաղադրիչի էությունն այն է, որ իրականում սոցիալական վճարը պետք է հաշվարկվի պետական բյուջեում ըստ քաղաքացիների մուծած վճարների չափերի: Օրինակ` եթե մեկը վճարել է 1000 դրամ, մյուսը` 100 դրամ, կառավարությունը հաշվի է առնում դա, և երբ թոշակի են գնում այս մարդիկ, նրանց տրվող թոշակի տարբերակում է կատարվում: Սակայն պայմանով, որ այդ հավաքագրվող միջոցները տնօրինում է կառավարությունը, և դրանք ներդնում է ազգային տնտեսության մեջ` վարելով աշխատատեղերի ստեղծման, եկամուտների բարձրացման, տնտեսության մրցունակության բարձրացման քաղաքականություն: Այլ կերպ ասած, կառավարության առաջարկի պարագայում տոկոսադրույքները չափազանց բարձր են, սրանք իրենցից, ըստ էության, ներկայացնում են հարկեր, հետևաբար պետք է հաշվարկվի ընդհանուր հարկային բեռը, որը դրվում է աշխատողի վրա, և դրանից հետո մուտքագրվող միջոցների պատասխանատուն կառավարությունը պետք է լինի, այլ ոչ թե մասնավոր կառավարիչը:

– Սա՞ է տարբերությունը:

– Սա ընդհանուր տարբերակումն է, բայց եթե անդրադառնանք ընդունված մոտեցմանը, որը կառավարության պնդմամբ 2010 թվականին 50 օրենքներից բաղկացած փաթեթով ընդունեց Ազգային ժողովը, ապա դրա էությունը հետևյալն է. 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված անձանց եկամտից 10 տոկոս պարտադիր վճար է հաշվարկվում, որից մինչև 5 տոկոսը տալիս է կառավարությունը: Ընդ որում, այս դրույթը կիրառվում է մինչև 25 000 դրամի դեպքում, որպես կանոն, 500 000 դրամից ավելի աշխատավարձ ստացողների համար նրանց մասով պարտադիր վճարը ոչ թե 5 տոկոս է, այլ տոկոսադրույքը բարձրանում է և հասնում մինչև 9 տոկոսի: Եթե մենք հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ այս գումարը տարվում է բազային եկամտից, այսինքն` մինչև հարկերը հանելը, ստացվում է, որ այդ գումարը կրկնակի հարկվում է: Այսինքն` եթե աշխատողի եկամուտը, ասենք, 100 000 դրամ է, ապա պարտադիր վճարը կազմում է 10 000 դրամ, որից 5000 դրամը պետք է վճարի կառավարությունը, 5000 դրամը` մասնակիցը, բայց քանի որ 5000 դրամը վերցվում է 100 000 դրամից և 100 000 դրամը հարկվում է` ներառյալ նաև այդ 5000 դրամը, ստացվում է, որ պահումը ոչ թե 5 տոկոս, այլ 6,6 տոկոս պետք է հաշվարկել իրական եկամտից: Այլ կերպ ասած, այս պարագայում կատարվելու է կրկնակի հարկում: Այդ առումով կառավարության կողմից ասպարեզ բերված համակարգն անարդար է:

– Կարո՞ղ ենք ասել, որ անարդար լինելուց բացի, նաև հակաիրավական է:

– Այո, որովհետև մարդու սեփականության իրավունքը, տվյալ պարագայում` իր իսկ վաստակած աշխատավարձի նկատմամբ իրավունքը, կարող է միայն երկու ձևով սահմանափակվել: Մեկը, երբ այն գերակա հանրային շահ է ճանաչվում կամ պետական շահ, որի դեպքում սահմանափակվում է անձի սեփականության իրավունքը` օգտագործել, տիրապետել, տնօրինել իր հայեցողությամբ, և երկրորդ դեպքը, երբ աշխատավարձից գանձվում են հարկեր, պարտադիր այլ վճարներ: Բայց եթե հարկ և պարտադիր այլ վճար է գանձվում, ապա ըստ Սահմանադրական դատարանի դեռևս 2008 թվականի թիվ 753 որոշման, այդպիսի պարտադիր վճարը պետք է մուտք լինի պետական բյուջե, այլ ոչ թե մասնավոր կառավարչի կամ կառավարիչների հաշվեհամարներին: Սա սկզբունքային տարբերություն է:

– Փաստորեն, ընդունված օրենքը չփոխելու և կիրառելու պարագայում սպասվում է Սահմանադրական դատարանի հիշյալ որոշման պահանջի խախտո՞ւմ:

