Ավստրալացի խորհրդարանականը կոչ է արել պաշտպանել քեսաբահայերի իրավունքները

KԱվստրալիայի Հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ ավստրալացի խորհրդարանական Ջոնաթան Օ’Դին Նոր Հարավային Ուելսի խորհրդարանում բարձրաձայնել է քեսաբահայության խնդիրների մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Դատի կենտրոնական խորհդից, խորհրդարանականը նշել է, որ Դեվիդսոն նահանգի ընտրողների շարքում զգալի է հայերի թիվը, ովքեր իրենց դրական և կառուցողական ներդրումն ունեն ավստրալական հասարակության մեջ: «Իմ որոշ ընտրողներ վերջերս իրենց անհանգստությունն էին հայտնել Սիրիայի Քեսաբի շրջանում «Ալ Քաիդա»-ի ահաբեկիչների կողմից տեղի բնակչության վրա տարբեր հարձակումների վերաբերյալ: Ինչպես հայտնում են տարբեր աղբյուրները, ահաբեկիչները հարձակվել են մարդկանց վրա` ստիպելով նրանց լքել իրենց բնակավայրը, իսկ եկեղեցիները, տներն ու տարբեր միջոցները յուրացվել են ահաբեկիչների կողմից: Այդտեղ ապրող խաղաղ բնակչության մեծամասնությունը հայեր են, ովքեր հաստատվել էին այդ տարածքում` փախչելով Օսմանյան Թուրքիայից 1915-ին և 1923-ին: Ես ընդունում և աջակցում եմ այն մարդկանց կարծիքն առ այն, որ միջազգային կազմակերպությունները պետք է դադարեցնեն Սիրիայում մարդու իրավունքների յուրաքանչյուր ոտնահարում»,- հայտնել է խորհրդականը:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Վահե Ղահրամանյանն Ավստրալիայում ապրող հայերի անունից շնորհակալություն է հայտնել Օ’Դիին` Քեսաբի վերաբերյալ իր խիստ դիրքորոշման կապակցությամբ: «Միջազգային կազմակերպությունները պետք է դատապարտեն Թուրքիայի` 1915 թվականի ցեղասպանությունը վերապրած հայ համայնքի նկատմամբ դրսևորած ագրեսիան»,- ասել է Վահե Ղահրամանյանը:

Տպել Տպել