Ահմեդ Դաւութօղլուն փորձում է սիրաշահել հայերի սիրտը

aliqԱնցեալ շաբաթւայ ընթացքում, դեկտեմբերի 12-ին մէկօրեայ այցով Հայաստան ժամանեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն, լինելով Թուրքիայի առաջին արտգործնախարարը, որ այցելում է Հայաստան: Ճամբորդութեան նպատակն էր մասնակցել «Սեւծովեան տնտեսական համագործակցութիւնների» անդամ երկրների հերթական ժողովին: Իհարկէ, ժողովից դուրս Դաւութօղլուն երկու ժամ դռնփակ հանդիպում ունեցաւ Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանի հետ:

Յատկանշական է, որ Դաւութօղլուին այս ճամբորդութեան ընթացքում ընկերակցում էին երկու հայազգի լրագրող Թուրքիայից՝ Մարգար Եսայեանը, որը լրագրող է «Թուդէյ Զաման» օրաթերթում եւ անդամ է իշխող «Արդարութիւն եւ զարգացում կուսակցութեան», միւսն էլ՝ Ռոբերտ Քոփթաշը՝ հայալեզու «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր:
* * *
Արդէն տեղեակ էք, որ Սիրիայի տագնապի հարցով Թուրքիան Արեւմուտքի կողքին կանգնելով եւ Սիրիայի վարչակարգի հակադիր ուժերին օգնելով, մեծ դեր ունեցաւ Սիրիայի տագնապը սաստկացնելու մէջ: Դրա հետեւանքով նաեւ Թուրքիայի յարաբերութիւնները իր հարեւան երկրների հետ աւելի ոչ-բարեկամական դարձան, յատկապէս՝ Ռուսաստանի եւ Իրանի հետ: Դրանով նա տարածաշրջանում աւելի հեղինակազրկւեց: Իր հեղինակազրկւած արտաքին քաղաքականութիւնը վերականգնելու նպատակով նոր փորձերի դիմեց, այս անգամ կրկին արծարծելով Հայաստան-Թուրքիա սառեցւած յարաբերութիւնների բնականոնացման հարցը. ըստ թուրք վերլուծաբանների՝ դա նաեւ նպաստելու է Թուրքիայում, ներքին իմաստով, իշխանութեան եւ վարչապետ Էրդողանի համար վարկ ապահովելուն: 2014 թւականի մարտին Թուրքիայում տեղի են ունենալու ընտրութիւններ եւ ներկայ Արդարութիւն եւ զարգացում կուսակցութիւնը ձգտում է, որ կրկին յաջողի ընտրութիւններում եւ երկրի ղեկը վերցնի իր ձեռքը: Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորումը մեծ ազդեցութիւն կարող է ունենալ իշխանութեան վարկի բարձրացման առումով (Ըստ Անկարայի Միջազգային ռազմավարական ուսումնասիրութիւնների կազմակերպութեան – USAK-վարիչ՝ Օզդեմ Սանբերքի՝ նոյն կարծիքին է նաեւ՝ Ռազմավարական հաղորդակցութիւնների կազմակերպութեան (STRATIM) վերլուծաբան Եաշար Եաքըշը): Առ այդ Դաւութօղլուն փորձեց նաեւ սիրաշահել հայերի սիրտը:

Երեւանից վերադառնալիս՝ նա թուրք թղթակիցներին յայտարարեց հետեւեալը՝…հայերը եւ թուրքերը պէտք է նոր յարաբերութիւն ձեւակերպեն, յարաբերութիւն, որ հիմնւած լինի ՙարդար յիշողութեան՚ վրայ, երբ ասում եմ արդար յիշողութիւն, միտքս այն է, որ մենք լաւ կը լինի, իմանանք իրականութիւնները, որ թուրքի եւ հայի յարաբերութիւնները նման չեն եղել գերմանացու եւ հրեայի յարաբերութիւններին, մենք ունենք նմանութիւններ եւ երբ գիտակցենք այդ, կը տեսնենք, որ հայերի տեղահանումը, ամբողջովին սխալ արարք է եղել, որը իրականացւել է (Օսմանական ժամանակաշրջանի երիտթուրքերի միջոցով), դա անմարդկային քայլ է եղել… մեր պատմութեան մէջ միշտ գրւել ու ասւել է, որ հայերը դաւաճանել են երկրին ու արժանի են եղել տեղահանման, մենք պէտք է մաքրենք այդ մտայնութիւնը եւ ջնջենք երկու կողմերում գոյութիւն ունեցող սխալ յիշողութիւնները. մեր նպատակն է ստեղծել միասնական խաղաղութիւն եւ ձեւակերպել ընդհանուր արդար խիղճ…՚ (www.hurriyetdailynews.com/word/caucasus,13 դեկտեմբեր):

Բայց, մենք հայերս ցանկանում եւ պահանջում ենք Թուրքիայից՝ աւելին՝ ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը:

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

Տպել Տպել