Դաշնակցության մոտեցումները հստակ են և չեն կարող հակասել Դաշնակցության տեսակետներին

Արմեն Ռուստամյանը՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին

ԱրմենՌԱրդեն ավարտվել է վարչապետի թեկնածության շուրջ քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՅԴ խմբակցության քննարկումը:
handipum
Հանդիպումից հետո Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց. «Մեր մոտեցումները հստակ արտահայտել էինք մինչ այդ հանդիպումը: Հանդիպման ժամանակ ներկայացրեցինք յոթ կետերից բխող առաջարկություններ` իրավիճակի հետ կապված, փոփոխությունների վերաբերյալ մեր պատկերացումները, խոսեցինք մեր գնահատականների մասին և հույս հայտնեցինք, որ նոր կառավարությունը պետք է չհամարվի հնի շարունակությունը, այլ նոր հույս ներշնչելու, նոր էջ բացելու ակնկալիք պետք է առաջացնի»:

-Ինչպիսի՞ն էր այս հարցերի վերաբերյալ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը:

-Սերժ Սարգսյանն ասաց, որ շատ ուշադիր կուսումնասիրի: Բնական է, որ այդ յոթ կետերը նոր չեն, կուսումնասիրի այն իմաստով, թե որքան է դա իր կողմից ընդունելի, որպեսզի ընդգրկի նոր ձևավորվող կառավարության քաղաքականության մեջ: Այդ պատասխանից էլ կբխի մեր դիրքորոշումը:

-Խոսեցի՞ք նոր վարչապետի մասին: Ինչպիսի՞ն է Սերժ Սարգսյանի ընտրությունը:

-Նոր վարչապետի անձի մասին խոսք չի եղել: Մենք` ինքներս, ասել ենք, որ անձի խնդիր չենք դնում, մենք ծրագրերն ենք կարևորում և այն առաջարկների ընդունումը, որը մենք նրան ներկայացրել ենք: Կառավարության համապատասխան կազմը, որը կիրականացնի բարեփոխումներ` ընդգրկումով և խորությամբ, նույնպես կարևոր է, բայց այս փուլում դրա մասին խոսակցություն չի եղել:

-Այս օրերի ընթացքում շատ խոսվեց ՀՅԴ-ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի մասին: Անգամ այն ժամանակ, երբ Դուք հանդիպման էիք, տեղեկատվություն շրջանառվեց, թե կոալիցիոն համաձայնագիր է ստորագրվում:

-Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Մեր համագործակցության ձևաչափը պայմանավորված է մեր առաջարկած ծրագրի հիմնադրույթներն ընդունելու աստիճանով, դրանից է բխելու ամեն ինչ` մեր տեղն ու դերը այս հարաբերությունների մեջ: Բնականաբար, սա չի նշանակում կոալիցիայի հետ կապված ինչ-որ գործընթաց, մեզ համար դա երբեք ինքնանպատակ չի եղել: Մենք կոալիցիայի մեջ ենք եղել և դուրս ենք եկել այդ յոթ կետերի մի շարք դրույթներ չկատարվելու պատճառով: Դաշնակցության մոտեցումները շատ հստակ են, և դրանք չեն կարող հակասել Դաշնակցության` մինչ օրս ունեցած քայլերին և արտահայտած տեսակետներին: Մենք միշտ ենք ասել, որ այս պրոցեսում անձերի խնդիր ու կոալիցիա մտնելու հարց չի քննարկվում, այլ երկրում ստեղծված իրավիճակը կտրուկ փոխելու գիտակցումն է, որ կարևոր է, հակաճգնաժամային իրական քաղաքականության և ծրագրված քայլերի մասին է խոսքը գնում:

-Պարո’ն Ռուստամյան, այսօր հայտնի դարձավ նաեւ, որ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու մտադրություն կա: Ի՞նչ կարող եք ասել այս մասին: Սերժ Սարգսյանն էլ անգամ ասաց, որ այդ դեպքում չի հավակնի վարչապետի պաշտոնին:

-Այդ փոփոխությունները լավ հիմք են ստեղծում` հետագա քննարկումները շարունակելու առումով, բայց երկակի հնարավորություն է այնտեղ քննարկվում: Մեր կարծիքով, համակարգի հետ կապված, նախ սահմանադրական փոփոխությունները պետք է լինեն` լիարժեք և ամբողջական: Դրա մասին էլ ենք մենք խոսել՝ կապված խորհրդարանական համակարգի անցնելու` մեր առաջարկի հետ, որը յոթ կետերից մեկն է: Շատ կարևոր է, որ այս փուլում ինքը հայտարարում է, որ ամեն պարագայում չի առաջադրվելու ո’չ նախագահ, ո’չ էլ հավակնելու է վարչապետի պաշտոնին, որը օբյեկտիվ կդարձնի քննարկումը, որը կարող էր տարբեր կողմերից շահարկվել և շահարկումների դաշտից դուրս բերել իրական սահմանադրական բարեփոխումներով կառավարման համակարգն ավելի արդյունավետ դարձնելը, ընդդիմության դերի մեծացումը, մնացած բոլոր խնդիրները, որոնք քաղաքական անհրաժեշտ քայլեր են, որպեսզի համապատասխան միջավայր ստեղծվի բարեփոխումների համար: Սրանք են կարևոր, և այդ ամենի համար լավ դաշտ ստեղծված է, կա լավ առիթ` իրական դարձնելու այն բոլոր նպատակները, որոնք ուղղված են երկիրը ծանր վիճակից օր առաջ դուրս բերելու համար: Այդ խնդիրների լուծման մեջ մենք կարող ենք լիարժեքորեն ընդգրկվել համապատասխան որակով և ձևաչափով, եթե մեր ասած ծավալով բարեփոխումների գիտակցումը և ընկալումը փաստվի:

yerkir.am

Տպել Տպել