– Այո, դրա համար մենք հիմա փորձում ենք խնդիրը Սահմանադրական դատարանում վիճարկել, բայց սա վիճարկման միակ հիմքը չէ: Երկրորդ հիմքն այն է, որ, ըստ էության, տարիքային խտրականություն է կիրառվում, երբ փորձ է արվում օրենքը կիրառել 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնվածների եկամտի նկատմամբ:

Օրենքը կիրառվում է նաև ըստ անձի որոշակի սոցիալական, գույքային դրության, այսինքն` եթե աշխատանք ունեք, ապա ընկնում եք այդ օրենքի պարտադրանքի տակ: Մինչդեռ, Սահմանադրության 14.1 հոդվածն արձանագրում է, որ չի կարելի խտրականություն կիրառել` ելնելով տարիքից կամ սոցիալական կամ գույքային այլ վիճակից: Մինչդեռ այս դեպքում կիրառվում է թե տարիքային խտրականություն, և թե սոցիալական, գույքային վիճակով պայմանավորված խտրականություն: Սրանք երկրորդ փաստարկներն են` Սահմանադրական դատարան դիմելու:

– ՍԴ դիմելու համար այլ փաստարկնե՞ր էլ ունեք:

– Երրորդ փաստարկը` սերունդների համերաշխության սկզբունքի կամ բաշխողական համակարգի` Սահմանադրությամբ ամրագրված նորմի խախտումն է: Մասնավորապես` Սահմանադրության 36-րդ հոդվածն ամրագրում է, որ չափահաս, աշխատունակ զավակները պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ, տարեց ծնողների մասին, իսկ սա նշանակում է, որ սերունդների համերաշխության գաղափարը դրված է սահմանադրական այս նորմի հիմքում: Չէ՞ որ դա վերաբերվում է ոչ թե կոնկրետ մեկ անձի, այլ բոլորին, իսկ եթե բոլորին է վերաբերվում, կենսաթոշակային համակարգում ինքը դառնում է արդեն բաշխողական համակարգի հիմքը, որ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է իր նախորդ սերնդի բարեկեցության մասին հոգ տանել: Մինչդեռ, կառավարության մոդելը խաթարում է դա, որովհետև 23 տարի հետո այլևս բաշխողական համակարգի կամ սերունդների համերաշխության գաղափարի մասին հնարավոր չի լինի խոսել:

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ պարտադիր կուտակային բաղադրիչն իրականում այն ձևով, ինչ ձևով ներկայացվում է կառավարության մոդելում, չի լուծում այն հիմնական խնդիրները, որոնց պատճառով առաջացել է բարեփոխման անհրաժեշտությունը:

– Իսկ որո՞նք են այդ խնդիրները: Աշխատատեղեր պետք է ստեղծվեն, ժողովրդագրական քաղաքականություն պետք է վարվի, տնտեսության մրցունակությունը պետք է բարձրացվի: Այս երեք խնդիրներն էլ առաջարկված պարտադիր կուտակային բաղադրիչը չի լուծում:

– Ի՞նչու:

– Որովհետև, նախ, միջոցները կուտակվում են մասնավոր ֆոնդերում , որոնց հիմնական խնդիրը ոչ թե աշխատատեղ ստեղծելն է, այլ այդ միջոցներն անվտանգ պահելը, իսկ անվտանգ պահել, նշանակում է տեղաբաշխել կամ դրսի արժեթղթերում, օտարերկրյա կազմակերպություններում, կամ հայկական այնպիսի կազմակերպություններում, որոնք ցածր ռիսկային գործունեություն են ծավալում, իսկ այդպիսին Հայաստանի կապիտալի ոչ զարգացած շուկայի պայմաններում պարզապես չկա: Մնում են պետական արժեթղթերը: Ստացվում է, որ հանրության փողով ֆինանսավորվում է պետական բյուջեի դեֆիցիտը, բայց դիմացը պետական պարտատոմսերի տոկոսները ստանում են ինչ-որ մասնավոր կազմակերպություններ, ֆոնդեր: Այսինքն` այդ մասնավոր ֆոնդերը որևէ արժեք չստեղծելով, պետական բյուջեից անհասկանալի կերպով եկամուտներ են տանելու: Մինչդեռ մեր առաջարկի էությունը հետևյալն է` այս գումարի պատասխանատուն պետք է լինի կառավարությունը, չէ՞ որ, ի վերջո, տնտեսության զարգացման պատասխանատուն կառավարությունը պետք է լինի, այլ ոչ թե մասնավոր հիմնադրամ:

