«Հնարավոր է, բայց ոչ». Տիգրան Սարգսյանին իմպիչմենտ չեն հայտարարի

nkar-Vahan-aՀունվարի 18-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած քաղաքացիական հասարակություն – քաղաքական ուժեր համատեղ հանրահավաքը շարունակական կլինի՞, թե՞ միավորումը եւ միասնական պայքարը կավարտվի Սահմանադրական դատարանի որոշումից հետո:

ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է ՀՅԴ եւ ԲՀԿ խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Ըստ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի՝ հունվարի 18-ի բազմամարդ հանրահավաքը վկայությունն էր, որ հասարակությունը այլեւս չի պատրաստվում հանդուրժել ներկա իրավիճակը:

«Ապացուցեց, որ մարդիկ պատրաստ են պայքարել այսօր, ապացուցեց, որ անկախ այն բոլոր հակաքարոզչական մեթոդներից, որը կիրառվում էր վերջին օրերին, եւ անկախ նրանից, թե որ կուսակցություններն են մասնակցում, ինչպիսի հայացքներ ունեցող մարդիկ են մասնակցում, բոլորին միավորում է մեկ բան, որ այսպես ապրել չի կարելի, եկել է ժամանակը, որ ժողովուրդը իր ձայնը հայտնի, եւ կարծում եմ, որ ամսի 18-ին իրոք ժողովուրդը ապացուցեց, որ հոգնել է այս իրավիճակից եւ պատրաստ է պայքարել փողոցում, քանի որ այլ տարբերակներ այլեւս չի մնացել»,- մեզ հետ զրույցում ասաց պատգամավորը:

Խորհրդարանական չորս խմբակցությունների համատեղ պայքարը հետագա ի՞նչ հեռանկարներ ունի, եւ հնարավո՞ր է, որ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ Ժառանգության ներկայացուցիչները անվստահություն հայտնեն գործող կառավարությանը, հարցին Վ. Բաբայանը տվեց հետեւյալ պատասխանը. «Ամեն ինչ հնարավոր է: Անվստահություն հայտնելու պրոցեդուրան սահմանադրորեն ամրագրված պրոցեդուրա է, որը կարող է անել խորհրդարանը, բայց կարծում եմ, որ այդ հարցը պետք է հստակ քննարկվի չորս ոչ իշխանական խմբակցություններում, քննարկվի այն հասարակական շրջանակների հետ, ովքեր պայքարում են եւ համագործակցում են, եւ նաեւ այս հարցը պետք է դիտել որպես ստրատեգիական ինչ-որ մի քայլ: Բայց դուք լավ գիտեք, որ խորհրդարանում կա գերակշիռ մեծամասնություն, եւ յուրաքանչյուր նմանատիպ քայլ հանդիպում է իրենց ճնշմանը, բայց մենք ունենք մի դրական բան, որ ժողովուրդը եւ հասարակությունը իրականում կորցրել է վստահությունը, իրականում ոչ մի ռեսուրս չի մնացել կառավարությանը, որպեսզի ինքը համոզի, բացի իրենց քարոզչական ինչ-որ հեքիաթներից եւ հակաքարոզչական նյութերից, որոնք տարածվում են համացանցում»:nkar-Vahan-arcvik-

Եթե կառավարությունը որոշակի զիջումների գնալ, կամ ՍԴ-ն բավարարի պահանջը, պայքարը կհամարե՞ք հաջողված, թե՞ գործող իշխանությունների նկատմամբ անվստահության բարձր մակարդակը կստիպի նույն քաղաքական ուժերին եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին շարունակել ընդզվումը, հարցին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Չէ, ես կարծում եմ այս գործով կհամարենք գործը ավարտված, եթե ՍԴ-ն բավարարի մեր խնդրանքը, այլ բան, որ սոցիալ-տնտեսական խնդիրներ կան, որոնք նույնպես պետք է արժանանան իշխանության եւ ՍԴ-ի պատշաճ քննությանը, եւ պայքարը այդ տեսակետից չի դադարելու»:

Ըստ Ա. Մինասյանի՝ շատ հաճախ հնչում են տեսակետներ, թե այս գործընթացը կարող է դիտարկվել որպես հեղափոխության սկիզբ, բայց, ըստ նրա, իրենք չեն ուզում, որ կոնկրետ այս կամ այն հարցի լուծումը պայմանավորված լինի բացառապես հեղափոխության գաղափարով:

«Անշուշտ հասարակության մեջ առկա բազմաթիվ սոցիալ-տնտեսական բացասական դրսեւորումներ կան, եւ դա ցույց է տալիս, որ հասարակությունը այլեւս համբերելու տեղ չունի, բայց իշխանության պարտավորությունն է, որպեսզի բոլոր նմանատիպ խնդիրները հավուր պատշաճի ուշադրություն դարձնի եւ լուծի, հակառակ պարագայում հեղափոխական իրավիճակը կծնվի, իսկ դա անցանկալի երեւույթ է երկրի, պետության համար»,- ասաց նա:

Փայլակ Ֆահրադյան

galatv.am

Տպել Տպել