Անդրադառնալով շաբաթ օրը Հայաստանի նախագահի՝ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին արած հայտարարությանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել է՝ ճիշտ կլիներ, եթե նախագահը չանդրադառնար այդ հարցին։
«Նախագահին սխալ են ներկայացրել այդ օրենքը։ Նա չպետք է նման կտրուկ հայտարարություններ անի, առավել ևս, որ գործը գտնվում է Սահմանադրական դատարանում, և ինքն էլ նշում է, որ, միգուցե, օրենքում կան անհաջող, անհարթ իրավաբանական ձևակերպումներ»,- ասել է դաշնակցական պատգամավորը.- «Եթե նախագահը փորձել է իսկապես մխրճվել այս փոփոխությունների էության մեջ, ապա առնվազն պետք է համոզված լինի, որ այն երկրներում, որտեղ համակարգը՝ որպես բարեփոխում, ներդրվել է, հակառակը՝ բնակչության առնվազն 80 տոկոսը համաձայն է եղել փոփոխությունների հետ։ Եվ դրա համար այն հասարակություններում, որտեղ պարտադիր բաղադրիչը թեկուզ փոքր ծավալներով եղել է, այդ հասարակարգերում կոնսենսուս է ձևավորվել քաղաքական ուժերի և հասարակության մեջ դերակատարություն ունեցող մասնագիտական շրջանակների միջև»։
Մինասյանը ուշադրություն է հրավիրել հեռուստատեսությամբ օրենքի վերաբերյալ հանրության շրջանում դրական տպավորություն ստեղծող հեռուստատեսային հաղորդումների, այդ մասին դրական արտահայտվող պաշտոնյաների պահվածքի վրա՝ նկատելով, որ նրանք դրանով անպատասխանատվության մթնոլորտ են ստեղծում, քանի որ «աղավաղումներով են ներկայացնում համակարգը»։
«Սա անպատասխանատվության միջավայր և մթնոլորտ է առաջացնում, և ես շատ կուզենայի, որ մեր երկրի նախագահը չդառնար այդ անպատասխանատվության առաջացման հիմնական դրդիչը»,- ասել է պատգամավորը։
Նաիրա Բուլղադարյան
azatutyun.am