Կառավարության նախաձեռնությամբ ընդունված օրենքը կամ պարտադիր կուտակային բաղադրիչը չի լուծում նաև ժողովրդագրական խնդիրը, որովհետև նման բեռի պայմաններում բարձր արտադրողականություն ունեցող աշխատողները լքում են երկիրը: Ավելին. երեխա ունենալու պատճառով աշխատաշուկայից դուրս եկող կնոջ հաշվին երեխայի պահպանման ժամանակահատվածում որևէ վճարում չի կատարվելու: Ստացվում է, որ նա պետք է ընտրություն կատարի` երեխա՞ ունենալ` զրկվելով իր ապագա եկամուտներից, թե՞ հետաձգել երեխա ունենալը… Բնականաբար, սոցիալ-տնտեսական ներկա պայմաններում շատերը կնախընտրեն հետաձգել երեխա ունենալը, իսկ սա ժողովրդագրական ևս մեկ ճնշում է` մեր իրավիճակը վատթարացնող: Ինչպես արդեն պարզ է, խնդիրը չի լուծում, հակառակը` խնդիրն ավելի է սրում:

Կա նաև տնտեսական մեկ այլ խնդիր. ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, ֆինանսական շուկաներում տեղի ունեցող ճգնաժամային երևույթներն առաջին հարվածը հասցնում են հենց կենսաթոշակային ֆոնդերին: Նախորդ ճգնաժամը ցույց տվեց, որ այն բոլոր երկրները, որոնք զարգացման որոշակի մակարդակում որդեգրել էին կոտակային համակարգի պարտադիր բաղադրիչը, հրաժարվեցին այդ ֆոնդերից և նորից անցան բաշխողական համակարգին, որովհետև հասկացան, որ կենսաթոշակային ֆոնդի միջոցները չի կարելի ենթարկեցնել ֆինանսական շուկայի նման ռիսկի:

Ամենավատ դրսևորումներից մեկը նաև այն է, որ այս դեպքում ֆինանսական շուկայում ներդրումներ կատարելը նման է կազինոյում խաղի` կամ կշահես, կամ տանուլ կտաս: Չտուժելու համար անհրաժեշտ է, որ մեր երկրում մոտ 250 000 մարդ տիրապետի ֆինանսական շուկայի գիտելիքներին, սակայն ակնհայտ է, որ մեր երկրում ֆինանսական շուկայի գիտելիքներին տիրապետող այդքան մարդ չկա: Ստացվում է, որ մենք մեր ժողովրդին մղում ենք դեպի այդ ոչ խրախուսելի վարքագիծը, դարձնում նրանց խաղացողներ:

– Այսինքն` կարող են և չխաղա՞լ… Կազինո կարելի է և չգնալ կամ գնալ, բայց չխաղալ, կամքը քոնն է:

– Ոչ, այս դեպքում, ըստ էության, պարտադրում են, ասում են` չէ, պետք է խաղաք, է, մարդը չգիտե խաղալ, ինչպե՞ս խաղա… Մինչդեռ այդ խաղի համար անհրաժեշտ են ֆինանսական շուկայի վերաբերյալ գոնե նվազագույն գիտելիքներ, տեղեկություններ, որպեսզի պորտֆելների ընտրություն կատարվի: Կառավարությունը պորտֆելներ է առաջարկելու, որտեղ լինելու են, ասենք, եվրոպական, ամերիկյան ընկերությունների արժեթղթեր: Այդ պորտֆելը կարող է ռիսկային լինել, օրինակ, 75 տոկոսը բաժնետոմսերից և այլ բաժնային արժեթղթերից ձևավորված պորտֆել է: Հիմա քաղաքացին պետք է հասկանա, չէ՞, թե այդ պորտֆելի մեջ ներգրավված, օրինակ, «Ջեներալ մոթորսի» բաժնետոմսերը որքանո՞վ են ռիսկային:

– Կառավարությունն ինքը չի՞ գնահատում դրանց ռիսկայնությունը:

