Դավութօղլուն «ցանկանում է խաբկանք ստեղծել, թե իբր ինչ-որ գործընթաց կա»

Կիրո-ՄանոյանՀայաստանի արտաքին գործերի նախարարությունից այսօր վերահաստատեցին, որ Երևանում դեկտեմբերի 12-ին կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հավաքին մասնակցելու հրավերն ընդունել է նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Հավաքի օրակարգի մանրամասները խոստացան հրապարակել ավելի ուշ:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի կարծիքով, Թուրքիայի արտգործնախարարի այցը կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ և դրանում չկա որևէ դրական քայլ՝ ուղղված Հայաստանին:

«Ազատության» հարցին, թե արդյոք Դավութօղլուի այցով Թուրքիան փորձում է վերակենդանացնել հայ-թուրքական արձանագրությունները, Մանոյանը պատասխանեց. – «Բնականաբար, ոչ: Որովհետև դա անելը մեկ ձև ունի` արձանագրությունները վավերացնելն է` չնայած մենք, որպես կուսակցություն, դեմ ենք այդ արձանագրություններին: Երևան գալով-գնալով այդ արձանագրությունները չեն վավերացվի: Իրենք փորձում են այդ տպավորությունը ստեղծել` պարզապես աշխարհին ցույց տալու, թե ինչ-որ գործընթաց կա Հայաստանի հետ` 2015-ին ընդառաջ»:

Մանոյանը հատկանշական է համարում այն, որ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երևանյան հավաքին, ի տարբերություն Թուրքիայի արտգործնախարարի, չի մասնակցելու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը. – «Որովհետև մի քիչ ավելի անկեղծ է երևի Մամեդյարովը իր պահվածքի մեջ, և եթե կարող է չգալ, չի գա: Ինքը որևէ բարի կամքի դրսևորում ցույց տալու նպատակ չունի, դրա համար էլ գալու կարիք չունի: Իսկ Դավութօղլուն ցանկանում է այդ խաբկանքը ստեղծել, որ իբր ինչ-որ գործընթաց կա»:

Դաշնակցության ղեկավար անդամի փոխանցմամբ` կուսակցությունը դեմ չէ Դավութօղլուի այցին. – «Որովհետև տարածաշրջանային պատասխանատվություն է Հայաստանը ստանձնել` որպես ռոտացիոն կարգով նախագահող այդ կազմակերպությունում, և եթե պիտի արվի ժողով` պիտի արվի: Բայց իր գալու առիթով էլ պետք է հիշեցնել, որ պարտավորություններ ունի Թուրքիան. դա լինի շրջափակումը հանել, Ցեղասպանությունը ճանաչել և այլն»:

Թուրքիային իր պարտավորությունների մասին Դաշնակցությունը պատրաստվում է հիշեցնել բողոքի ցույցի միջոցով, որը կազմակերպելու են «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները: Ակցիան նախատեսում են «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց, որտեղ գումարվելու է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հավաքը:

Բողոքի ակցիայի ժամանակ, ինչպես «Ազատության»-ը փոխանցեց «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Գերասիմ Վարդանյանը, Թուրքիայի դրոշը չեն այրի, քանի որ Դավութօղլուի այցը պետական չէ:

azatutyun.am

Տպել Տպել