Սիրե՞լ թէ չսիրել Ձմեռ պապիկին

թուրքիաԹուրքիայում միշտ տօնւել է Նոր տարին եւ քրիստոնէական տարեմուտը՝ դրան միացնելով նաեւ Քրիսմըսը եւ Նոէլ Բաբային (ինչպէս թուրքերն են ասում Ձմեռ պապիկին):

Թուրքիայում տարին փոխւում է եւ Նոր տարին սկսւում է հէնց այնպէս, ինչպէս Քրիստոնէական աշխարհում: Թուրքական ամիսները թէեւ ունեն թուրքերէն անւանում, բայց դրանք համապատասխանեցւել են Քրիստոնէական աշխարհի ամիսների հետ, այսպէս առաջին ամիսը օջաք (յունւար), շուբաթ (փետրւար), մարթ (մարտ) եւ….

Քրիստոնէական տարեմուտը միշտ տօնւել է Թուրքիայում՝ իր հետ ունենալով Նոր տարւայ տօնակատարութիւններ, յատկապէս աւելի մեծ շուքով են տօնում աշխարհիկ թուրք զանգւածը (սեկիւլար եւ ոչ-կրօնական հակումներով թուրքեր): Նրանք Նոր տարւայ գիշերը հաւաքւում են իրար շուրջ՝ բարեկամներով եւ ընկերներով իրենց բնակարաններում: Նոր տարւայ սեղանից անպակաս է՝ խորոված հնդկահաւը: Տօնում են Նոր տարեմուտը՝ խմելով, երգելով, պարելով եւ միմեանց նւէրներ ընծայելով, որոնք բերել է Ձմեռ պապին: Ոմանք էլ տօնում են բնարականներից դուրս՝ ակումբներում, ճաշարաններում: Անպակաս է Նոր տարւայ խմիչքը՝ ռաքին: Գլխաւոր քաղաքներում, ինչպիսիք են՝ Իզմիրը, Անկարան եւ Ստամբուլը, Նոր տարւայ բարիգալստեան խօսքերի ու բարեմաղթանքների պաստառներով զարդարւում է քաղաքը, զարդարւում է տօնածառերով ու Ձմեռ պապիկներով:

Այն քաղաքներում, ուր քաղաքապետարանը գտնւում է Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան հակակշռի տակ (ՀԺԿ), աւելի ճոխ է տօնւում Նոր տարին (ԺՀԿ-ն յայտնի է որպէս այն կուսակցութիւնը, որ միշտ խաղաղութիւն է քարոզում տարբեր կրօնների մէջ եւ աւելի հանդուրժող է երկրի այլ կրօնների ու ազգութիւնների նկատմամբ):

Թուրքերը նաեւ տօնում են Քրիսմըսը եւ խորհրդանշական Ձմեռ պապիկի գոյութիւնը: Նոր տարւայ սեմին երեւան են գալիս զարդարւած տօնածառեր, քաղաքի տարբեր կենտրոններում, առեւտրի կենտրոններում (շափինգ սենթըրներում) Ձմեռ պապիկի զգեստով անձնաւորութիւններ, երգում, պարում ու զւարճացնում են անցորդներին… տարիներ այդպէս է տօնւել Նոր տարինª Թուրքիայում: Նոր տարւայ տօները այդ երկրում համարւում էին քրիստոնէական եւ իսլամական միասնական տօն…

* * *
Շատ բան կարելի է գրել ու խօսել Թուրքիայի հակասական երեւոյթների մասին, թէ այն, որ այդ բազմազգ ու բազմակրօն երկրում դեռ թուրքերը չեն հանդուրժում իրենց երկրում գոյատեւող այլ կրօններին ու ազգութիւններին, այն, որ դեռ Թուրքիայի իշխանութիւններն էլ ապրում են երկւութեան մէջ, որտեղ թէ՛իսլամական կարգեր են տիրում, եւ թէ՛ ոչ կրօնական: Կարելի է երկար գրել ու խօսել այդ ժողովրդի նկարագրային տագնապների եւ ինքնութեան փնտրտուքի մասին: Այն մասին, թէ արդեօք գերադասում են ազգային եւ ոչ-կրօնական նկարագիր ունենալ, թէ իսլամական ու կրօնական ներկայանալ…

Այս տարւայ Նոր տարին՝ Նոր տարւայ տօնակատարութիւնները, Քրիսմըսը եւ Ձմեռ պապին եւս զերծ չմնացին այդ ինքնութեան փնտրտուքի տագնապից: Դեկտեմբերի 26-ին Ստամբուլում ՙՍտամբուլ՚ համալսարանի մի խումբ ուսանողներª ՙԱնատոլիայի երիտասարդների միութիւն՚ անւան տակ, որը պատկանում է իսլամական գաղափարախօսութիւն ունեցող ՙՖազիլէթ՚ կուսակցութեանը, ցոյցեր էին կազմակերպել Ստամբուլում՝ բողոքելով Նոր տարւայ տօնակատարութիւնների ու Ձմեռ պապիկի դէմ, իբր թէ այդ տօները դէմ են իրենց արմատներին, դրանք շինծու են եւ դրսից ներմուծւած աւանդույթներ… Քաղաքի տարբեր կողմերում երեւան են եկել պաստառներª ՙՈ՛չ Նոր տարի, ո՛չ Ձմեռ պապի՚ գրութիւններով:

* * *
Հարազատ ակունքներին ու արմատներին վերադառնալու փորձերը դրական են իւրաքանչիւր ազգի ու հասարակութեան մէջ՝ պայմանով, որ դրանք չվերածւեն այլ ազգերի դէմ պայքարի ու արշաւանքի… Մի բան, որ Թուրքիայում շատ է պատահել եւ շատ փաստեր կան նման երեւոյթների վերաբերյալ: Մտահոգիչն այն է, որ հականորտարի ու հակաձմեռպապի պայքարը Թուրքայում կարեղ է վերածւել հակաքրիստոնէական պայքարի…

Բազմիցս Թուրքիայում դատւել ու դատապարտւել են անհատներ (թէ՛ սովորական հասարակութիւն, եւ թէ՛ մտաւորականներ) ՙկրօնական զգացմունքներն ու արժէքները վարկաբեկելու՚ մեղադրանքով: Իհարկէ, կրօնական արժէքներ եւ զգացմունքներ ասելով՝ թուրքերը հասկանում են միայն իսլամականը, իսկ այլ կրօններն ու նրանց արժէքները վարկաբեկելը չի համարւում մեղադրանք… այստեղից պէտք է հասկանալ նաեւ Թուրքիայի խտրական դրւածքի էութիւնը:

Գրգոր Ղազարաեն

Տպել Տպել