ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները նոր կառավարության ձեւավորման հարցով հանդես կգա համատեղ հայտարարությամբ

Արմեն1Այսօր, ապրիլի 16-ին ՀՅԴ խմբակցությունում տեղի է ունեցել ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների հերթական հանդիպումը, որտեղ քննարկվել են քառյակի հետագա գործողությունները:

Քննարկմանը մասնակցում էին ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը և Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ-ից` Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ից` Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը և Ստեփան Մարգարյանը, «Ժառանգություն»-ից՝ՙ Աժ պատգամավոր Թևան Պողոսյանը և «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախապես հայտնել էր, որ քննարկվելու է կուտակային կենսաթոշակային օրենքի հարցով ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու հարցը

Հանդիպումից հետո ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ քառյակը գործում է՝ ի հեճուկս հակառակ կանխատեսումների:

Նա նաեւ նշել է, որ հանդիպման ժամանակ որոշվել է ապրիլի 28-ին մեկնարկող եռօրյային արտահերթ կարգով ներկայացնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որպեսզի Սահմանադրական դատարանի վճռից հետո ստեղծված անորոշությանը վերջ դրվի:

Հարցին` արդյո՞ք Դաշնակցությունը մաս կկազմի իշխանական կոալիցիային, Արմեն Ռուստամյանը պատասխանել է, որ վերջնական որոշումը կկայանցնի Դաշնակցության Գերագույն ժողովը՝ ապրիլի 18-ին: Բայց, միաժամանակ, ինքն արդեն կարող է ասել, որ չնայած իրենք նախապես հայտարարել էին, որ կոալիցիա կմտնեն այն դեպքում, եթե իշխանությունները ընդունեն իրենց ներկայացրած 7 կետերը, դրանց էական մասը, ըստ էության, կամ չի ընդունվել, կամ ընդունվել է կիսատ-պռատ:

Արմեն Ռուստամյանը նաեւ նշել, որ ապրիլի 28-ին հանրահավաքներ նախատեսված չեն:

Հարցին, թե արդյո՞ք քառյակն արդեն միասնական դիրքորոշում ունի Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրին, Արմեն Ռուստամյանը պատասխանել է, որ այս հանդիպման ժամանակ իրենք քննարկել են նաեւ միասնակ դիրքորոշման հարցը, եւ հույս ունի, որ մինչեւ կառավարության ծրագրի ներկայացումը՝ միասնական տեսակետը ձեւավորված կլինի:

Քառյակի հաջորդ համատեղ նիստը կկայանա մյուս շաբաթ. «Մենք կգործադրենք բոլոր ջանքերը, որպեսզի խորհրդարանական չորս խմբակցությունները հանդես գան համատեղ հայտարարությամբ` նոր կառավարության ձեւավորման կապակցությամբ: Ներկայումս, իհարկե, խմբակցություններից ամեն մեկն իր դիրքորոշումն ունի այդ հարցի վերաբերյալ, սակայն մենք համաձայնության կհասնենք եւ հանդես կգանք համատեղ հայտարարությամբ», – ասել է Արմեն Ռուստամյանը:

Տպել Տպել