Եվրոխորհրդարանի փոխնախագահը հանդիպեց ՀՅԴ ներկայացուցիչներին


Սեպտեմբերի 20-ին, Եվրախորհրդարանի փոխնախագահ Լիբոր Ռուչեքը (Եվրոպական խորհրդարանում սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադիմական դաշինքի խմբակցություն, Չեխիա) այցելեց ՀՅԴ Բյուրոյի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոն եւ հանդիպում ունեցավ ՀՅԴ ներկայացուցիչների հետ։Լիբոր Ռուչեքը Հայաստանում է գտնվում եւ մասնակցում է Անկախության հռչակման 20-ամյակին նվիրված միջոցառումներին ՀՀ ԱԺ նախագահի հրավերով:

ՀՅԴ-ի կողմից հանդիպմանը մասնակցեցին Վահան Հովհաննիսյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյան, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամներ Արա Նռանյանն (նաեւ ՀՅԴ ՀԳՄ-ի անդամ) ու Լիլիթ Գալստյանը, Ընկերվար Միջազգայնականի փոխնախագահ եւ «Հրայր Մարուխյան» հիմնադրամի տնօրեն Մարիա Թիթիզյանը եւ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Հանդիպմանը մասնակցեց նաեւ Ընտրական Իրավունքի Պաշտպանության («Քվեն Ուժ է») հասարակական շարժման համակարգող խորհրդի անդամ Նելլի Բաղդասարյանը։

Պրն Լիբոր Ռուչեքին ներկայացուեցին ՀՅԴ մոտեցումները՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական եւ սոցիալական խնդիրների կարգավորման, ինչպես նաեւ՝ Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման վերաբերյալ։ Քննարկվեցին նաեւ ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցություն- Եվրոպական խորհրդարանում սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադիմական դաշինքի խմբակցություն համագործակցության հնարավորությունները։

Նելլի Բաղդասարյանը ներկայացրեց Ընտրական Իրավունքի Պաշտպանության («Քվեն Ուժ է») հասարակական շարժման նպատակն ու աշխատանքները. նա շեշտեց կարեւորությունը՝ հակամարտությունների խաղաղ կարգավորման համար տարածաշրջանի երկրներուն ժողովրդավարության հաստատման եւ կամ ամրապնդման։

Պրն Լիբոր Ռուչեքը այցելեց «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում գտնվող ՀՅԴ թանգարանը։

Տպել Տպել