«Ի՛նչ էլ լինի, թե՛ թշնամուն, և թե՛ բարեկամին հարգանք ու պատկառանք ներշնչողը, դժբախտաբար, դեռ կոպիտ ուժն է։ Եվ մի ազգ, եթե ուզում է մնալ հարգված, եթե չի ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ. միշտ պետք է լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանության համար, մանավանդ քաղաքական ցնցումների վայրկյաններում»։ (Նիկոլ Դուման)
Հայ ժողովրդի և Հայաստանի ամբողջական ազատագրության շարունակվող երթին
մղում ու թափ տվող և մարտունակություն սովորեցնող այս մեծ պատգամը պատկանում է հայոց ազգային-ազատագրական պայքարի հայդուկապետին՝ Նիկոլ Դումանին, որի ծննդյան տարեդարձը զուգադիպում է հունվարի 12-ին։ 1867թ.-ի այս օրը Արցախի Խաչեն գավառի (Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի) Ղշլաղ գյուղը հայ ժողովրդին պարգևեց Նիկողայոս Տեր-Հովհաննիսյանի ծնունդը, որ ճակատագրված էր հայոց նորագույն շրջանի պատմության վրա իր անջնջելի դրոշմը դնելու իբրև առասպելատիպ Նիկոլ Դուման։
Գերազանցապես դաշնակցական էր Դումանը, որն իր գործով ու նկարագրով ազգային արժեքի վերածեց հայի դաշնակցական կերպարը։ Իբրև այդպիսին՝ միայն ՀՅԴ-ին չպատկանեց, այլև՝ արժանացավ հայ ժողովրդի բոլոր հատվածների ու հոսանքների անվերապահ գնահատանքին ու պաշտամունքին։ Պատահական չէր, ոչ էլ զարմանալի, որ 1914թ.ի սեպտեմբեր 28-ին Թիֆլիսում հայ ժողովուրդը ազգային աննախադեպ հուղարկավորության արժանացրեց իր հերոսական զավակին։ Նույնպես պատահական չէր, ոչ էլ զարմանալի, որ ինքնասպան եղած Դումանի անշնչացած մարմինը թաղվեց հայոց Խոջևանքի պանթեոնում, Սիմոն Զավարյանի աճյունի կողքին։ Ի վերջո, ինչպես Իշխանը՝ Հովսեփ Արղությանը, դամբանական իր խոսքի մեջ պիտի ընդգծեր, եթե Զավարյանը հանդիսացավ «մեր ազատագրության խիղճը», ապա Դումանը եղավ «մեր ազատագրության մարտիկը»։ Ի վերջո նաև հազվադեպ է պատահում, որ ինքնասպանություն գործողը նման հարգանքի և մեծարանքի արժանանա։ Բայց Նիկոլ Դումանն իր մահվան պարագաներով էլ ամրագրեց իր անվան շուրջ արդարացիորեն հյուսված մեծագործ հեղափոխականի դյուցազնապատումը։ Թոքախտից հյուծված «մեր ազատագրության մարտիկը», ի լուր Հայ Կամավորական Շարժման շղթայազերծման համար Թիֆլիսում հավաքված դաշնակցական քաջարի հայդուկների զորաշարժին և ապրելով այն անհուն տառապանքը, որ ի վիճակի չէր այլևս իր բաժին մասնակցությունը ցուցաբերելու հայ ժողովրդի պաշտպանության ու ազատագրության օրհասական պայքարին, նախընտրեց սեփական ատրճանակով վերջ տալ իր… սպառված կյանքին։
Եվ այսօր, իր ծննդյան 147-րդ տարեդարձի առթիվ, Դումանի հիշատակին հարգանքի տուրք ընծայաբերելով՝ արժե նորովի լուսարձակի տակ առնել, թե ինչն է Նիկոլ Դումանի մեծության գաղտնիքը ։ Ռուբենի գնահատումով՝ Դումանի առասպելական հռչակի և հերոսական մեծության գաղտնիքը պետք է փնտրել «ղարաբաղցի լեռնականի պողպատյա կամք»ի մեջ, որ Դումանի հեղափոխական կյանքի անդավաճան ընկերը եղավ ։ Անառարկելիորեն պողպատյա կամքի տեր էր Դումանը։ Հեղափոխականի իր առաջին քայլերից սկսած, իբրև Թավրիզի մեջ հազիվ 24 տարեկան ուսուցիչ-գործիչ, Դումանը դրսևորեց թե՛ գաղափարական-կազմակերպչական, թե՛ մարտական-ռազմական երկաթյա կարգապահություն։
