Չորս ուժերն ի՞նչ խնդիր են դրել իրենց առաջ

Աղվան1Քննարկել ստեղծված իրավիճակը, ելքեր որոնել, ճշտել համագործակցության շրջանակները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե որն էր անցած շաբաթ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման նպատակը:

Հիշեցնենք, որ Գ. Ծառուկյանն անցած շաբաթ ՀՅԴ ղեկավարներ Հրանտ Մարգարյանին, Արմեն Ռուստամյանին և Աղվան Վարդանյանին հրավիրել էր հանդիպման: Իսկ ոչ իշխանական չորս կուսակցությունները՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» տևական ժամանակ է, ինչ տարբեր հարցերի շուրջ հանդիպումներ ու կոնսուլտացիաներ են անցկացնում, հաճախ կառավարությանն անվստահություն հայտնելու հարց են բարձրացնում, երբեմն էլ ընդհանուր իշխանափոխության մասին են խոսում: Այնուամենայնիվ, հնարավո՞ր է այդ չորս ուժերով պայքարեն իշխանափոխության համար, թե՞ այս գործընթացները պարզապես քաղաքական կյանքը թեժ պահելու համար արվող քայլեր են: «Չորսի ֆորմատով շարունակում ենք աշխատել, և մեր սկզբունքն ու մոտեցումները միշտ նույնն են եղել՝ գտնել ընդհանրությունները, դնել այն հարցերը, որտեղ բոլորիս մոտեցումները նույնն են, և դրանից հետո այդ քայլը կատարել»,- պատասխանեց Ա. Վարդանյանը:

Հայտնի է, որ ՀՅԴ-ն ԲՀԿ-ի նման հիմնականում կառավարության հրաժարականն է պահանջում, նախագահի հրաժարական չի պահանջում, բայց խոսում է ընդհանուր իշխանափոխության մասին: Իսկ առանց նախագահի հրաժարականի ի՞նչ է նշանակում ընդհանուր իշխանափոխությունը: «Նորից եմ կրկնում, հետևյալն է մեր մոտեցումը. կան չորս տարբեր քաղաքական ուժեր՝ իրենց մոտեցումների տարբերությամբ, աշխարհայացքների, պատմության տարբերությամբ: Մենք այս փուլում կարևորելով համագործակցությունը, լայն հիմքեր ստեղծելը՝ կոնկրետ խնդիրներ ենք դնում մեր առջև: Այս կոնկրետ խնդիրը դրված է, կարողանո՞ւմ ենք բոլորս համաձայնության գալ: Եթե եղավ ընդհանուր համաձայնություն, դրա մասին հայտարարում ենք և ընդհանուր գործողություններ ենք կատարում: Դրանից հետո անում ենք հաջորդ քայլը»,- եզրափակեց Ա. Վարդանյանը:

Արմինե Ավետյան

1in.am

Տպել Տպել