Հայոց ցեղասպանություն բառի բացթողումը վիրավորանք է Ավստրալիայի հայ համայնքի նկատմամբ

Չնայած երկրի առաջնորդ, Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթի Ցեղասպանություն բառի օգտագործումից խուսափելուն, դաշնային խորհրդի անդամ Ջո Հոկին Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է արել:

Այս մասին տեղեկացնում է Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի պաշտոնական կայքը:
g_image (1)

«Մենք այսօր հավաքվել ենք հարգելու Ցեղասպանության ժամանակ կոտորված 1.5 միլիոն հայերի հիշատակը: 1915թ. ցեղասպանությունը բառ գոյություն չուներ, սակայն Օսմանյան Թուրքիայում հայերի հետ տեղի ունեցածը այլ բառով բնութագրել չի կարելի: Հայկական բոլոր ընտանիքները, որոնք փախել են, նրանց էլ նույնպես վերաբերում է Հայոց ցեղասպանությունը: Ահա թե ինչու ես այցելեցի Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր, սա իմ հասարակական կյանքի ամենազգացմունքային փորձն էր»,-նշել է Հոկին:

«Այս հայտարարությունը պարզ վկայություն է առ այն, որ կան ընտրված իշխանության ներկայացուցիչներ, ովքեր ցանկանում են Ավստրալիայի բարոյական «կողմնացույցը նավարկել» ճիշտ ուղղությամբ: Ավստրալիան բարոյական պարտք ունի ճանաչել և դատապարտել մարդկության դեմ այս ծանրագույն հանցագործությունը:

Դժբախտաբար Ավստրալիայի կառավարությունը թույլ է տալիս, որպեսզի իր այսպես կոչված դաշնակից Թուրքիան իրեն շանտաժի ենթարկի և լռեցնի»,-նշել է Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը:

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը ամեն տարի միացել է հայ համայնքի կողմից անցկացվող Հայոց ցեղասպանության հիշատակման արարողություններին և հանդես է եկել համապատասխան հայտարարություններով: Այս տարի սակայն նա խուսափել է այս ամենից: Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը հատուկ նամակ է հղել Էբոթին` որտեղ իր վրդովմունք է հայտնել սույն փաստի կապակցությամբ:

Հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը նամակում մասնավորապես նշել է. «Այս հաղորդագրությունը վիրավորանք է արտահայտում հայ-ավստրալական համայնքի նկատմամբ Հայոց ցեղասպանության բառի բացթողման կապակցությամբ: Համայնքը իր հագանքի տուրքն է մատուցելու, ոչ թե, ինչպես Ձեր նամակում է նշված, «Հայկական հիշատակման 99-րդ տարելիցի», այլ՝ «Հայոց ցեղասպանության հիշատակման 99-րդ տարելիցի» կապակցությամբ:

panorama.am

Տպել Տպել