– Կառավարությունն ընդամենը կառվարչին ասում է` դուք պարտավոր եք երեք պորտֆել առաջարկել: Այդ պորտֆելներից առաջինը կոչվում է կայուն եկամտի պորտֆել, որի դեպքում ռիսկը զրոյական է, նշանակում է նաև` եկամտաբերությունը խիստ ցածր, երկրորդ պորտֆելը պահպանողականն է, որը միջին ռիսկայնության է, և երրորդ պորտֆելը բարձր ռիսկային պորտֆելն է: Քաղաքացին, ի վերջո, պետք է ընտրություն կատարի, և քանի որ քաղաքացին միշտ էլ գայթակղվում է բարձր եկամուտ ունենալու ցանկությամբ, նա կարող է ընտրել երրորդ պորտֆելը, այսինքն` բարձր ռիսկայնության: Սակայն չսխալվելու և չտուժելու դրա համար շատ լուրջ մասնագիտական գիտելիքներ են պետք. ձևավորված պորտֆելն արդյոք համապատասխանո՞ւմ է ստեղծված վիճակին, ֆինանսական շուկայի վերլուծությանը և այլն: Հասկանալու համար` այդ մարդը, ներողություն արտահայտությանս համար, պետք է ֆինանսական շուկայի գայլ լինի, որ պատկերացնի, հասկանա այդ ամենը:

– Այսինքն` նա կարող է ուղղակի փաստի առա՞ջ կանգնել ու կորցնե՞լ իր գումարները:

– Իհարկե, կարող է կորցնել այդ գումարը, եթե, օրինակ, «Ջեներալ մոթորսը» սնանկացավ: Բայց ամենատխուր վիճակը դեռ հետո է: Կառավարությունն ասում է` դե, դրա համար էլ ես երաշխիք եմ տալիս: Ասում ենք` շատ լավ, ի՞նչ երեշխիք ես տալիս: Ասում է` այդ միջոցների 80 տոկոսը բյուջեի միջոցներով երաշխավորում եմ: Այսինքն` եթե ինչ-որ ընկերություն կամ ընկերություններ սնանկացան, բաժնետոմսերն արժեզրկվեցին, մեր քաղաքացիների գումարները կորան, դրա 80 տոկոսը փոխհատուցելու է բյուջեի միջոցներով: Ստացվում է նախ, որ հանրության մի փողով, այսինքն` վճարված հարկերով, բյուջետային միջոցներով կառավարությունն երաշխավորում է նրա մեկ այլ` կուտակային պարտադրանքով հավաքված գումարները: Բայց այստեղ նաև երկրորդ խնդիրը կա` բյուջեի միջոցներն արդյոք բավարար կլինե՞ն անհրաժեշտության դեպքում այդ 80 տոկոսը վճարելու, ֆոնդերի միջոցները փակելու համար: Չէ՞ որ եթե առնվազն 23 տարի հետո պետք է առաջին վճարումները լինեն, ապա փորձենք հաշվել` 23 տարվա ընթացքում կուտակված միջոցներն ի՞նչ մեծություն են ունենալու, և բյուջեի միջոցները, կարողություններն արդյոք համապատասխանո՞ւմ են այդ մեծությանը: Բացի այդ, չէ՞ որ բյուջեն, առանց դրա էլ, հսկայական ծախսեր ունի` պաշտպանություն, անվտանգություն, նվազագույն սոցիալական հատկացումներ և այլն:

Մեր հաշվարկների համաձայն` 23 տարի հետո, երբ առաջին վճարման ժամանակը գա, ֆոնդերի միջոցները մոտավորապես 3 անգամ ավելին են լինելու, քան բյուջեի միջոցները` անգամ բյուջեի աճը բնականոն զարգացման` տարեկան 5-7 տոկոս տնտեսական աճի տեսակետից հաշվի առնելու պարագայում: Ստացվում է, որ սա կեղծ երաշխիք է, այսինքն` անհրաժեշտության դեպքում բյուջեի միջոցները չեն բավականացնելու կորսված գումարների թեկուզ 80 տոկոսը փոխհատուցելու համար: Մինչդեռ, մեր առաջարկած մոդելը զերծ է նման ռիսկերից:

– Ի՞նչ եք մտադիր անել, Ազգային ժողովի շրջանակում խնդիրը փաստորեն չլուծվեց:

– Չորս խմբակցություններով (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», ՀՅԴ), ամենայն հավանականությամբ, այս շաբաթավերջին դիմելու ենք Սահմանադրական դատարան: Որքան տեղյակ ենք, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանն էլ է Սահմանադրական դատարան դիմելու ցանկություն հայտնել: Հուսով ենք, որ այդ երկու դիմումներն իրար լրացնող կլինեն, և Սահմանադրական դատարանն ըստ էության կքննի պարտադիր բաղադրիչի սահմանադրականության հարցը:

Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի

nyut.am

Տպել Տպել