Այսօր, Ապրիլի 23-ին, Ազատության հրապարակում մեկնարկել է ավանդական դարձած ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ պատանեկան միությունների, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները իրենց հետո բերել էին Հայաստանի մեծ դրոշը, նաեւ Թուրքիայի դրոշը, որը, ավանդույթի համաձայն, այրելու էին:
Ազատության հրապարակ էին եկել նաեւ սկաուտական շարժման մասնակիցները, ովքեր իրենց հետ բերել էին Ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշները՝ ի նշան երախտագիտության:
Մինչ երթի մեկնարկը երիտասարդները հրապարակում այրեցին Թուրքիայի դրոշը և այդ կրակով վառեցին իրենց ջահերը:

«Մենք պահանջատեր ենք և մինչև վերջ պայքարելու ենք արդարության համար: Մենք մեր հայրենիքի բռնագրավված հատվածն ենք պահանջում»,- Ազատության հրապարակում իր ելույթում նշել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նա նաև նշել է, որ այսօր Թուրքիայի վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ՝ ցավակցելով հայ ժողովրդին, բայց ոչ միայն հայ ժողովրդին:

«Վախենալով ձեզանից, այսօր այլ քաղաքներում տեղի ունեցող նման երթերի մասնակից երիտասարդներից, փորձ է արել իբր խաբել մեզ և աշխարհին: Ոչ թե ներողություն է խնդրում, ընդամենը ցավակցում է, բայց ոչ թե իր պետության կողմից իրականացված ոճրի համար, այլ ինչ որ մահերի: Կարծես թե` երկրաշարժ է եղել, և մարդիկ են մահացել: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին նորոգում ենք մեր ուխտը, որ շարունակելու ենք մեր պայքարը: Մենք «Ո´չ» ենք ասում ժխտողական քաղաքականությանը եւ շարունակելու ենք պայքարը: Մեր պահանջն է՝ արդարություն, հատուցում, ճանաչում»,- ասել է Կիրո Մանոյանը:
Ելույթ է ունեցել նաեւ երթի կազմակերպիչներից մեկը՝ ՀՅԴ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչը։ Նա հրապարակել է բաց նամակ՝ ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Դրանով երիտասարդները պահանջում էին հետ կանչել Հայաստանի ստորագրությունը՝ հայ-թուրքական արձանագրություններից։
Երթի ընթացքում ՀՅԴ երիտասարդական միության անդամները ՀՀ նախագահի նստավայրի մոտ բաց նամակ են հանձնել նախագահի աշխատակազմի անդամին:
Ջահերով երթի մասնակիցները, հասնելով «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր, արտասանել են տերունական աղոթքը: Երթին մասնակցող հոգեւորականները Մեծ Եղեռնի 1.5 մլն զոհերի հիշատակին հոգեհանգստի արարողություն են կատարել։
Երիտասարդները խոնարհել են Ցեղասպանությունը ճանաչած երկրների պետական դրոշները եւ անմար կրակի շուրջ ծաղիկներ դրել:
Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ նախագահին ուղղված բաց նամակը.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Մեծարգո պարոն Նախագահ,
– Հաշվի առնելով, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին թուրքական պետության ժխտողական քաղաքականությունը շարունակավում է, իսկ հայ-թուրքական արձանագրությունների տակ դեռեւս առկա է Հայաստանի Հանրապետության ստորագրությունը,
– Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ թուրքական կողմը հրաժարվելէ առանց նախապայմանների խելամիտ ժամկետներում արձանագրությունները վավերացնելու պարտավորություններից, հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Թուրքիան պայմանավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութուն-Ադրբեջան հակամարտության կարգավորմամբ,
– Նկատի ունենալով «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին ՀՀ նախագահի՝ 2010 թվականի ապրիլի 22-ին հրամանագիրը,
– Հաշվի առնելով 2013 թվականի հունվարի 21-ին Ձեր այն հայտարարությունը, համաձայն որի, եթե Թուրքիան մոտ ժամանակներում չվավերացնի փաստաթղթերը, Հայաստանը կարող է վերանայել որոշումը, հանել Ազգային Ժողովի օրակարգից արձանագրությունները, հետ կանչել ստորագրությունը,
– Հիմք ընդունելով ՀՀ նախագահի՝ 2011 թվականի հունվարի 17-ին Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում արված հայտարարությունը. այն է` «Թուրքիայի հետ հարաբերությունները նույնիսկ փոքր քայլերով հարթելու մեր անկեղծ առաջարկով սկսված գործընթացն արագ խափանվեց: Իր հակասական կեցվածքով, իրարամերժ հայտարարություններով եւ գործընթացի անհիմն շահարկումներով Թուրքիան կործանեց այն: Թուրքիան հետ կանգնեց իր պարտավորություններից եւ ոչ միայն չվավերացրեց ստորագրված արձանագրությունները, այլեւ վերադարձավ գործընթացից առաջ որդեգրած իր հին դիրքերին»,
Պահանջում ենք` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, համայն հայության պահաջատիրական պայքարի շարունակականության, արդարության վերականգման, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանչման ու դատապարտման եւ ամբողջական փոխհատուցման աննկուն պայքարի, հետ կանչել Հայաստանի Հանրապետության ստորագրությունը 2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններից:
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
ՀՅԴ «ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Դրոշի այրելը Քեսաբի հարցով Թուրքիայի մեղսակցության պատասխանն է
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը այսօր Ազատության հրապարակում Թուրքիայի դրոշի այրումը «Առաջին լրատվական»-ին մեկնաբանեց այսկերպ. «Համարենք, որ այսօր դրոշի այրելը Քեսաբի հարցով Թուրքիայի մեղսակցության պատասխանն է: Եթե մենք ընդամենը մի դրոշ ենք այրում, ապա իրենք հազարավոր ժողովուրդ տեղահանելու պատճառ են հանդիսանում։ Կարծում եմ՝ համարժեքից շատ ցածր է դրոշ այրել:
Անդրադառնալով հայ-թուքարական արձանագրություններից Սերժ Սարգսյանի ստորագրությունը հետ վերցնելու իրենց պահանջին, Կիրո Մանոյանը նշեց, որ հայ-թուրքական արձանագրություններից հետո ավելի հետ ենք գնացել, քան մինչև ստորագրելը և այդ ամենում ինչ-որ տեղ պատասխանատվություն զգալով է, որ Էրդողանն այսօր նման հայտարարություն է արել:







