Մենք բոլորի նախագահ չենք ունենում
Սահմանադրական բարեփոխումների մասին է մեր հարցազրույցը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ:
-Ըստ էության, հիմնական վեճը հանգում է հետեւյալին՝ ընդունո՞ւմ ենք, թե՞ չենք ընդունում կառավարման համակարգի կարեւորությունը պետական, քաղաքական գործընթացներում։ Մենք համոզված ենք, որ համակարգն առանցքային նշանակություն ունի երկրում տեղի ունեցող գործընթացները ճիշտ հունով ուղղորդելու, ընդհանրապես մթնոլորտը առողջացնելու եւ իշխանությունների գործունեությունը ժողովրդին ավելի մերձեցնելու առումով։
Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են, թե համակարգը այնքան էլ էական չէ՝ ամեն ինչ կախված է միայն անձերից կամ իշխող կուսակցության քաղաքական կամքից. եթե իշխանության գա ամպոտ ոտքերով հրեշտականման մեկը կամ մաքրամաքուր կենսագրություն ունեցող մի քաղաքական ուժ, որը առաջնորդվում է բացառապես ալտրուիստական նկատառումներով՝ «նախ, ուրիշներին, հետո՝ ինձ», ապա ցանկացած համակարգի պայմաններում կարող ենք հասնել դրական արդյունքների։
Մենք այդ տարբերակը չենք բացառում։ Բայց մեր իրականությունը ցույց է տալիս, որ այդպիսի կատարյալ անձինք կամ քաղաքական ուժեր գոյություն չունեն։ Ուրեմն պետք է ելնել այդ մեկնակետից, եւ մեկընդմիշտ արձանագրել, որ անձի կամ քաղաքական ուժի բարի կամքի վրա հույս դնելը սխալ մոտեցում է։
-Ֆրանսիայում գործում է կիսանախագահական կառավարման մոդելը, բայց դա կարծես թե չի խանգարել, որ Ֆրանսիան զարգանա որպես ժողովրդավարական պետություն։
-Այո, բայց Ֆրանսիայում գործող կիսանախագահական համակարգը ժամանակի ընթացքում զգալի փոփոխությունների է ենթարկվել, հղկվել եւ կատարելագործվել են իշխանությունների հակակշռման եւ զսպման մեխանիզմները։ Ի վերջո, հենց ֆրանսիացի հանրահայտ փիլիսոփա Մոնտեսքյոն է առաջ քաշել իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Այսինքն՝ կառավարման լավագույն մեխանիզմները սահմանվում են համակարգերի միջոցով։
Ինչ վերաբերում է Հայաստանին, մեր վերլուծությունները, անկախությունից ի վեր կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նախագահական եւ կիսանախագահական համակարգերը ստեղծում են շատ լուրջ պրոբլեմներ։ Ավելին՝ մեր գնահատմամբ, հանգեցրել են այնպիսի վիճակի, որ իշխանությունները միշտ հակված են եղել այդ լծակները ծառայեցնելու առաջին հերթին իրենց եւ իրենց շրջապատի շահերին։
Մեր հիմնական խնդիրը՝ հարցերի հարցը, իշխանության գերկենտրոնացումն է, եւ դա պայմանավորված չէ անձերով՝ համակարգն է տալիս այդ հնարավորությունը։ Այդ գերկենտրոնացումը հանգել է նրան, որ այսօր ունենք իշխող կուսակցության եւ պետության նույնացում։ Հակակշռման եւ զսպման մեխանիզմների առավել արդյունավետ գործադրման համար անհրաժեշտ է ապակենտրոնացնել իշխանությունը, եւ սրանից է բխում խորհրդարանական համակարգի անցնելու մեր առաջարկը։
-Կիսանախագահական համակարգի պահպանման կողմնակիցները իրենց դիրքորոշումը հիմնավորում են նրանով, որ Հայաստանը փաստացի պատերազմի մեջ գտնվող երկիր է, որտեղ անձի գործոնը չափազանց կարեւոր է մարտահրավերներին օպերատիվորեն արձագանքելու առումով։
