«Նաիրիտ»-ի հարցով հանձնաժողով ստեղծելու նախագիծը ԱԺ քառօրյայի օրակարգում չընդգրկվեց

արծվիկԱզգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մերժեց «Նաիրիրտ գործարան» ՓԲԸ մասնավորեցման և ստանձնած վարկային պարտավորությունների ու անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը ԱԺ քառօրյայի օրակարգում ընդգրկելու առաջարկը:

Հիմնական զեկուցող ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետության սոցիալ-տնտեսական կյանքի վրա «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության ունեցած զգալի դերակատարությամբ, ինչպես նաեւ գործարանի պարապուրդի կամ տեւական ժամանակ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու հանգամանքների, ու ընկերության մասնավորեցման եւ ստանձնած վարկային պարտավորությունների վերաբերյալ մամուլում հանրային լուրջ հնչեղություն ունեցող հրապարակումներն ուսումնասիրելու եւ ընկերության վերագործարկման ուղղությամբ իրականացման ենթակա առաջարկությունների մշակման անհրաժեշտությամբ:

«Նաիրիտի հետ կապված խնդիրները հասարական լայն հնչեղություն են ստացել, ուստի մենք այդ հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն ենք տեսնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մինասյանը:

Նրա խոսքով՝ տնտեսության մեջ գործարանի դերակատարումը հստակեցնելու, գործարանի աշխատակիցների խնդիրները կարգավորելու, չարաշահումներ իրականացրած անձանց բացահայտելու համար հարկավոր է ստեղծել այս հանձնաժողովը: «Մենք որոշ բացահայտումներ ենք արել գործարանում իրականացված չարաշահումների վերաբերյալ, դիմել ենք իրավապահ մարմիններին, սակայն մեր դիմումի համաձայն գործեր չեն հարուցվել տարբեր պատճառաբանություններով, դրա համար մենք նպատակահարմար ենք գտնում ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը խորությամբ կուսումնասիրի գործարանի հետ կապված խնդիրները»,- նշեց Մինասյանը:

Հանձնաժողովը նպատակ պետք է հետապնդեր ուսումնասիրել՝ «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման գործընթացը, ՀՀ կառավարության եւ գնորդի ստանձնած պարտավորություններն (ըստ կատարման ժամանակացույցի) ու դրանց փաստացի կատարման վիճակը, մասնավորեցումից մինչեւ այժմ ընկերության բաժնետերերի փոփոխության, կախյալ կամ դուստր ընկերությունների ձեւավորման գործընթացը եւ նպատակներ, «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության շուրջ դրա բաժնետերերի, ինչպես նաեւ կախյալ կամ դուստր ընկերությունների կողմից ստանձնած վարկային պարտավորությունները եւ դրանց օգտագործման ուղղությունները:

armenpress.am

Տպել Տպել