Հետագա իր ամբողջ գործունեության ընթացքում, սահմանը անցնող ֆիդայական խումբերի կազմակերպումից մինչև Վասպուրականում դաշնակցական կազմակերպության ստեղծումը, Խանասորի արշավանքի մտահղացումից մինչև 1905թ.-ի հայ-թաթարական ընդհարումների ռազմական ղեկավարումը, Դումանն ամեն քայլափոխի առաջնորդվեց հայ հեղափոխականի պողպատյա կամքն ու երկաթյա կարգապահությունը ամրապնդելու և հզորացնելու հետևողականությամբ։
Անվարան կարելի է շեշտել, որ ՀՅԴ-ին հատկանշական կազմակերպչական երկաթյա կարգապահության արմատավորումի մեջ մեծագույն ներդրումը ունեցող գործիչներից եղավ Նիկոլ Դումանը։ Նիկոլ Դումանի «պողպատյա կամք»ի ուղղակի դրոշմը անզուգական է հայ ազատագրական շարժման բնորոշ կազմակերպչական կարգապահության մեծ ավանդի վրա։ Միայն Դումանի օրինակով դաշնակցական նկարագիրը կարող էր, Խանասորի արշավանքի ծրագիրը հղանալով և նրա իրականացման մեջ հիմնական ներդրում ունենալով հանդերձ, համեստորեն Վարդանին հանձնել արշավանքի ընդհանուր հրամանատարությունը և ինքը բավարարվել հիսնապետի պաշտոնով։ Դարձյալ Դումանի օրինակով խոնարհ, ընկերասեր և ժողովրդային մարդը կարող էր, մտավորական մեծ պաշարի տեր լինելով և հայկական ազատամարտի ռազմավարական ուղղության հունավորման ու մշակման մեջ վճռական խոսք ունենալով հանդերձ, կուսակցական պատասխանատու մարմինների անդամակցությունից հեռու մնալ և ամբողջ ուժով նվիրվել հեղափոխական-ռազմական կենդանի գործին։
Որքան դիպուկ է Գաբրիել Լազյանի այն բնութագրումը, թե Նիկոլ Դումանը եղավ հայ ազգային-ազատագրական պայքարի ամենից մտավորական ֆիդային, որը հավասարապես և՛ մարտիկ-ֆիդայինների, և՛ մտավորական-քաղաքական գործիչների ակնածանքին արժանացավ։ Եթե թոքախտը չհյուծեր իրեն և Դումանն ինքնասպանությամբ վերջ չտար իր կյանքին, անվարան կարելի է համոզված պնդել, թե Առաջին Աշխարհամարտի ամբողջ տևողության և ետՀայաստանի անկախացման շրջանի պատմակշիռ իրադարձությունների մեջ, հայ ժողովուրդը անպայման պիտի օգտվեր Նիկոլ Դուման անունով անմահացած «Ղարաբաղցի լեռնականի պողպատե կամք»ի հրաշազոր և առաջնորդող ներկայությունից։
Թեև պատմությունը «եթե»ներով չի շարժվում, բայց անպայման ի վիճակի կլինենք պատմության անիվը առաջ մղելու, եթե Նիկոլ Դումանի անձին, գործին և մանավանդ պատգամի ներշնչմամբ սերնդեսերունդ ձայն տանք իրար, թե՝ «Ով կարծում է, թե ինքնապաշտպանության ապահովումը կարելի է ձեռք բերել միշտ մնալով պաշտպանողական սահմաններում, նա չարաչար սխալվում է։ Պաշտպանողական սահմաններում ապահով մնալու համար հարկավոր է, որ հարձակման ենթարկվող կողմն ընդհարման բոլոր կետերում լինի թվով ավելի, քան հակառակորդը, որակով բարձր և ունենա ավելի կատարելագործված զենքեր ու առատ ռազմամթերք։ Բայց որովհետև բոլոր կետերում անկարելի է ունենալ այդ առավելությունները, ուստի անհրաժեշտ է դառնում որոնել կռվի համար ուրիշ` ավելի նպատակահարմար գործելակերպ (տակտիկա)։ …Պէտք է հարձակման փոխարեն անպատճառ հատուցել անհապաղ, որպեսզի հարձակվողը չխրախուսվի անպատիժ հաղթությունից և չանի նորանոր քայլեր։ Այստեղից պարզ երևում է, որ երկու դեպքում էլ հակահարձակումը դառնում է անխուսափելի»:
armenian-community.ge/News/306