-Խորհրդարանական համակարգը դրան բացարձակապես չի խանգարում։ Պատերազմի մեջ գտնվող երկրներ կան, օրինակ, Իսրայելը, որ խորհրդրարանական համակարգ ունեն, եւ դրանից պատերազմը տանուլ չեն տվել, հակառակը, հաջողություններ են արձանագրել իրենց ազգային շահերը ե՛ւ դրսում, ե՛ւ ներսում առաջ տանելու տեսանկյունից։
Մենք՝ հայերս, «ինդիվիդուալիստներ» ենք, բայց երբեք չենք կարող գտնել մեկին, որը համատեղի, բավարարի բոլորի անձնական հավակնությունները, դառնա բոլորի նախագահը։ Այսինքն՝ հայը իր տեսակով ապակենտրոն է։
-Այո, բայց մեզանում քիչ չեն նաեւ «ուժեղ ձեռքի» կողմնակիցները։
-Ցավոք սրտի, ուժեղ ձեռքի մասին խոսողները, որպես կանոն, «դրսի ձեռքը» նկատի ունեն։ Պատմականորեն էլ այնպես է ստացվել, որ ասում են՝ մեկը գա դրսից, կարգուկանոն հաստատի։ Ոմանք նույնիսկ Ստալինին են հիշում, բայց երբեք չես լսի՝ մեր միջից մեկը գա, ամեն ինչ իր ձեռքը վերցնի։
Եթե հայ է, ուրեմն իմ նման մեկն է. եթե իրեն ինչ-որ բան կարելի է, ես ինչո՞վ եմ պակաս, ուրեմն ինձ էլ է կարելի. դժբախտաբար մեզանում ավելի շատ այդ տրամաբանությունն է գործում։ Միայն ապակենտրոն համակարգը կարող է ապահովել արդարություն բոլորի համար, ոչ թե արդարության աղավաղված ընկալումը, որ եթե իմ նկատմամբ անարդար չեն, ուրեմն երկրում արդարություն է տիրում։
Այդպես չէ՝ մեր իրականության մեջ անարդար չեն նրանց նկատմամբ, ովքեր պաշտպանված են իշխանությամբ. հենց որ համակարգից դուրս են գալիս, սկսում են բողոքել իրենց իսկ ստեղծած համակարգի բերած պտուղներից. սա է ամբողջ խնդիրը։ Մենք էլ ասում ենք՝ համակարգը փոխենք, որ ով էլ ղեկավարի, բոլորի համար լավ լինի։
-Չափից ավելի հաճախ չե՞նք փոխում Մայր օրենքը։
-Ես այդ կարծիքին չեմ՝ նախորդ փոփոխությունից 10 տարի է անցել, եւ ես այդ առումով, որեւէ խնդիր չեմ տեսնում։
Մյուս մոտեցումը՝ թե պահը չի հասունացել, նույնպես անհասկանալի է։ Եթե ընդունում ենք, որ համակարգը խանգարում է մեր առաջխաղացմանը՝ համակարգի փոփոխության կարիք կա, ուրեմն օր առաջ պետք է դա անել։ Ավելին՝ շատ կարեւոր է հենց հիմա դա անել՝ իշխանափոխության նախաշեմին, երբ պարզ է, որ երրորդ նախագահը չի կարող երրորդ անգամ առաջադրվել այդ պաշտոնում, եւ, այո, իշխանությունը փոխելու հնարավորություն կա։
Բայց իշխանության փոփոխությունն օգուտ կտա մի դեպքում՝ եթե փոխվի նաեւ կառավարման համակարգը։ Կարեւոր է, թե որն է որից առաջ՝ իշխանության փոփոխությունը պետք է հաջորդի համակարգի փոփոխությունը։ Սա՛ է ամբողջ խնդիրը։
Մեր ընդդիմախոսների մի մասը ասում է՝ այս իշխանությունների օրոք համակարգը երբեք չի փոխվի։ Հարց է առաջանում. նրանք, ովքեր ուզում են փոխել համակարգը, համաձա՞յն են կառավարման մոդելի փոփոխությանը։ Եթե համաձայն չեն, նշանակում է՝ մտքներին այն է, որ իրենք գան իշխանության եւ օգտվեն համակարգի ընձեռած «հնարավորություններից»։ Այսինքն՝ համակարգը իրենց լավ էլ ձեռ է տալիս, պարզապես ձեռ չի տալիս, որ իրենք չեն իշխանության մեջ։ Մեր ասածն ուրիշ է՝ ով էլ ղեկավարի, չպետք է կարողանա ի չարս գործադրել իշխանության լծակները, եւ քանի որ երկրի ղեկավարը, այսպես թե այնպես, փոխվելու է, եկեք հենց հիմա՝ մինչեւ իշխանության փոփոխությունը, լուծենք այդ հարցը։
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
armworld.am







