Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բացումը Հոլանդիայի Ալմելո քաղաքում նախատեսված է ապրիլի 24-ին

holandՀոլանդիայի Ալմելո քաղաքում կառուցվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդի նմանությամբ, որի բացումը նախատեսված է ապրիլի 24-ին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի կենտրոնական խորհրդից։

Մարտի 9-ին Հոլանդիայի Ալմելո քաղաքի Հայ Առաքելական եկեղեցին հյուրընկալել է «Քրիստոնյա-դեմոկրատական խնձոր» (CDA) կուսակցության անդամ, Նիդերլանդների Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոխորհրդարանի անդամ Պիտեր Օմտզիխտին: Նրան ուղեկցել են Ալմելոյում ՔԴԽ-ի նախագահ Իրենե Տեն Սելդամը և քաղաքապետարանի ավագանու անդամ Յան Վան Մարլեն:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայ դատի հանձնախմբի, «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության, Հայ մարմնակրթական ընդհանուր միության, Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչներ: Մասնակիցները քննարկել են մի շարք հարցեր, ինչպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն և դատապարտումը, թե ինչ հակադարձ գործողություններ կարող են անել Նիդերլանդների իշխանությունները թուրքական և ադրբեջանական մերժողական և ռազմատենչ քաղաքականության դեմ։ Քննարկվել է նաև հայկական դպրոց ունենալու անհրաժեշտությունը, հայերի վիճակը Միջին Արևելքում և, հատկապես, Սիրիայում, ինչպես նաև Հայաստան-Նիդերլանդներ մերձեցումը (հատկապես, տնտեսական ոլորտում) և որոշ մարզային հարցեր:

Վարչության նախագահ Օննիկ Գելիջիի կողմից բարձրացվել են հարցեր հայերի աշխատանքի տեղավորման վերաբերյալ, հայկական գերեզմանատուն ունենալու պահանջը, ՀՄԸՄ-ի, հատկապես, հայ սկաուտներիի համար սեփական շենք ունենալու պահանջը, ինչպես նաև ներկայացվեցին ավագ սերնդի խնամքի և բնակարանային համալիր ծրագրի վերաբերյալ հարցեր:

Օննիկ Գելիջիի առաջարկով պայմանավորվածություն է ձեռք բերվել 6 ամիսը մեկ անգամ կազմակերպել հանդիպումներ՝ բարձրացված հարցերի և կատարված աշխատանքների վերաբերյալ:

Գոհար Ավետիսյան

Տպել Տպել