Մանդելլան ցեղապաշտ Թուրքիայի դէմ

Նելսոն Մանդելլա

Նելսոն Մանդելլա

«…Եթէ ձտում էք ժողովրդավարութեանը եւ ցանկանում էք լինել ժողովրդավար, ես ձեզ հետ եմ, ես ձեզ պաշտպան կը լինեմ, եթէ ձգտում էք խտրականութեան եւ խտրականութիւն էք ցանկանում, ես ձեզ հետ չեմ, ես ձեզ չեմ հովանաւորում, իսկ եթէ ձգտում էք ցեղապաշտութեան ու ցեղային մաքրազարթման՝ ես միանգամայն հակառակ եւ դէմ եմ ձեզ հետ…»
ՆԵԼՍՈՆ ՄԱՆԴԵԼԼԱ
(28 մարտի 2001 թ.)

Անցեալ հինգշաբթի, դեկտեմբերի 5-ին մահացաւ այդ մեծ մարդը, 95 տարեկան հասակում, ամբողջ մի կեանք նւիրւած լինելով ցեղային խտրականութեան դէմ պայքարին:

Համաշխարհային արդի պատմութեան ամենագլխաւոր դէմքերից, Նոբէլեան խաղաղութեան մրցանակի դափնեկիր (1993), ժողովրդավարութեան ռահվիրայ, մարդու իրաւունքների պաշտպան, ազատատենչութեան խորհրդանիշ եւ դեռ շատ աւելին…

Տգեղ աֆրիկացի եւ տերրորիստ, այդպէս անւանեցին Թուրքիայի թերթերն ու լրատւական միջոցները 1992 թւականին՝ Նելսոն Մենդելլային:

Թուրքիայի կառավարութիւնը որոշեց Մանդելլային պարգեւել «Աթաթուրք» խաղաղութեան շքանշանով եւ նրան հրաւիրել Թուրքիա՝ այդ շքանշանը ստանալու համար: Նելսոն Մանդելլան միանգամայն մերժեց այդ շքանշանը եւ չցանկացաւ այցելել Թուրքիա: Նրա տրամաբանութիւնը հետեւեալն էր, որը պաշտօնապէս ժամանակին յայտարարւեց Մանդելլայի խօսնակի միջոցով….Մանդելլան «Ո°չ» է ասում Թուրքիայի առաջարկին, նա չի ընդունի «Աթաթուրք շքանշանը եւ չի ցանկանում այցելել Թուրքիա, Թուրքիան կիրառում է բիրտ ու պատերազմական քաղաքականութիւն իր քաղաքացիների նկատմամբ, յատկապէս քուրդերի: Մանդելլան իր ամբողջ կեանքը նւիրել է ծառայելու ժողովրդավարութեան տարածմանը, մարդու իրաւունքների պաշտպանութեանը եւ խտրականութիւնների ու հալածանքների վերացմանը, Մանդելլայի նման մի դէմք հնարաւոր չի, որ ընդունի Թուրքիայի նման պետութեան առաջարկը… (յատկանշական է, որ «Աթաթուրք» խաղաղութեան շքանշանը 1990-ին Թուրքիայի կառավարութիւնը նաեւ նւիրեց Քենան Էւրէնին, որը 1980 թւականին զինւորական պետական հարւած էր հասցրել Թուրքիային եւ մինչեւ 1983 թւականը երկրում հաստատել էր զինւորական եւ բռնատիրական իշխանութիւն):

Մանդելլայի կողմից Թուրքիայի շքանշանի առաջարկը մերժելուց յետոյ էր, որ Թուրքիայի թերթերը նրան անւանեցին տգեղ աֆրիկացի եւ տերրորիստ… դա մէկ անգամ եւս ի ցոյց դրեց Թուրքիայի ցեղապաշտ եւ ֆաշիստական նկարագիրը եւ այն, որ թուրք կառավարութիւնը աղաւաղում է իրականութիւնները:

* * *
Մանդելլան իր ամբողջ կեանքը պայքարեց ափարթայդի դէմ, որը աֆրիկայի լեզւով նշանակում է բաժանում, անջատում, եւ դա վերաբերում է մարդկութեանը՝ բաժանել ու անջատել ըստ ցեղի, գոյնի, ազգութեան: Մի վարքագիծ քաղաքականութեան մէջ, որի վրայ է հիմնւած Թուրքիայի պետութիւնը, Թուրքիայի սահմանադրութիւնը նման է Հարաւ Աֆրիկայի ափարթայդի ժամանակաշրջանի սահմանադրութեանը, այն ժամանակ Հարաւային Աֆրիկայում սպիտակամորթները եւ սեւամորթները բաժանւած էին, հասարակութեան մէջ սեւերը զրկւած էին հասարակ մարդկային իրաւունքներից, տարբեր էին նրանց ճաշարանները, զուգարանները, սեւերը իրաւունք չունէին յաճախելու այն վայրերը, որտեղ սպիտակներն էին: Բնակարանները զանազանւած էր եւ աշխատելու համար էլ առաջնահերթութիւնը սպիտակամորթներինն էր:

Թուրքիան նման է նաեւ այսօր, իր խտրական քաղաքականութեամբ: Քուրդերը զրկւած են իրենց լեզւով դպրոցներում դասաւանդելուց, ազատ չեն նաեւ իրենց մշակութային ծիսակատարութիւնների մէջ: Թուրքիայի յոյները ազատ չեն կալւածային առեւտուր ունենալու, դպրոցներում թուրք երեխաների համար պարտադիր է շարադրութիւն գրել Հայոց Ցեղասպանութիւնը հերքելու թեմայով, Թուրքիայի ալեւիները ազատ չեն իրենց կրօնական արարողութիւնների կատարման մէջ, նրանք ամբողջովին զրկւած են կրօնական վայրեր ունենալուց…..եւ տասնեակ նման օրինակներ կարելի է թւարկել Թուրքիայի խտրական եւ ցեղապաշտ քաղաքականութիւնից, որին դէմ էր Նելսոն Մանդելլան:

Եթէ Թուրքիան ունենար Մանդելլայի նման դէմք, թերեւս շատ հարցեր լուծւած կը լինէին այդ երկրում:
Յարգանք Մանդելլայի յիշատակին:

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

Տպել Տպել