ՀՅԴ ներկայացուցիչը մասնակցում է Սոցինտերնի նախագահության նիստին


Աթենքում կայանում է Ընկերվար Միջազգայնականի (Սոցինտերն) նախագահության նիստ, նախագահությամբ կազմակերպության նախագահ եւ Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուի։ Նախագահության նիստին մասնակցում է նաեւ Հայաստանից կազմակերպության փոխնախագահ, ՀՅԴ ներկայացուցիչ Մարիա Թիթիզյանը։

Նախագահության նիստը կենտրոնանալու է արաբական աշխարհում վերջին զարգացումների վրա, քննարկվելու են համատեղ քայլերի հնարավորությունները՝ այս ժողովրդավարական հեղափոխությունների նպատակների հաջողության համար։ Միօրյա ժողովի օրակարգում է նաեւ Փղոսկրի Ափը (Կոտ դ’Իվուարը), ուր Սոցինտերնի անդամ կուսակցությունը՝ Փղոսկրյան ժողովրդային ճակատը կախակայվել է, երկրում հետընտրական տագնապի պատճառով։ ԸՄ նախագահությունը քննարկելու է նաեւ անդամակցության եւ անդամ կուսակցությունների պարտավորությունների կատարման վերաբերյալ սկզբունքային հարցեր։ Սոցինտերնը սոցիալ դեմոկրատական, սոցիալիստական եւ աշխատավորական կուսակցությունների համաշխարհային կառույց է, որը համախմբում է 170 կուսակցություններ եւ կազմակերպություններ բոլոր մայր ցամաքներից։ Կազմակերպության նախագահությունը կազմված է նախագահից, գլխավոր քարտուղարից, 32 փոխնախագահներից եւ 6 ի պաշտոնե անդամներից։

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայ Յեղափոխական Դաշնակցությիւնը 1996թ. սեպտեմբերին նորից դարձավ Սոցիալիստական Ինտերնացիոնալի անդամ, որին կուսակցությունը առաջին անգամ անդամագրվել էր 1907թ.: 2003թ. ՀՅԴ-ն դարձավ Սոցինտերնի լիիրավ անդամ` դառնալով ԱՊՀ երկրներում միակ կուսակցությունը, որն ունի այդպիսի կարգավիճակը: Սոցինտերնի 13-րդ համագումարում, որը կայացել է 2008թ. հունիսին Աթենքում, դաշնակցական Մարիա Թիթիզյանն ընտրվեց կազմակերպության փոխնախագահ: Սոցինտերնի խորհուրդը 2008թ. նոյեմբերին Մեխիկոյում ընտրեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանին Սոցինտերնի ԱՊՀ, Կովկասի և Սև ծովի հանձնախմբի համանախագահ:

ՀՅԴ Կանանց խումբը Կանանց Սոցինտերնի անդամ է:

ՀՅԴ երիտասարդական կազմակերպությունը` ՀԵԴ-ն, Երիտասարդ Սոցիալիստների Միջազգային Միության անդամ է, և Սոցիալիստ Երիտասարդների Եվրոպական Համայնքի դիտորդ անդամ:

ՀՅԴ ՄԱՄԼՈ ԴԻՒԱՆ

Տպել Տպել